ԲԱՆՏԵՐԸ` ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ


 

Որքան էլ արդարադատության նախարարը պնդի, թե քրեակատարողական հիմնարկներում պետք չէ գնալ կտրուկ բարեփոխումների և հեղափոխությունների` մատնացույց անելով այլ երկրների տվյալ համակարգը, այնուհանդերձ ակնհայտ է, որ մեր բանտերում ու գաղութներում անօրինականությունն արդեն անցել է բոլոր սահմանները: Այստեղ լողանալու համար ամեն մի խուց պարտավոր է 1000 դրամ վճարել, գումարներ են շորթվում այլ ծառայությունների համար ևս: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս իր դիտարկումներն ունի.

- Լողանալու, ծանրոցներ փոխանցելու, խցից խուց տեղափոխվելու, որոշակի ներքին հարաբերությունների մեջ մենք գիտենք, որ կան խտրական դրսևորումներ և գիտենք, որ կան չկանոնակարգված, ադմինիստրացիայի հայեցողությանը թողնված խնդիրներ: Եվ քանի որ այնտեղ կա սողանցք` անել այսպես  կամ այնպես, կամ ըստ ադմինիստրացիայի ցանկության, այդտեղ էլ ծնվում են բոլոր կոռուպցիոն երևույթները:

Խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ շատերը մտահոգություններ հայտնեցին, որ շարունակվում են խորհրդային տարիներից հիմնավորված վատ ավանդույթները, որ մեր բանտերում և գաղութներում շարունակում են իշխող դիրք գրավել «արիստոկրատները», «խառոշիներն» ու «զոն նայողները»: Նրանցից շատերն օգտվում են տարբեր արտոնություններից, իրենք են իրականացնում «տեղական կառավարումը», իշխում ֆինանսական հոսքերը, երբեմն ինքնադատաստան տեսնում... Նրանց արտոնություններ տալու առթիվ մարդու իրավունքների պաշտպանն ասում է.

- Դրանց մասով նաև քրեական օրենքներ կան, և ադմինիստրացիան իր կոռուպցիոն օրենքները համադրում է նաև քրեական օրենքների հետ և այդ քրեական-կոռուպցիոն օրենքներով նոր մի կերպ տեղ է մնում մեր պետության օրենքներին:

Շատերին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ վաղաժամկետ պատժից ազատվելու համար արդեն սահմանված սակագներ կան, գումարներն էլ բաշխվում են բանտերի պետերի և համապատասխան շրջանների դատավորների միջև: Շատ հաճախ հենց գումարի բացակայության պատճառով էլ ժամանակին չեն վերանայվում շատերի գործերը: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ձև է անում, թե այս ամենի մասին ինքը ոչինչ չգիտի, թե բացարձակորեն անտեղյակ է: Զարմանալ կարելի է, որ ղեկավարելով ոլորտը` նախարարը տեղյակ չէ ոլորտի «օրենքների» մասին: