«Կործանումից փրկող» ապաստարանը փակվել է


 

Դեկտեմբերի 18-ից մինչև 22-ը կամ 23-ը կսահմանափակվի մուտքը դեպի Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ լեռնագագաթ: Տեղական իշխանությունների այդ որոշման նպատակն է կանխել խուճապահար հոսքն այն մարդկանց, ովքեր հավատում են, թե այդ օրերին վրա է հասնելու աշխարհի վերջը: Նրանք ձգտելու են պատսպարվել Բյուգարաշ լեռան ստորոտի նույնանուն գյուղում, որն ընդամենը 200 բնակիչ ունի:

- Մենք պատրաստվում ենք այն մարդկանց գալուստին, ովքեր հավատում են աշխարհի վերջին: Բայց նրանց թիվը շատ սահմանափակ է: Ավելի շատ մենք պատրաստվում ենք դատարկաբանների հոսքի, որոնց թիվը հնարավոր չէ կանխատեսել, ինչպես նաև` ԶԼՄ-ների բազմաքանակ ներկայացուցիչների,- ասել է քաղաքային համայնքի ղեկավար Կարկասոն Էրիկ Ֆրեյսելինարը:

Այդ օրերին բնակավայրում և լեռան շրջակայքում վերահսկողություն են իրականացնելու շուրջ 10 ոստիկան: Մտահոգությունը և´ եկվորների, և´ տեղաբնակների անվտանգության ապահովումն է:

Պիրենեյան Կորբյեր զանգվածի մի հատված Բյուգարաշ սարը` 1231 մետր բարձությամբ, համացանցի միջոցով հռչակվել է որպես հնարավոր ապաստարան` մոլորակի կործանման դեպքում (գրել է ՌԻԱ Նովոստին):

Այս վայրը նախկինում հայտնի է եղել որպես տարատեսակ ոգեհարցողների հավաքատեղի, այլմոլորակայինների հավանական հենարան: Ավելին, պնդողներ կային, թե դրա ստորգետնյա մասում դեպի այլ աշխարհ տանող դարպասներ կան:

Տարածված կարծիքի համաձայն` հատկապես այդ գագաթն է ներշնչել Ժյուլ Վեռնին` գրելու «Ճանապարհորդություն դեպի Երկրի կենտրոն» վեպը: