«ՕԳՈՒՏԸ» ՏՈԿՈ՞ՍԸ ԿՄՆԱ


Որքան էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանը վստահեցնի, թե ինչպես գարնանացանի, այնպես էլ աշնանացանի համար նույնպես 7,5 միլիարդ դրամ վարկային միջոց է հատկացվել, այսուհանդերձ, մարզերից ստացվող տեղեկությունները հակառակն են փաստում: Բազմաթիվ վարկառուներ հավաստիացնում են, որ տրամադրվող գումարների չափը կրճատվել է, ու իրենց փորձում են համոզել, թե աշնանացանի համար այդքան շատ գումար անհրաժեշտ չէ: Բացի այդ, գումարների բաշխման գործընթացը ոչ միայն չի ավարտվել, այլ առաջիկա շաբաթներին էլ է շարունակվելու: Մինչդեռ ձյունածածկ դաշտավայրերը մատնացույց անելով, հողագործները փաստում են, որ վարկն այլևս պետք չէ, քանի որ արդեն ոչինչ հնարավոր չէ անել, ու եթե նույնիսկ գումարը վերցնեն, ապա իրենց «օգուտը» վճարվելիք տոկոսներն են մնալու: