Արժեքների ու սկզբունքների անհստակության վտանգը


Նախորդ շաբաթվա վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն ընդունեցին Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դա համարեց Եվրասիական միության ստեղծման առաջին քայլ: Այդ միության ստեղծումն այսօր ընդամենը խոսակցությունների մակարդակում է, բայց Հայաստանի` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շտապեց օր առաջ հայտարարել այդ միությանը Հայաստանի անդամակցութ յան անհրաժեշտության մասին: Ընդորում, նա միակն էր Հայաստանի քաղաքական դեմքերի մեջ, որ հիշյալ հռչակագրի ստորագրման առնչությամբ հարկ համարեց վերաբերմունք բարձրաձայնել` գուցե դրա համար ինչ-ինչ դրդապատճառներ ունենալով: Օրինակ, ըստ երևույթին, ՆԺ նախագահն ակնկալում է իր ղեկավարած կուսակցության և անձամբ իր հանդեպ Մոսկվայի բարեհաճությունը: Ինչևէ: Իսկ «Ավանգարդը» հռչակագրի, Եվրասիական միության հնարավոր ստեղծման, մեր երկրի վրա դրա ազդեցության, նաև դրանից եկող հնարավոր վտանգների մասին զրուցեց քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: - Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ խոսակցությունները դեռևս 90-ականներից են սկսվել: Ինչո՞վ կարելի է բացատրել խնդրո առարկա հռչակագրի ստորագրումը: - ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց հետխորհրդային երկրներն առավել հստակ գիտակցեցին, որ առաջարկվող ինտեգրացիան եվրոպական կառույցներին, Եվրամիությանը գոնե այսօր իրականանալի չէ ոչ մեկի համար, որովհետև դրան խոչընդոտող լրջագույն խնդիրներ կան: Հասնել այն ստանդարտներին, որոնք թույլ կտան այս երկրներին ինտեգրվել Եվրամիությանը` հնարավոր չէ: Դա չի լինում քաղաքական կամքի բացակայության, օբյեկտիվ հազար ու մի պատճառների առկայության դեպքում: Եվ այս պետությունները լուրջ խնդիրների առջև են հայտնվել: ժամանակը չի սպասում, բայց տնտեսական և քաղաքական ընդհանուր զարգացման համար հնարավորություններ գրեթե չկան: Ես բնական եմ համարում, որ Ռուսաստանը փորձում է Եվրամիությանն ինչ-որ այլընտրանքային տարածք ստեղծել: 20 տարի անցավ` մինչև կարողացան ընդհանուր համաձայնության հասնել, որպեսզի Ռուսաստանն անդամակցի միջազգային առևտրային կազմակերպությանը: Ռուսաստանում և հետխորհրդային որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու ջանքերն արդյունք չեն տալիս, բացի Մերձբալթյան պետություններից: Ո´չ Բելառուսում, ո´չ Ուկրաինայում, ո´չ Ղազախստանում: Ավտորիտար համակարգերը և օլիգարխիկաց ված տնտեսությունը նորմա են դարձել այս երկրներում: Եվ գուցե դա է պատճառը, որ արդեն նրանցից շատերը, հենց Ղազախստանը, Բելառուսը ձգտում են նման մի տարածություն ստեղծել, որովհետև երևի հույսները կորցրել են, որ կարող են Եվրոպայի մաս դառնալ: Ժամանակին անգամ Վանկուվերից մինչև Վլադիվաստոկ միասնական պաշտպանական համակարգ ստեղծելու գաղափարներ էին առաջ քաշում: Այսինքն, Արևմտյան աշխարհի մաս լինելու գաղափարները միշտ գոյություն ունեցել են այս տարածքում: Բայց իրականությունը ցույց է տվել, որ այդ ուղղությամբ ոչինչ չի ստացվում: - Վերջ ի վերջո, Արևմտյան աշխարհի մաս լինելու համար ոչ միայն տնտեսական համապատասխան մակարդակ, այլ նաև արժեքային և քաղաքական համապատասխան համակարգ պետք է ունենալ: - Հիմնական խնդիրը քաղաքականն է: Հենց քաղաքական բարեփոխումներն են, որ որևէ կերպ առաջ չեն գնում այս տարածքում: Եթե լինեին քաղաքական բարեփոխումները, տնտեսական արևմտյան ստանդարտներն, ինչ-որ կերպ կարող էին այստեղ գործել: Բայց քաղաքական բարեփոխումները գոյություն չունեն: Դրան գումարվում են նաև Ռուսաստանի նեոկայսերապաշտական հավակնությունները` նորից հաստատվել, նորից աշխարհում որոշիչ դեր ունենալ: ԽՍՀՄ հետ կապված հիշողությունը միշտ գոյություն ունի: Այսինքն, իրավական գիտակցությունը շատ դժվարությամբ է արմատավորվում Ռուսաստանում, ինչն ազդում է մնացած բոլոր երկրների վրա: Առանց Ռուսաստանում քաղաքական բարեփոխում ների` գործնականում դրանք անհնար են հետխորհրդային մյուս երկրներում: Մենք տեսանք Վրաստանի վիճակը: Այդ երկիրը փորձել է հեռանալ Ռուսաստանից, փորձել է անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը և այլն… տեսանք, թե ինչ կատարվեց այդ երկրի հետ: Կարծում եմ` շատ երկրներ ձգտում են Ռուսաստանի հետ միասին փորձել այստեղ մի ուրիշ տարածք ստեղծել, ասենք` Եվրամիության պես, այսպես ասած, «Եվրամիություն-2»: Այն, ինչ այսօր ստորագրվել է, իհարկե, նախնական է` ազատ տնտեսական գոտի, Եվրասիական հանձնաժողով, կարծես` ինչ-որ կառավարության մասին էլ են խոսում: - Նույնիսկ Եվրասիական միության նախագահի մասին էլ էին խոսում: - Այդ ամենը դեռ խոսակցություններ են, իհարկե: Ասում են, որ այդ երկրներում օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, բայց թե կոնկրետ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը` հստակ չէ: Ընդհանրապես ոչինչ դեռ պարզ չի: Որովհետև մենք ունենք ԱՊՀ-ի փորձը: Այն պայմանագրային հստակ պայմանավորվածություններով կազմակերպություն է, բայց իրականում, ինչպես իրենք են ասում` ընդամենն ակումբ է: Ես կարծում եմ, որ Եվրամիության կայացվածության հիմքում առանձին երկրների հաջողություններն են: Եթե երկրները և´ տնտեսական, և´ քաղաքական առումով ստանդարտիզացված չեն, ինչպե՞ս կարելի է ասել, թե պետական ինչպիսի ստանդարտներ ստեղծել: Օրինակ, միթե կարող եք ստանդարտ ստեղծել, թե ավտորիտարիզմը նորմալ երևույթ է, և այս տարածքը պետք է ավտորիտար լինի: Անհասկանալի է, թե արժեքները որոնք են: Եվրամիությունում եղել են արժեքներ, այդ սկզբունքների հիման վրա ստեղծվել են ստանդարտներ: Իսկ այստեղ ի՞նչ արժեքների, ի՞նչ ստանդարտների մասին կարող է խոսք լինել: - Իսկ ի՞նչ վտանգներ կարող են լինել մեզ համար, եթե Ռուսաստանը ցանկանա այդ նոր ստեղծվող` Եվրասիական միության մեջ ներքաշել նաև Հայաստանին: Չէ՞ որ Ռուսաստանը շահեր ունի մեր տարածաշրջանում: - Ռուսաստանը նույնիսկ Բուլղարիային է ցանկանում ներքաշել, ինչ մնաց` Հայաստանին: Իսկ վտանգը հենց այն է, որ անհասկանալի է համագործակցության համար առաջարկվող ստանդարտը: Ամեն ինչ մշուշոտ է: Հայաստանը ձգտում է անդամակցել Եվրամիությանը, որովհետև այնտեղ ստանդարտները հստակ են: Իսկ այստեղ ոչինչ պարզ չէ, և հենց սա է վտանգը: - Հաշվի առնելով Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները, արդյո՞ք հնարավոր է, որ այդ երկիրը հետ գնա դեպի այն տարիները, երբ կազմավորվում էր ԽՍՀՄ-ը... - Պատմությունը երբեք չի կրկնվում: Հիմա ուրիշ ժամանակներ են: Ազդեցության մասին կարող ենք խոսել. այսինքն, Ռուսաստանը կարող է ստեղծել ազդեցության նոր լծակներ ինչ-որ տարածքում: Դա կարող է լինել: Բայց մտածել, թե մարդիկ կարող են նորից միանալ ինչ-որ մի պետության մեջ… Չեմ կարծում, թե Ռուսաստանն ինքն էլ է մտածում կրկնել ինչ-որ երևույթ, որն ինքնին փլուզվել էր, անհնար է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ