Օլիգարխների պարարտացում. հիմա էլ` հանքերի միջոցով


Կառավարությունը թույլ է տվել շահագործել Հրազդանի երկաթահանքը: Լուրը, սակայն, այնքան էլ ուրախացնող չէ: Ավելին, այն հարուցել է իրենց կենսական և բնապահպա նական խնդիրներով անհանգստացած ու սեփական իրավունքների պահպանման դիրքերում կանգնած հրազդանցիների զայրույթը: Բողոքի տարբեր ակցիաներով բնապահպանա կան ու հասարակական կազմակերպությունները փորձում են պայքարել չինական Fortune Oil ընկերության` Հայաստանում երկաթի հանքաքար մշակելու նախաձեռնության դեմ: 2011-ի մարտից կազմավորված հանքի շահագործման դեմ պայքարող նախաձեռնության խումբը նշում է հանքավայրի շահագործումից առաջացող բնապահպանական հնարավոր մի շարք խնդիրներ: Ծանր մետաղական գոյացությունները նախ և առաջ որակական փոխոխությունների են ենթարկում լեռան ստորոտից իջնող խմելու ջուրը, որից օգտվում են ոչ միայն Հրազդանի, այլև Աբովյանի, Ծաղկաձորի ու Երևանի բնակիչները: Աղտոտվում են ոչ միայն մթնոլորտը, հողն ու խմելու ջուրը, այլև լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակն ու Հրազդան գետի ջուրը, որով ոռոգվում են Երևանին կից ու Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները: _ Շատ ավելի մեծ է վնասը, քան ենթադրվող օգուտը: Ավելին` հանքը բաց եղանակով է օգտագործվելու, ինչը նշանակում է, որ առաջացած վնասը մի քանի անգամ ավելի մեծ է լինելու: Այն չի հորատվելու, ուղղակի մակերեսից պայթեցնելու են,-նշում է Հրազդանի բնակիչ, ՀԱԿ-ի Հրազդանի գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը և ավելացնում, որ հանքավայրը փակ շահագործելու դեպքում վնասը համեմատաբար քիչ է և այն նվազեցնելու կամ կառավարելու հավանականությունն էլ համեմատաբար մեծ: Դեռևս խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ հանքավայրը հարուստ է բարձրորակ երկաթի պաշարներով: Սակայն բնակավայրերին մոտ գտնվելու պատճառով այն շահագործման չի հանձնվել: Հետագայում այդ տարածքում նոր թաղամասեր են կառուցվել, որոնք 1,5-2,5 կմ հեռավորության վրա են գտնվում հանքավայրից: Մ. Մեսրոպյանը ընդգծում է, որ հանքի շահագործումը անօրինական է: - Տեղի չեն ունեցել հասարակական լսումներ, հանքավայրին կից հողատարածքների սեփականատերերից որևէ մեկի հետ համաձայնության չեն եկել, իրավական ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրել,- հավաստիացնում է նա: - Իրենք դեռևս հին` 2007 թվականի նախագծով են աշխատում, 3 անգամ հասարակական լսումներ պիտի կատարեին, բայց չեն արել: Երբ քաղաքապետին այդ մասին հայտնեցինք, նա ասաց, թե նոր նախագիծ է մշակվում, ու հասարակական լսումներն էլ այդ ժամանակ են լինելու,-տեղեկացրեց Հրազդանի Օրհուսի կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը: Չինական կազմակերպության խոստացած 500 աշխատատեղերն էլ հավանական չեն հրազդանցիների համար: Նրանք վստահ են, որ 50-100 մարդ հազիվ աշխատանքով ապահովվի, այն էլ` սևագործ բանվորի կարգավիճակով: Էկոլոգիական խնդիրներից զատ` երկաթահանքի շահագործումը նաև խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը: Ծաղկաձորի, Հանքավանի, Աղվերանի առողջարանային ու հանգստի գոտիները հանքավայրից մի քանի կմ է բաժանում: Ու դժվար է պատկերացնել` իրեն հարգող ու իր առողջությունը գնահատող զբոսաշրջիկը երկաթահանքի շահագործումից հետո այլևս ցանկություն կհայտնի՞ Հայաստանի գեղատեսիլ բնության գրկում բուժվել ու այդ բնությամբ հիանալ: Ընդդեմ հանքի շահագործման` Հրազդանում արդեն բողոքի մի քանի ակցիաներ են կազմակերպվել, հաղորդագրություն են տարածել լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով: Սակայն շահագործման նախապատրաստական աշխատանքները չեն դադարեցվում: Ակցիայի կազմակերպիչները վստահեցնում են, որ իրենց գործողությունները շարունա կական բնույթ են կրելու ու պայքարելու են մինչև վերջ: Գուցե Թռչկանի հաղթանակը ոգևորի ու ոտքի կանգնեն ոչ միայն հրազդանցիները` այլև օլիգարխների պարարտացումը չհանդուրժող այլ քաղաքացիներ:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ