ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ԵՐԿՈՒ ԶՈՀ


Երկու օրվա ընթացքում` նոյեմբերի 19-ին և 20-ին, Արցախում, զինվորական պարտականությունները կատարելիս, զոհվել են 1992 թվականին ծնված, պարտադիր զինվորական ծառայություն անցնող Արեն Սիմոնյանը և Միհրան Մարգարյանը: Երկու օր, և երկու երիտասարդ կյանք զոհաբերվեց մեր սահմանների պաշտպանությանը: Հազիվ թե գտնվեն մխիթարության բառեր, հազիվ թե մարդկային լեզուն ի զորու լինի սփոփել որդեկորույս ծնողների վիշտը, հազիվ թե հնարավոր լինի նրանց երիտասարդ կյանքերը հատուցել ինչ-որ բանով... Արեն Սիմոնյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մեդալով, ու մեդալը կհանձնվի զոհված զինվորի ծնողներին: Տարիներ անց նրանք գուցե հպարտությամբ ցույց տան ծանոթներին և հարազատներին ստացված մեդալը, իրենց փղձկոցը մի կերպ պահելով` ասեն, որ իրենց որդին հայրենիքի սահմաններն է պաշտպանել, ամեն ինչ արել է, որպեսզի ոսոխը չկարողանա թափանցել ազատագրված մեր հողերը… Կասեն, կհիշեն… Իսկ այսօր ցավն է պատել բոլորիս, որովհետև զոհված զինվորների մեջ մենք մեր որդիներին ենք տեսնում, նրանց ծնողների հետ` մերն ենք համարում նաև նրանց վիշտը, ցավը… Ու չենք կարողանում թաքցնել մեր արցունքները… Զգացականը խեղդում է բոլորիս, բայց զգացականից զատ` կա նաև քաղաքական խնդիրը, կա բարոյականը, որն այս դեպքում վերաբերում է աշխարհին, բոլոր նրանց, ովքեր արդեն երկու տասնամյակ ստանձնել են ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու ոչինչ չեն անում` վերջնականապես այս ցավատանջ հողում խաղաղություն հաստատելու, ադրբեջանական հրոսակներին դասեր տալու համար: Հրադադարի փաստն արձանագրվել է տարբեր միջազգային ատյաններում, այն ճանաչվել է միջնորդ երկրների կողմից: Ստատուս-քվոն ևս միջազգային ճանաչման է արժանացել: Հրադադարը միջազգային նորմ է, որը պետք է հարգել, որի համար պետք է պատասխանատվություն կրել: Սակայն թե´ Եվրախորհուրդը, որի անդամ է նաև Ադրբեջանը, թե´ ՄԱԿ-ը, որի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձավ այդ երկիրը` չեն կամենում կատարել իրենց պարտականությունները, կարծես չեն ուզում պատասխանատվության կանչել մի երկրի, որը բազմաթիվ անգամներ խախտում է հրադադարը, մերժում է խաղաղ կարգավորման բոլոր գործընթացները: Թվում էր, որ երկու սպանությունից հետո Մինսկի խումբը, համանախագահող երկրների առաջնորդները պիտի հանդես գային հայտարարությամբ, դատապարտեին ադրբեջանական ռազմամոլությունը: Սակայն որևէ հայտարարություն, դատապարտման որևէ խոսք չհնչեց: Միայն տարածվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի հայտարարությունը, որում մասնավորաբար ասվում է. - Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք: Այստեղ չափից ավելի լավատեսական է հնչում միջազգային ջանքերի հիշատակումը, որովհետև, ինչպես ցույց է տալիս իրականությունը, միջազգային ջանքերն առայժմ երևութական են, խիստ ձևական: Տարբեր միջազգային կառույցներ բավարարվում են կցկտուր խոսքերով, իսկ ոմանք էլ ուշաթափ են լինում ադրբեջանական նավթային դոլարների «բույրից»… Եթե այդպես չլիներ, ապա հազիվ թե Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնար: Այդ պետության ղեկավարի առջև, որին արևելյան բռնապետ են կոչում շատերը, դռներ չէին բացվի, ԱՄՆ-ի կառավարիչները ջանքեր չէին գործադրի` նրան սիրաշահելու համար… Ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ պետք չէ բարոյականություն փնտրել, բայց դա չի նշանակում, որ անբարոյականները պետք է զբաղվեն քաղաքականությամբ… Չմանրամասնենք մեր այս միտքը, հասցեներ չփնտրենք. ամեն ինչ պարզ է ու հստակ, ամեն ինչ արդեն ասված է: Պարզապես մեկ անգամ ևս հիշեցնենք աշխարհը կառավարող ուժերին, Մինսկի խմբի համանախագահներին, որ ձևականորեն Հայաստան ու Ադրբեջան կատարած այցերը, հյուրասիրություններով արբենալն այլևս մեզ պետք չէ: Մենք վճռական մոտեցումներ ենք պահանջում: ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պետք է պահանջի այդ կառույցից` անհապաղ նիստ գումարել և քննարկել Ադրբեջանի պահվածքը: Մենք պահանջում ենք, որպեսզի հայկական պատվիրակությունը ստիպի Մինսկի խմբի անդամ երկրներին` քննարկել Ադրբեջանին այդ կառույցում ձայնից զրկելու հարցը: Միայն մեր վճռականությունը, մեր դիվանագիտական և պառլամենտական ճշգրիտ քայլերը կարող են արթնացնել նիրհ մտած աշխարհին և հասկացնել, որ այլևս անհանդուրժելի է Ադրբեջանի պահվածքը, անհանդուրժելի է, որ այդ պետությունը արհամարհում է տարբեր միջազգային կառույցների առջև ստանձնած իր պարտավորությունները…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ