ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ. հպարտությունն է ընդհանուր


Ծառայության սահուն ընթացքը, բանակային կյանքին հնարավորինս արագ հարմարվելու, բարեխիղճ զինվոր դառնալու կարողություններն ի թիվս այլ գործոնների մեծապես պայմանավորված են պաշտպանական կառույցի հանդեպ զորակոչիկների վստահությամբ: Սակայն այն մեզանում երբեմն անզգուշությամբ, հաճախ էլ միտումնավոր խարխլվում է: Երբեմն զորակոչվող պատանին բանակի մասին իր պատկերացումները կազմում է արդեն ծառայությունն ավարտած ավագ ընկերների պատմությունների հիման վրա: Իսկ դրանք շատ դեպքերում «համեմված» են չափազանցություններով: Յուրաքանչյուր ոք իր կարծիքը ձևավորում և ներկայացնում է սեփական ընկալումների շրջանակներում, յուրովի: Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած անզգույշ բառ կարող է անվստահություն սերմանել, ինչի հնարավոր դառը հետևանքները բոլորին են հայտնի: Իրենց բանակային կյանքի մասին պատմող ՀՀ ԶՈւ տարբեր տարիների իրենց ծառայությունն անցկացրած մեր հայրենակիցների կարծիքներն ու տեսակետները տարբեր են, հպարտությունն է ընդհանուր: Այն հպարտությունը, որ ապրում են հայրենիքի նկատմամբ բարեխղճորեն և գիտակցաբար իրենց պարտքը կատարած երիտասարդները: Սերյոժա ՊՈՂՈՍՅԱՆ. 2010 թ. զորացրված - Առաջին հերթին կցանկանայի խոսել ծառայության դերի և անհրաժեշտության մասին: Ես ինքս անձամբ համոզվել եմ, որ յուրաքանչյուր տղա պետք է ծառայի, քանի որ այստեղ կոփվում ես թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես` դառնալով ավելի հասուն, սկզբունքային: Ձեռք ես բերում բոլոր փորձություններին դիմակայելու, չհուսահատվելու, դժվարություններից չվախենալու և ամենակարևորն ու ամենադժվարը զինվորի համար` կարոտի դեմ պայքարելու կարողություն: Ծառայությունս անցել է բնական հունով` զորամասի առողջ մթնոլորտում, առանց լարվածության: Չնայած բացառություններ կային, բայց սպա-զինվոր փոխհարաբերությունները, հրամանատարների վերաբեմունքն ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում: Մեր զորամասի հրամանատարը հաճախ էր զրուցում զինվորների հետ, հատկապես զորավարժություններից առաջ, ինչը նպաստում էր մարտական ոգու ամրապնդմանը: Անձամբ հրաժեշտ էր տալիս յուրաքանչյուր զորացրվողի: Հպարտ եմ, որ կարողացել եմ բարեխճորեն կատարել պարտքս հայրենիքի նկատմամբ: Ծառայությանը գիտակցաբար եմ վերաբերվել, հրամանատարության կողմից բազմիցս արժանացել եմ խրախուսանքի` պատվոգրեր, շնորհակալական նամակներ` ծնողներիս և դպրոցիս, պարգևատրվել եմ նաև «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Սարգիս ՄՈՒՍԻՆՅԱՆ. 2005 թ. զորացրված - Սիրով եմ հիշում ծառայությանս տարիները: Գերազանց արդյունքներով ավարտել եմ ծառայությունս ուսումնական զորամասում, ստացել սերժանտի կոչում և տեղափոխվել զորքեր: Եղել եմ ջոկի, դասակի հրամանատարի տեղակալ, ապա ավագ սերժանտի կոչում ստանալով` դարձել եմ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար: Բազմաթիվ խրախուսանքների եմ արժանացել, որոնց ստվերի տակ երբեմն չեն նկատել փոքրիկ թերացումներս: Համոզված եմ` բանակում է, որ տղան դառնում է իսկական ինքնավստահ տղամարդ: Մեր բանակը ժամանակի դաստիարակությունն է ստացել, և շատ բան է փոխվել` իմ ծառայության տարիների հետ համեմատած: Խոսքս վերաբերում է հատկապես կանոնադրային հարաբերություններին: Մեծ ձեռքբերում եմ համարում պայմանագրային զինծառայության հնարավորությունը, քանի որ մեր սահմանները պաշտպանում են հմուտ, փորձված մարտիկներ: Մեզ անհրաժեշտ են գիտակից զինվորներ, որոնց հասու է բանակ հասկացությունը: Գարիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ. 2007 թ. զորացրված - Քանի որ այսօր մեր հասարակությունը տառապում է բազմաթիվ ախտերով, բացասական երևույթներով, բնականաբար այդ ամենը նույնությամբ արտահայտվում է նաև բանակում: Այստեղ մենք տեսնում ենք խտացված պատկերը, այդ պատճառով ավելի ցավագին ենք ընդունում: Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ ծառայությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր տղայի համար: Այդ 2 տարիների ընթացքում տեղի է ունենում անձի կայացում: Ծառայությունը կյանքի մի փուլ է, որը դաստիարակչական մեծ նշանակություն ունի: Այդ ընթացքում ունեցել եմ թե´ վատ, թե´ լավ օրեր, կարողացել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօր շատ բան է փոխվել բանակում, բայց բացեր դեռ կան: Օրինակ, զինվորը ոչ մի դեպքում չպետք է հավաքարար լինի: Մեզ անհրաժեշտ են կիրթ, խելացի զինվորներ, քանի որ նոր զինտեխնիկան պահանջում է մտավոր ունակություններ: Մեր բանակին պետք են ոչ թե «հեղինակություններ», այլ կիրթ մարդիկ: Իհարկե, կան պարկեշտ, առաքինի սպաներ, սակայն, ցավոք, նրանք այնքան ազդեցիկ չեն: Նարեկ ՊՈՂՈՍՅԱՆ. 2008 թ. զորացրված - Ծառայության անցնելով Զինված ուժերում` վաշտի հրամանատարի հրահանգով ծանոթացել եմ տանկի սպառազինությանը, զորակազմին, արագաձգությանը: Յուրացնելով անվտանգության կանոնները` մասնակցել եմ ուսումնական կրակային վարժանքներին: Ապա ստացել եմ նշանառու-օպերատորի մասնագիտություն: Լինելով բարեխիղճ զինվոր` խրախուսվել եմ հրամանատարության կողմից: Պատշաճ կերպով կատարելով առաջադրանքներս` վայելել եմ հրամանատարներիս հարգանքը: Տղամարդու կայացման հարցում անգնահատելի է ծառայության դերը: Ֆիզիկապես կոփվելով, զարգացնելով նաև մտավոր ունակություններս` ես ինքս իմ մեջ մեծ փոփոխություններ եմ բացահայտել: Ձեռք եմ բերել պատասխանատվության մեծ զգացում և կյանքի փորձություններին դիմակայելու կարողություն: Հպարտ եմ, որ պատվով եմ ծառայել: Եվ այսօր էլ, եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ եմ համալրել Զինված ուժերի շարքերը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ