Շփոթեցնողն էլեկտրիկ- տնօրենն է եղել


ԶՐՈՒՅՑ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՀԵՏ` ՓՈՔՐ-ԻՆՉ «ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ» ՀՆՉԵՐԱՆԳՈՎ Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անդրադառնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև իբր ծագած վեճին, մեր ժամանակների ճանաչված բեմադրիչներից մեկին համարում նախարարի կողմից հալածված, թիրախ դարձած: Անտարբեր չլինելով Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործության ու անձի հանդեպ, նրան համարելով մեր թերթի լավագույն բարեկամներից մեկը` փորձեցինք մանրամասներ իմանալ նրանից` այսպես մեկ անգամ ևս հավատարիմ մնալով այն համոզմունքին, որ արվեստագետներին պետք չէ ներքաշել տարբեր խաղերի մեջ` լուծելու համար մի շարք շահադիտական հարցեր: Ավելին, Նիկոլայ Ծատուրյանի բացատրությամբ նաև կամենում ենք այն միտքը հաստատել, որ վաղուց արդեն իշխանությունների որոշ ներկայացուցիչների մոտ ձևավորվել է բարի վերաբերմունք արվեստագետների հանդեպ, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում այնքան ցանկալի երկխոսությունը: - Ասեմ, որ արդեն հայտնի համարվող իմ ասուլիսից հետո, երբ թերթերից մեկը գրել էր, թե Հասմիկ Պողոսյանի նոր թիրախն էլ ես եմ դարձել, ինձ անձամբ զանգահարել է մշակույթի նախարարը, և մենք զրուցել ենք ասուլիսի սխալ մեկնաբանման շուրջ: Դրանից հետո բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները: Լրագրողների հետախոսազանգերին չեմ պատասխանել, որովհետև ասուլիսից երկու օր առաջ Վանաձորում թատերական ինքնագործունեության փառատոնի ժամանակ կորցրել եմ հեռախոսս: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և իմ միջև շատ վաղուց գոյություն ունեն ամենաջերմ հարաբերությունները, մենք հին ու լավ ընկերներ ենք, հետևաբար նա երբևէ չէր կարող ինձ հալածել, ճնշումներ գործադրել իմ նկատմամբ: Հասմիկ Պողոսյանն ինձ առաջարկել է բեմադրություն իրականացնել Սունդուկյանի անվան թատրոնում, մասնակցել տարբեր թատերական նախագծերի: Հիմա էլ, չնայած որոշ թերթերի բարձրացրած աղմուկի, մենք շարունակում ենք լավ բարեկամներ մնալ: Թերթերից մեկում տպագրված հարցազրույցն էլ անիրազեկության հետեվանք է: Լրագրողը գուցե մեղք չունի, որ էլեկտրիկն իրեն շփոթության մեջ է գցել, բայց միայն էլեկտրիկով առաջնորդվելը սխալ է: Նախ, ասեմ, որ Էդիկ Պողոսյանը չէր կարող աշխատած լինել Արմեն Գուլակյանի գեղարվեստական ղեկավարությամբ, որովհետև մեր ականավոր բեմադրիչը երբեք Գյումրու թատրոնը չի ղեկավարել, միայն 1957-ին այս թատրոնում բեմադրել է իր «Օրեր, մարդիկ անմոռաց» պիեսը: Էդիկ Պողոսյանն այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան պատանի էր… Նա ասել է, թե ես Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար եմ նշանակվել 2003-ին: Ոչ, սխալվում է հարգարժան էլեկտրիկը. ես գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել եմ 2004 թվականի օգոստոսի 10-ին: Այո´, մեկնել եմ ԱՄՆ, որովհետև իմ նշանակումն անսպասելի էր, իսկ ԱՄՆ մեկնելու հրավերը ստացել էի վաղուց: Այնտեղ մնացել եմ մեկ ամիս ընդամենը, ոչ թե 7-8 ամիս: Էլեկտրիկը նշում է, թե ընդամենը երեք բեմադրություն եմ արել մինչև օրս. դե, ընդամենը չորրորդ դասարանի կրթություն ունեցող մարդը երևի մինչև երեքը հաշվելն է սովորել: Ես բեմադրել եմ «Հրեշը լուսնի վրա», «Բումերանգ», «Փուղի զորութիւնը», «Ավգյան ախոռներ», «Ինչպես կինը փախավ տանից», «Գավառական անեկդոտներ» պիեսները: Ղեկավարել եմ «Չար ոգի», «Ժայռ», «Մանչուկն ու Կարլսոնը», «Հեյ, ջան, Շաշաստան», այլ բեմադրություններ: Վահագն Հովնանյանից 25 հազար դոլարն էլ ստացվել է իմ ջանքերով ու խնդրանքով: Հիմնադրամ ես և Լևոն Մութաֆյանը չենք ստեղծել. «Գյումրու թատերական հիմնադրամի» ստեղծման պատմությունը կապակցվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվանը, ես նշանակվել եմ հիմնադրամի գործադիր տնօրեն, Լևոն Մութաֆյանը` փոխտնօրեն: «Մհեր Մկրտչյան» դահլիճը ես էի հղացել, սակայն հիմնադրամի գումարներով այն չէր կարելի կառուցել, որովհետև հիմնադրամի կանոնադրությունը դա չէր թույլատրում: Մենք ողջ գումարը վերադարձրել ենք Վահագն Հովնանյանին` նրա խնդրանքով, որովհետև կամենալով ծախսել իրեն չպատկանող գումարները, էլեկտրիկ-տնօրենն անընդհատ հարցազրույցներ էր տալիս, ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություններ տրամադրում: Այդ գումարից նվիրատուի` Վահագն Հովնանյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ, 600 հազար դրամ է ներդրվել «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը» գրքի առաջին հատորի տպագրության համար, իսկ մնացած գումարները տրամադրվել են ՀՀ մշակույթի նախարարության կողմից` որպես պետական պատվերով տպագրվող գիրք: Բայց ահա Էդիկ Պողոսյանը 2006 թվականին, 65 տարին լրանալու առթիվ, ազատվել է տնօրենի պաշտոնից, սակայն տնօրեն է նշանակել տվել իր քարտուղարուհի Կարինե Աղաբեկյանին, ով շարունակում էր քարտուղարուհու պարտականություններ կատարել, իսկ Պողոսյանը զբաղեցնում էր տնօրենի առանձնասենյակը: Անգամ երբեմն հրամաններ էր ստորագրում: Այսպես, էլեկտրիկը, ով վաղուց տնօրեն չէր, հրաման էր ստորագրել «Չար ոգի» պիեսի դերաբաշխման մասին… Ամփոփեմ. պետք չէ կոնֆլիկտներ որոնել այնտեղ, որտեղ դրանք չկան …: