1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Շինոլորտը շարունակում է խանգարել` տնտեսական աճը փոքր¬ինչ տպավորիչ թվերով արտահայտելուն: Այս տարվա բյուջեն ծրագրելիս կառավարությունն ակնկալում էր, որ տնտեսության այս ճյուղը կաճի 2 տոկոսով, բայց հիմա արդեն 4 տոկոսի անկման մասին է խոսվում: Նշվում է, որ եթե համայնքների միջոցների հաշվին պետբյուջեի իրականացված ծրագրերը չլինեին, ապա պատկերը շատ ավելի անմխիթար կլիներ: Անկախ ամենից, նշված ոլորտում տեղի ունեցող զարգացումները, իսկ ավելի ճիշտ` զարգացումների կտրուկ դանդաղումը չի կարող տնտեսության ընդհանուր վիճակը բնորոշել: Գործադիրն էլ տարեցտարի ավելի ու ավելի է հույսը կտրում շինոլորտից` առաջնահերթությունը տնտեսության բոլորովին այլ ուղղությունների տալով: Տարիներ առաջ թափ առած շինարարական բումի ու դրան հաջորդած անխուսափելի վակուումի մասին իհարկե շատ է խոսվել: Բնակարանային շուկան ավելի քան հագեցած է, իսկ պետական ծրագրերով կազմակերպվող շինաշխատանքներն առանձնապես եղանակ չեն ստեղծում հազիվ թե նպաստեն տնտեսական աճին: Շինաշխատանքների անհրաժեշտությունն, իհարկե, չի վերացել: Բայց ոչ թե էլիտարաշինարարության, այլ` թեկուզ վերանորոգումների առումով: Սակայն շինանյութի բարձր գինը մարդկանց թույլ չի տալիս` իրենց տներում տարրական բարեկեցություն ստեղծել: …Մինչդեռ որոշ շինանյութերի, դիցուք ցեմենտի գծով, մեր երկու տեղական արտադրողները կարելի է ասել, որ լիովին բավարարում են ներքին շուկայի պահանջարկը: Հայտնի օլիգարխ Մ. Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտը» վերջին տարիներին հաճախ նույնիսկ արտահանման հնարավորության մասին էլ է խոսում, կոնկրետ հասցեներ ու պայմանավորվածություններ մատնանշում` այդպես էլ չկոնկրետացնելով, թե ինչն է իրեն խանգարում բարձրորակ համարվող հայկական ցեմենտը Ռուսաստան արտահանել: Օրերս էլ հայտնի դարձավ, որ հարկերը վճարելիս մշտապես համեստ «Միկան» 5 միլիոն դոլար է վճարել ու նոր հոսքագիծ գնել: Օլիգարխին պատկանող ձեռնարկությունը հայտարարեց, թե նորույթը զգալիորեն իջեցնելու է ցեմենտի ինքնարժեքը: Գնանկում, սակայն, դարձյալ չի նախատեսվում, և իջեցվելիք ինքնարժեքը շահույթի տեսքով դարձյալ օլիգախի գրպանում է ծվարելու: Այսինքն, առաջիկայում նույնպես շինանյութի գինը շարունակելու է բարձր մնալ ու խանգարել ոլորտի զարգացմանը: