Կատուն` քաղաքապետ


Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Շարոնա քաղաքի բնակիչների քվեարկությամբ` քաղաքապետ է ընտրվել իրենց սիրելի շեկլիկ Ֆրեդի կատուն: Քաղաքի նոր ղեկավարի աշխատանքային օրը միշտ սկսվում է կուշտ ճաշից, որն ավարտելուց հետո Ֆրեդին տեսչական այց է կատարում քաղաքում կամ հանդիպում է այցելուների հետ: Օրվա կեսին նա ճաշում և քնում է: Այս պատմությունը սկսվել է` երբ քաղաքապետարանի բակում մշտապես շրջող փոքրիկ կատվիկին աշխատակիցներից մեկը սկսեց կերակրել: Շնորհակալ կենդանին այդուհետ իր բարեգործին ամեն առավոտ դիմավորում էր և երեկոյան ճանապարհում: Գեղեցիկ ու խելամիտ չորքոտանին դուր եկավ քաղաքացիներին, և առժամանակ անց նրան դարձրին քաղաքային թալիսման: Հետո մեծարեցին նրան` ընտրելով քաղաքի կառավարիչ: Ի դեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավայրում հատուկ կատու¬ առնետորս է պահվում, որին ոչ միայն սիրում են, այլև պատրաստ են նրա պատիվը պաշտպանել: Ինչպես հաղորդել է newsla.ru¬ն` Շարոն քաղաքն ու իր բնակիչները չափազանց ինքնատիպ են: 1500 բնակիչ ունեցող քաղաքն իր նախագահն ունի, որն, իհարկե, մարդ է: Թերևս այդ պատճառով իրենց կարող են թույլ տալ` քաղաքապետ կատվին միայն փայփայել ու լկստացնել: Քաղաքում արդեն նախապաշարումներ են կապվում Ֆրեդիի հետ: Օրինակ, փողոցում նրան հանդիպելը մեծ պատիվ է համարվում: Նրան ակնածանքով ճանապարհ են տալիս. նույնիսկ մեքենաներն են կանգնում` մինչև նա անցնի փողոցն ու չուշանա իր կարևոր գործերից: Եվ, որ ամենակարևորն է` բոլորին դուր է գալիս նրա աշխատանքը: