«Միշտ դեպի մեզ... Էլի դեպի մեզ... համ էլ ուրիշ ո՞ւմ, եթե ոչ մեզ...»


Թերևս հանրապետության թիվ 1 գերխնդիրը պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումն էր, ինչն էլ, բնականաբար, չէին կարող շրջանցել խորհրդարանականները: Իսկ որ խորհրդարանում հերթական անգամ ոչ թե հանրային շահի, այլ անձնական խնդիրների մասին են մտահոգված, իրողություն է: Իզուր է բոցաշունչ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանը, ի լուր նվազագույն աշխատավարձով ապրող, կամ գործազուրկի անփառունակ գոյություն քարշ տվող ընտրազանգվածի, փնովում պաշտոնյաների (նաև պատգամավորների) աշխատավարձերի 40 տոկոսով բարձրացնելու մասին օրինագիծը, քանզի ժողովուրդը, ի տարբերություն ղեկավարների, իր կենսամակարդակի հետ վաղուց է հաշտվել և չի հավատում իր մասին հրապարակավ «մտածողներին» անգամ: Սեթևեթելով կօգտվեն... ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդդիմադիրների կեցվածքը համարում է սեթևեթանք. - Չեմ կարծում, որ այդ հարցի վերաբերյալ սեթևեթանքը տեղին է: Նրանք շատ հանգիստ բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները, բայց աշխատավարձերից չհրաժարվեցին: «Աղքատ երկրում հարուստ լինելն ամոթ է» ՀՅԴ խմբակցությունը կոշտ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ. - Մենք դեմ ենք արտահայտվել աշխատավարձերի բարձրացմանը: Եթե նվազագույն աշխատավարձի բարձրացում է կատարվում, դա կարելի է ինչ-որ տեղ հասկանալ: Եթե մի երկրում կան 4220 դրամ ստացող 48.000 քաղաքացի, ապա մենք դեմ կլինենք: «Աղքատ երկրում հարուստ լինելն է ամոթ, հարուստ երկրում աղքատ լինելը»,- պարզաբանում է ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: Իսկ ժողովուրդը վաղուց վարժվել է իր հայրենիքում ընչազուրկի կարգավիճակին: Եվ նույնիսկ իր շուրջ օրավուր փթթող շքեղության «ստվերում» ինքը շարունակում է երազել «Մի կտոր չոր հաց, էն էլ հրե¯ հա°, երկնքից կախված»:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ