ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Միայն աճուրդով Ըստ շրջանառվող լուրերի, 2007-ի ընտրություններին ժողովուրդը իր ձայնը վաճառելու է աճուրդով: Մեկնարկային և վերջնական գների տարբերությունը, ըստ ամենայնի, հսկայական է լինելու: Ա¯յ քեզ քաղաքական «ախպերություն» Եթե Դյումայի երեք հրացանակիրները գործում էին մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար սկզբունքով, ապա Հայաստանի քաղաքական դաշտում հակառակ պատկերն է: Մեկը հայհոյում է բոլորին, բոլորը` մեկին, կամ էլ բոլորը` բոլորին: «ՕԵԿ»-ը նաև «ծնեցնում» էր Եթե հիմք ընդունենք օեկականների քննադատական ելույթներն ու վերլուծությունները` կհանգենք հետևյալ անհեթեթ եզրակացության: ՕԵԿ-ի` իշխանությունից դուրս գալուց հետո, անցած մի քանի ամիսներին, արտագաղթի ծավալները մեծացել են, ծնելիությունը` նվազել: Այստեղից հետևություն. կոալիցիայի կազմում ՕԵԿ-ը ժողովրդի համար «Վեգա-100»-ի, այսինքն, գրգռիչի դեր էր կատարում: Իսկ հիմա խեղճ ժողովուրդը իր պոտենցիայի աղբյուրը որոնում է արտերկրում: Այսինքն` ծնելու ունակությունը վերագտնում է օտար երկրներում: «Բարգավաճ» բառի նոր ստուգաբանություն Բար-Գա-Վ-Աճ - Բարի Գագիկի վերընթաց աճ: «Ականը» և «սակրավորները» Ինչքան էլ Արտաշես Մամիկոնիչը ավելացնում է իշխանությունների դեմ ագրեսիվ քննադատության ծավալն ու որակը, միևնույն է, նրան ներկայացնում են որպես ընդդիմության ճամբարում տեղադրված ական: Սակայն առավել զարմանալին այն է, որ մնացած ողջ ընդդիմությունը, կամա թե ակամա, լուռումունջ ստանձնում է սակրավորի դերը: «Ցեխն» էլ կդառնա դեֆիցիտ Հայաստանի փողոցները շուտով կմաքրվեն ցեխից: Այն խնամքով և մեծ քանակությամբ հավաքում ու կուտակում են որոշ քաղաքական ուժեր` 2007-ի գարնանը արտանետելու համար: Ինֆուզորիա՞, ամեոբա՞... թե՞ բջջային հեռախոս Ըստ Գալուստ Սահակյանի, որոշ պատգամավորներ գործում են ինֆուզորիայի տրամաբանությամբ: Դժվար է չհամաձանել, որ մեր երեսփոխանների մի մասը իսկապես միաբջիջ են: Սակայն այդ միակ բջիջն էլ որ ունեն, իրենցը չէ, այլ բջջային հեռախոսինը: Մատուցվում են որպես կենդանի ապրանք Պարզվում է, որոշ քաղաքական գործիչներ զբաղված են իրենց «ապրանքային» տեսքը կարգի բերելով: Այսինքն` փորձում են շքեղ «փաթեթավորվել» ԱԺ ընտրություններից առաջ` որևէ բարձր վարկանիշային կուսակցության կողմից գնվելու անթաքույց հավակնությամբ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ