Համայնքը զորավո՞ր է


Սույն օրենքով արգելված վայրերում անօրինական առևտուրը վերահսկելու գործառույթները վերապահված են տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս պարագայում օրենքը երկսայր է: Առևտուրը կանոնակարգելով հանդերձ, այն ուղղված է ինքնակառավարման մարմինների դերի և ակտիվության բարձրացմանը: Եվ որտե՞ղ պիտի նրանք սպասվող ակտիվություն դրսևորեն: Այն ոլորտո՞ւմ, ուր Աստծո ամեն օր գոյացող ստվերային եկամուտներից բաժին է հասնում նույն այդ ինքնակառավար(վ)ողներին: Իրենց մատը կտանեն ու իրենց աչքը կհանե՞ն: Սոցիալականով արդարացնել-հիմնավորվելը հո կա՞. մարդն աշխատանք չունի, տուն է պահում: Մարդասիրական երանգն էլ ապահովված է: Արդեն իսկ պարզ են տեղական ինքնակառավարման մարմինների «միջամտության» արդյունքն ու հեռանկարը: Ի՞նչ է մնում անել, երբ ավագանու ինստիտուտը մեզանում նույնպես կայացած չէ: «Թող համայնքը վերահսկի ժողովուրդը»,- ելքը գտնում է փոխնախարարը:- Վերահսկողություն կարող են իրականացնել նաև քաղաքացիական հասարակության կառույցները (հղում է արվում սպառողների միություններին): Իսկ որ տեղական ինքնակառավարման մարմինները ի զորու են վերահսկել անօրինական առևտուրը, փոխնախարարն ապացուցում է Կենտրոնի օրինակով: «Մարդիկ ուզեցին և արեցին: Եկա՞ք մեր խոսքին, պրն փոխնախարար, մարդիկ չեն ուզում, չեն ուզենալու և չեն անելու: Իսկ Կենտրոնում, իհարկե, իրենց «հաստատուն» տեղն ունեցողներ կան և առայժմ չեն երերում, և ի դեպ, շատ էլ հարմար է ճեպընթացի առօրյայի մեջ նրանցից առևտուր անել: Հավատացեք, ավելի էժան է, և գիտենք, որ շահում ենք: Կոնկրետ դեպքում, ինչով կտուժեինք, դա չգիտենք: Ու թեև փողոցում վաճառվելու արտոնյալ «իրավունք ունեն» միայն ծաղիկները, տնկիները, պաղպաղակն ու զովացուցիչ ջրերը, նրանց կողքին դեռ շարունակելու են իրենց խաղաղ գոյակցությունը բոլոր այն մթերա-, մրգա- և բանջարեղենատեսակները, որոնք մինչև այժմ վաճառվել են և այժմ էլ վաճառվելու են, օրենքի լեզվով ասած, չթույլատրված վայրերում: Եվ գնողներ լինելու են, որովհետև, կրկնում ենք, հարմար է և մատչելի:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ