ԻՍԿ ՄԵՆՔ ԾԽՈՒՄ ԵՆՔ, ԾԽՈՒՄ...


Հայաստանի հոգեբանների ասոցիացիային մտահոգող խնդիրն, իրոք, այժմեական է ու հրատապ` դեռահասների շրջանում ծխախոտի հանդեպ աճող հետաքրքրությունը` իր անխուսափելի հետևանքներով: Հայաստանի հոգեբանների ասոցիացիայի նախագահ Ռուբեն Աղուզումնցյանը, անդրադառնալով հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքին, մեջբերելով հենց իրենց կողմից անցկացված հակածխախոտային ակցիայի արդյունքները, փաստեց, որ օրենքի պահանջին հետևում են մեր քաղաքացիների 20 %-ը, անտաբեր են 25 %-ը, իսկ մնացած 55 %-ն ընդհանրապես չեն էլ մտածում այդ մասին: Վերոհիշյալ ակցիայի շրջանակներում դպրոցներ, բուհեր և այլ պետական հիմնարկներ կատարած ստուգայցերը տխուր եզրահանգումների լուրջ առիթ են: Դպրոցներում այդ օրենքը բոլորովին անտեսված էր, քանզի նույն մանկավարժները` աճող սերնդի դաստիարակները հենց իրենք են անմիջապես աշակերտների ներկայությամբ դպրոցի միջանցքներում բավարարում իրենց ծխախոտային անհագ քաղցը: Մի՞թե այդպիսի պայմաններում կարելի է դեռահասներին ետ պահել ծխելու գայթակղությու նից: Ամենացավալին այն է, որ այս իրողությանը ուշադրություն դարձնող չկա: Ուսումնասիրությունները փաստում են նաև, որ բուհերում պատկերը մի փոքր ավելի մեղմ է, քանի որ, ի տարբերություն դպրոցների, այստեղ ինչ-որ չափով ծխախոտի վնասի մասին ահազանգում են պատերին փակցված ցուցանակներով: Այսուհանդերձ, սակայն, դժբախտաբար, ցուցանակներին հետևում են միայն... չծխողները: Ակամա հարց է ծագում. ինչի՞ կամ ո՞ւմ համար է օրենքը, եթե այն անտեսվում է, և խախտողների համար որևէ պատիժ չի սահմանված: Ինչպես պնդում է Ռ. Աղուզումնցյանը, հակածխախոտային քարոզչությունը պետք է կատարվի առողջ ապրելակերպի և ծխախոտի դեմ ուղղված գովազդների միջոցով: Նրա պնդմամբ` իրենց հակածխախոտային ակցիայի համար պետական մարմինների կողմից տրամադրվել է մոտ 5 մլն դրամ, որի կեսը հատկացվել է մեկ ֆիլմի, չորս տեսահոլովակի նկարահանումներին և երկու թոք-շոուի կազմակերպմանը, որոնք պետք է քարոզեն առողջ ապրելակերպ և լինեն ծխախոտի օգտագործման դեմ հակագովազդ: Քարոզչությունն, այո, հզոր զենք է, սակայն արդյոք սոսկ ֆիլմերով ու թոք-շոուներով հնարավո՞ր է ցանկալի արդյունքի հասնել:

Վահե ԽԱՉԱՏՐՅԱՆ