Բնապահպանությունը` գերխնդիր


Այն, որ Հայաստանը հարուստ է բնական ռեսուրսներով, երկմտելու տեղիք չի տալիս: Այլ խնդիր է, թե մենք ինչպես ենք օգտագործում ընդերքի և շրջակա միջավայրի ներուժային հնարավորությունները` երբեմն հավուր պատշաճի չգնահատելով մեր լեռնաշխարհի հանդեպ բնության շռայլությունը: Եվ այս համատեքստում էլ հոգատար ձեռքի առկայության մասին խոսել ու խոսելու ենք անընդհատ: Աներկբա է նաև, որ միայն մի գերատեսչության հոգատար ձեռքի կամ խնամակալության մասին խոսելը շատ քիչ է, քանզի բնության պահպանությունը սոսկ մեկ գերատեսչության գործառույթը լինել չի կարող. այն հանուրիս ուշադրության ու խնամքոտ հոգատարության կարիքն ունի: Հակառակ պարագայում, ինչպիսի աշխատանքներ էլ տարվեն այս ոլորտում, ինչպես ՀՀ Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանն է փաստում` դժգոհությունների ու քննադատության առիթներ միշտ էլ գտնվում են: Շուրջ հինգ տարուց ավելի Վարդան Այվազյանը ղեկավարում է բնապահպանության պատասխանատու ոլորտը: Եվ հնգամյա գործունեության ընթացքում բնապահպանական համակարգը առաջընթացի նշանակալի դրական տեղաշարժեր է արձանագրել. -Բնապահպանությունը շարունակական գործընթաց է, որը, առավելագույնս կարևորելով, պետք է նպատակաուղղել շրջակա միջավայրի համաչափ պահպանությանը, տնտեսության զարգացման ու սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը: Եթե անդրադառնանք խնդրին` որպես անցումային տնտեսություն ունեցող երկիր, ապա կարելի է փաստել, որ մեզ համար գերխնդիր է թե° տնտեսության զարգացումը և թե° սոցիալական խնդիրների լուծումը: Գաղտնիք չէ, որ կատարվել է անտառների անխնա շահագործում: Մասնավորապես` 2 խոշոր գերհատումներ. 80-ական թվականներին` սխալ քաղաքականության արդյունքում և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հետևանքով` 90-ականներին: Զգալի առաջընթաց է արձանագրվել Սևանա լճի ավազանի բարելավման ուղղությամբ: Որոշակի իմպուլսներ հաղորդելով` փորձել ենք կարգավորել դժվարին տարիներին Սևանի ռեսուրսների անխնա կորուստները: Հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ զգալիորեն կարգավորվել են ոլորտի խնդիրները, և փորձ է արվում գործառույթներն իրականացնել միջազգային չափանիշներին համարժեք ու համընթաց: Համակարգի բարեփոխմանն են միտված թե° կառավարության գործունեության ծրագիրը և թե Բնապահպանության նախարարության քաղաքականությունը: Ակնկալում ենք աշխատանքի բարձր արդյունավետություն: Ուսումնասիրություններ են կատարվում` ճշտելու բնական պաշարների քանակական և որակական տվյալները, ինչը հնարավորություն է ընձեռում ստեղծել որոշակի մեխանիզմներ շրջակա միջավայրի ռազմավարական գնահատանքը ճշգրտելու համար: Վերջնական գործառույթներն, ի դեպ, սահմանափակվում են տեսչական վերահսկողության մեթոդներով: - Չկա՞ն արդյոք բացթողումներ: - Իհարկե, կան: Պարզապես միամտություն կլիներ հավատալ, թե ոլորտում ամեն ինչ հարթ է, դյուրին, և չկան թերություններ: Ի վերջո, չի սխալվում նա, ով չի աշխատում: Մեր ոլորտում դժվարությունների կողքին ակնառու են նաև հաջողությունները: Որպեսզի պատկերը պարզ լինի, դինամիկայի մեջ կարելի է զուգահեռականներ տանել. եթե 2001-ին բնօգտագործման և բնապահպանական վճարների հանրագումարը կազմում էր 360 մլն, ապա ընթացիկ տարվա 10-ամիսների ցուցանիշներով այն ավելացել է 8,5 անգամ: 2001-ի համեմատությամբ զգալիորեն ավելացել են նաև վարչական իրավախախտումների հայտնաբերման փաստերը, ինչի շնորհիվ աճել են պետական բյուջեում մուտքագրվող գանձումները: Զգալի աշխատանքներ են տարվում բնական պաշարների բացահայտման և կառավարման ուղղությամբ: Իրականացվում են վարկային ծրագրեր` առավելապես բնական պաշարներով հարուստ վայրերում և սոցիալապես անապահով ազգաբնակչության շրջանակներում, մասնավորապես` Գեղարքունիքի և Տավուշի տարածաշրջաններում: Կենսակոչվող ծրագրերը բազմաբնույթ են: Դրանք աջակցություններ են` գարնանացանի, աշնանացանի, պարարտանյութերի տեսքով, որոնց շրջանակներում նաև հերկվում է հողը, բացվում են ջրբաժան կետեր... Որոշ վարկային ծրագրերով մեկ ընտանիքին հատկացվում է մինչև 5000 դոլարին համարժեք դրամ: Ի դեպ, արդյունավետ է համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ: Փաստորեն, բնապահպանական գերատեսչությունում չկա մի ոլորտ, որտեղ առաջընթաց արձանագրված չլինի: Խոսքը վերաբերում է նաև որսորդությանը: Վերջերս կառավարության հավանությանն արժանացավ «Որսի, կենդանիների պաշտպանության, պահպանության, որսորդական տնտեսության և որսի վարման մասին» օրենքի նախագիծը, ինչի շնորհիվ հստակորեն կկարգավորվի որսորդական տնտեսության գործունեությունը: Նախարարությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում նաև ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում: Կարելի է ամրագրել, որ գերատեսչության խնդիրները համակարգվում են ճյուղ առ ճյուղ: Միաժամանակ հիշեցնել, որ բնությանը խնամքով վերաբերվելը ոչ միայն համակարգի աշխատակիցների խնդիրն է, այլ նաև ողջ հանրության: Չէ՞ որ մեզ է վերապահված այն սերունդներին փոխանցելու առաքելությունը...

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ