ՄՈՆԹԵԻՆ ՓՆՏՐԵՆՔ ՈՂՋԵՐԻ ԵՐԹՈՒՄ


Ես իմ կյանքում չեմ հանդիպել որևէ մեկին, որն այնքան նվիրված լինի գաղափարին, ինչպիսին Մոնթեն էր: Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ պաշտպանության նախարար Նոյեմբերի 25-ը լեգենդար զորահրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Այսօր նա կլիներ 49 տարեկան, կքայլեր հաղթանակի ճամփաներով` պատերազմը շահած մարտիկի հպարտությունը դեմքին, կողջուներ մարդկանց իրեն յուրահատուկ ժպիտով: Մոնթեն ամեն ինչով էր յուրահատուկ` իր համեստությամբ ու ազնվությամբ, արդարամտությամբ ու վճռականությամբ: «Փորձում ենք կազմավորել, ստեղծել ազգային մի բանակ, աշխարհի ցանկացած երկրի բանակի նման, սակայն հեշտ չէ: Ժամանակ է պետք, միջոցներ են պետք: Միջոցներ շատ չունենք, բայց ունենք վճռականություն: Եվ այդ իսկ պատճառով հաջողվում է մեզանից բազմաթիվ անգամներ ավելի հզոր, ավելի լավ զինված թշնամուն հաղթել, որովհետև առկա է վճռականությունը», ապա` «Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ` իմ հայրենիքի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել»,- Մոնթեի խոսքերն են: Զորավարը քաջ գիտեր, որ նախնիների կանչով սրբագործված հայրենասիրության ոգին է միայն, որ կարող է փրկել երկիրը հրոսակներից ու ապրեցնել: Գիտեր նաև, որ հայրենասիրության հիմնական չափանիշներից մեկն էլ հանուն ազգի ինքնազոհաբերման պատրաստակամությունն է: Այդ պատրաստակամությամբ նա մարտնչեց մինչև վերջ ու դարձավ մեր նորագույն ազատագրական պայքարի առաջամարտիկը, դարձավ ազգային խորհրդանիշ: «Միշտ զարմանում էի. որտեղի՞ց նրան այդքան էներգիա: Ակնհայտ էր նրա ռազմական տաղանդը, բայց ավելի հետաքրքիր էր որպես մարդ: Անկրկնելի անհատականություն էր: Մոնթե ծնվում են հազարամյակը մեկ անգամ: Եվ դա իրոք այդպես է»,- այսպես է բնորոշել ազգային հերոսին գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչը: Մոնթեի մասին, որպես մեծ անհատի, ամբողջական պատկերացում ես կազմում` կարդալով նրա հրապարակախոսական հոդվածներն ու նամակները: Դրանց մի մասը Մոնթեն գրել է դեռևս ազատազրկման տարիներին, որոնք հետագայում անգլերեն ու հայերեն հրապարակվել են առանձին գրքով: Հայ ժողովրդի ազատագրական պայքարի կրակով այրվող գործեր են Մոնթե Մելքոնյանի հոդվածները` գրված հրապարակա խոսական հզոր շնչով: Նա համոզված էր, որ ռազմական և թվային առումով ավելի տկար ուժն էլ կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե առկա են վճռականությունն ու կազմակերպվածությունը, և, որպես ապացույց, բերում է Վիետնամի օրինակը. «Վիետնամցիների ազգային-ազատագրական պայքարը պետք է ոգևորող օրինակ լինի Ղարաբաղի համար»: 1992-ին, երբ Մոնթեն նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի ռազմական շտաբի պետ, ապա` հրամանատար, կտրուկ փոխվում է իրավիճակը: Նրա եռանդուն գործունեության շնորհիվ կարճ ժամանակում ստեղծվում են բանակային կուռ ստորաբաժանումներ: Ծանր շրջափակման մեջ հայտնված շրջանի ինքնապաշտպանական ուժերին հաջողվում է բեկում մտցնել ռազմաճակատում: Մարտունու հողը շանթ ու որոտ է դառնում ոսոխի համար, դառնում է գրանիտ` զորավարի ու նրա խիզախ զինվորների անձնուրացության կրակով շաղախված: Հիրավի, շատ մեծ է Մոնթեի անձնական ներդրումը ազգային բանակի ստեղծման, հաղթանակի ձեռքբերման գործում: 13 տարի շարունակում ենք մեր բանակը հզորացնել առանց Մոնթեի` հավատարիմ մնալով նրա պատգամներին ու մարտական ավանդույթ ներին: Փառքով պսակված հայոց ազգային բանակի զինվորին միշտ հաղթանակների է ոգեշնչելու զորավարի հերոսական կերպարը: Մոնթեն մեծ ինտելեկտի տեր զորավար էր ու ստրատեգ, գիտեր հարգել և գնահատել զինվորին, ամենից առաջ գնահատել նրա արիությունն ու խիզախությունը: Զինակիցներն են պատմում, թե ինչպիսի ջերմությամբ էր նա սիրում մարտիկներին, որոնց հետ նետվում էր գրոհի, ապրում նրանց մարտական սխրանքի վեհությունը: Որպես հրամանատար, Մոնթեն իր գործը մինչև վերջ կատարում էր բարեխղճորեն` իր մարտական փորձն ու պրոֆեսիոնալ գիտելիքները զուգորդելով բարձր կուլտուրայի հետ: Նա գիտակցում էր, որ անբասիր, օրինակելի վարքագծի ու ազնվության տեր հրամանատարի զինվորն է միայն իրեն ամբողջովին նվիրում հայրենիքի պաշտպանությանը: Նրա ասպետական կեցվածքն ու պահվածքը հիացմունք էին պատճառում բոլորին: Ահա թե ինչ է գրում հերոսի եղբայրը` Մարգար Մելքոնյանը. «Մոնթեն երբեք ատրճանակ չէր կրում, երբեք չէր ծխում, զինվորական համազգեստով երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր հավաքարար կանանց և վիրավոր զինվորների ընտանիք ներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչպես իր հրամանատարության տակ գտնվող զինվորները»: Մոնթեին սիրում էին բոլորը, նրա հանդեպ այդ սերը բնական էր, սրտաբուխ, ջերմագին: «Կենդանի լեգենդ», այսպես էր անվանում ժողովուրդը հավերժող փառքի արժանացած իր նվիրյալ զավակին: Մի առիթով Մոնթեն ասել է. «Պիտի ուզենայի, որ ոչ թե խոսքով հարգեն (ինձ), այլ աշխատանքով, ոչ թե երդում անեն իմ անունով կամ որևէ ուրիշի անունով, այլ գործ անեն, նորմալ գործ անեն այս պայքարի մեջ»: Սերունդները միշտ հիշելու են նրան` գիտակցելով, որ հերոսների հիշատակի հավերժացումը նրանց կիսատ թողած գործն արժանապատվորեն շարունակելն ու ավարտին հասցնելն է: Նոյեմբերի 25-ին` Մոնթեի ծննդյան 49-րդ տարեդարձի օրը, մարդիկ նորից վսեմ մի արժանապատվությամբ կշարժվեն դեպի ուխտատեղի դարձած Երևանի բարձունքներից մեկը, դեպի Եռաբլուր-պանթեոն, կգնան ծաղիկներ դնելու զորավարի շիրմին, իրենց անհուն սիրո, երախտիքի ու հարգանքի տուրքը մատուցելու: Կգնան նաև հերոսի անունը կրող ռազմամարզական վարժարանի սաները, որոնց շատ բանով է օգնում Մոնթե Մելքոնյանի հերոսական սխրանքը, օգնում է առավել խորն ըմբռնելու հայրենիքին նվիրումով ծառայելու վեհությունը: Մոնթեի կյանքն, այո°, խիզախ թռիչք էր դեպի հավերժություն: Ուրեմն` նրան փնտրեք ողջերի երթում:

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ