Գյուղապետի թեկնածուներ. Արարատի մարզի Դալար համայնք


Արմեն ԽԱՉԱՏՐՅԱՆ Ծնվել է 1974 թ. Դալար գյուղում, գործարարի ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա` Հ. Աճառյանի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Զբաղվել է բիզնեսով` ներկայումս իրենց անասնապահական տնտեսությանը կից սեփական կաթնամթերքի արտադրությամբ: Խաչատրյանների ընտանիքը կարողանում է օգտակար լինել նաև այլոց: Արտադրատեսակներից սպառողն առանձնացնում է հատկապես գոմեշի մածունը, ինչը քիչ է հանդիպում մեզանում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: - Խոսենք այն հիմնախնդիրների մասին, որոնցով պայմանավորված` առաջադրել եք Ձեր թեկնածությունը և որոնք ուզում եք լուծել գյուղապետ ընտրվելուց հետո: - Գյուղում ունենք արտեզյան ջրհոր, որը չի գործում: Ոռոգման սեզոնին, սակայն, զգացվում է դրա անհրաժեշտությունը: Ուզում եմ ասել, որ առաջնահերթ անելիքս հենց այս ջրհորը շահագործելի դարձնելը ու ևս 2 արտեզյան հորեր բացելն է: Ինչպես գիտեք` մեր համայնքի բնակիչները պառակտված են թշնամանքով` նախկին գյուղապետի սպանության պատճառով: Ուրեմն` պիտի պարտավորվեմ անել հնարավորինը` վերացնելու անառողջ այս մթնոլորտը և կարգավորելու մարդկային բարիդրացիական հարաբերությունները: Առաջնային է նաև համայնքի լուսավորության խնդիրը: - Համարո՞ւմ եք մրցակցական դաշտը առողջ և հավատո՞ւմ եք, որ ընտրությունները կլինեն արդար, թափանցիկ: - Մինչ այժմ ամեն ինչ օրինականության շրջանակներում է, և հավատում եմ, որ ընթացքն ու ավարտն էլ կլինեն արդար: - Ընտրությունների նախօրյակին մեր թերթի միջոցով կուզենայի՞ք դիմել պետական այրերին: - Կուզենայի դիմել նրանց հորդորով, որ լինեն հետևողական, աջակցեն ու նպաստեն արդար, թափանցիկ ընտրություններին: Խաչատրյանների ընտանիքը հաճախ է աջակցում համագյուղացիներին: Օրինակ, իրենց սեփական միջոցներով փողոցում ջրագիծ են անցկացրել, որից օգտվում են հարևանները: Երկու մրցակիցներից ավելի երիտասարդ է 32-ամյա Արմեն Խաչատրյանը: Հանգամանք, ինչը պետք է ավելի հավատընծա լինի ընտրողների համար, քանզի երիտասարդ լինել` նշանակում է ավելի համարձակ ու նվիրվածորեն ձեռնամուխ լինել համայնքի շենացմանը: Բարեբախտաբար` դա գիտակցում են ընտրողներից շատերը, որոնց պնդմամբ` «Արմենը երիտասարդ է, բայց կազմակերպված և համեստ անձնավորություն է, ոչ թե մի գյուղ, այլ մի քանիսը կարող է ղեկավարել»: Գագիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Ծնվել է 1961 թ. Դալար համայնքում, բանվորի ընտանիքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև` Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղատնտեսական տեխնիկումի գյուղմեխանիզացիայի բաժինը: Զբաղվել է բիզնեսով Բելառուսում: Ներկայումս զբաղվում է գործարարությամբ` գյուղմթերքների արտադրությամբ և հոգագործությամբ: Ամուսնացած է, ունի 3 երեխա: - Գյուղապետի առաջիկա ընտրությունները լուրջ մրցապայքար են «խոստանում» 2 թեկնածուների միջև: Առո՞ղջ է այդ մրցակցությունը, և հավատո՞ւմ եք արդար, թափանցիկ ընտրություններին: - Նախընտրական շրջանը նորմալ է և հանգիստ. մեր համայնքում ընտրությունները միշտ էլ եղել են արդար և այս անգամ էլ այսպես կլինի: Այո, ես հավատում եմ: - Այսինքն` նոյեմբերի 26-ին Դալարի գյուղապետ կճանաչվի ժողովրդի ընտրյալը, որո՞նք են այն հիմնախնդիրները, որ պետք է իրականացնեք ընտրվելուց հետո: - Մեր համայնքի համար առաջնահերթ լուծում պահանջող ամենացավոտ խնդիրը բոլորին հայտնի դեպքերից հետո մեր համագյուղացիների միջև ծագած թշնամանքը վերացնելն է: Դրանից հետո միայն մնացած բոլոր խնդիրները լուծելի կդառնան: Իսկ դրանք բավական շատ են: Բնականաբար` կսկսենք ամենաանհետաձգելիներից: Կարևորը` որ կա վճռականությունը` անել հնարավորինը` օգտագործելով բոլոր լծակները և անձնական կապերը` համայնքին ու բնակչությանը օգտակար լինելու համար: - Վաղուց զբաղվում եք բիզնեսով, և տարբեր առիթներով աջակցում եք նեղյալին, կարիքավորին... - Այլ կերպ հնարավոր էլ չէ: Սակայն եթե կատարածդ բարեգործություն է, ուրեմն չպետք է այդ մասին խոսվի բարձրաձայն:

Մարինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ