Կրկնակի է արված այն, ինչ լավ է արված


Յուրաքանչյուր գաղափար նման է սերմի, և միայն աշխատանքն է նրան տալիս աճելու հնարավորություն, իսկ աշխատանքի արդյունավետությունը այն կազմակերպողի և ղեկավարողի ճկուն մտքի և հնարամտության արգասիքն է: Ինչպես մայրաքաղաքի բոլոր համայնքներում, Քանաքեռ-Զեյթունում նույնպես աշխատանքներն անվերջ են ու չընդհատվող, սակայն թաղապետ Արայիկ Քոթանջյանի` համայնքը հնարավորինս մաքուր և բարեկեցիկ դարձնելու խոստումը քայլ առ քայլ ամրապնդում է ՏԻՄ-ի հանդեպ բնակչության հավատը: Երբ մի առիթով գիշերային Երևանի խավար փողոցների թվում նշվեցին նաև Քանաքեռ-Զեյթունի փողոցները, պատվախնդրությու նը հարկադրեց համայնքի ղեկավարությանը` կարճ ժամանակում դուրս գալ այդ «ցուցակից»: Այսօր այլ է պատկերը: Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի ծննդավայր Քանաքեռն ու հարևան Զեյթուն տարածքի կենտրոնական և միջհամայնքային գրեթե բոլոր փողոցները և° բարեկարգ են, և° ասֆալտապատ ու լուսավոր, ու նախկինում մթության մեջ խարխափելով տունդարձի ճամփին ինքն իր ու ղեկավարի հետ կռիվ տվող բնակիչն այսօր երախտիքի և օրհնանքի խոսքերով է կարճում նույն ճանապարհը: - Փողոցների լուսավորության խնդիրները ծրագրվածից ավելին լուծված են արդեն,- ասում է Արայիկ Քոթանջյանը,- մինչև տարեվերջ կավարտվեն նաև Դրոյի փողոցի բարեկարգման և լուսավորության աշխատանքները: 2006 թվականի համար նախատեսված ծրագրերը իրականացվել են 100 %-ով: Թեև մազութի դեֆիցիտը խոչընդոտեց մայթերի, փողոցների վերանորոգման աշխատանքները, սակայն հաջողվեց կարգավորել նաև այդ հարցը, և 4 կմ մայթի փոխարեն վերանորոգվեց 4,5 կմ: Սա նախադեպը չունեցող ծրագիր է: Առհասարակ տանիքների ողբալի վիճակը բազմաբնակարան շենքերի խրոնիկական հիվանդությունն է: Թեև դրանց վերանորո գումը նախատեսված էր ավարտել մինչև աշնան սկիզբ, սակայն դեռևս համատիրությունների հետ փորձում ենք լուծել այդ կարևոր խնդիրը: Տանիքների վերանորոգման հարցն ամենակարևոր և միաժամանակ ամենացավոտ հարցն է, անգամ քաղաքապետարանն ի զորու չէ լուծել այդ հարցը, կարծում եմ` դրան պետական մոտեցում է պետք: Համայնքի շենքերն արդեն 40 տարուց ավելի է, ինչ շահագործվում են, այնինչ դրանք նախատեսված էին 25 տարվա համար: Բնակիչներն անզոր են վերանորոգել տանիքը, իսկ ժամանակավոր «կարկատաններն» է°լ ավելի են դժվարացնում մեր գործը: Ձմռան նախապատրաստական աշխատանքները մասամբ ավարտված են: Անհրաժեշտ քանակության աղ և ավազ ենք պահեստավորել, իսկ «Սանմաքրում» ՓԲԸ տեխնիկական «զինանոցը» համալրվել է ևս չորսով: Անցյալ տարվա ձմռան անակնկալները չեն մոռացվել, թեև մեր ունեցած քիչ տեխնիկայով կարողացանք դիմակայել ձմռանը: Ուրախությամբ պետք է նշեմ գարնանային ծառատունկի արդյունքների մասին: «Հաղթանակ» զբոսայգում տնկած ծառերի 80 %-ն արդեն արմատակալել է: Հուսով եմ, որ անտառը լիովին կվերականգնվի: Ի դեպ, սանիտարական աշխատանքների շնորհիվ այգին մաքրվել է չորուկներից, դարձել է բարեկարգ ու իր գեղեցիկ տեսքով իրեն է ձգում ոչ միայն մեր, այլև մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքների հազարավոր բնակիչների և հյուրերի: Թաղապետարանի հոգածության կիզակետում փոքրիկների աշխարհն է` մանկապարտեզները: Նրանք նույնպես վերանորոգվում են: Ի ուրախություն մեզ, 15 մանկապարտեզներից 3-ն արդեն գազիֆիկացված են, մյուս նախակրթարաններում լուծված է ջեռուցման խնդիրը: Ձմռանը փոքրիկների հաճախումները, անշուշտ, կանգառներ չեն գրանցի: Ի դեպ, անմիջապես մեր օջախում` թաղապետարանի շենքում նույնպես նորոգման աշխատանքներ են կատարվում: Շենքի մուտքը միանգամայն նոր ձևավորում է ստացել, վերանորոգվել են տանիքը, 2 տասնյակից ավելի աշխատասենյակները: Այդ գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի: Էլեկտրաէներգիան տնտեսելու նպատակով կփորձենք գազիֆիկացնել նաև թաղապետարանի շենքը: