Ուղևորություն, որտեղ խաչվում են մարդկանց և ժողովուրդների ճակատագրերը


Օրերս «Մուղնի» հրատարակչությունը լույս ընծայեց գեղագետ, մշակութային մեկնաբան Լևոն Լաճիկյանի «Խաչվող ճանապարհներ» ուղեգրությունների ժողովածուն, որտեղ զետեղված են հեղինակի` տարբեր տարիներին տարբեր երկրներ կատարած այցելությունների ժամանակ ծնված 15 ուղեգրությունները£ Այս աշխատությունը կարելի է համարել երկրագիտական մի յուրօրինակ շտեմարան մեր բազմադարյա հայրենիքի, օտար ափերում սփռված հայ գաղթօջախների, ինչպես նաև այլ երկրների պատմական կարևոր անցքերի, այժմյան նիստուկացի, սովորույթների ու բարքերի վերաբերյալ£ Գիրքն ընթերցելիս թվում է, թե շրջում ես գրողի այցելած վայրերով, նրա հետ հուզվում ես և ուրախանում, կիսում նրա մտորումներն ու զգացումները£ Խորհրդանշական վերնագրով է սկսվում պատմական Հայաստանին նվիրված առաջին ուղեգրությունը` «Հողը` տիրոջն սպասելիս»£ Պատմական տեղեկություններն ու փաստերը ներկայացված են գեղարվեստորեն` զուգակցված պատկերավոր, հոգեհույզ արտահայտություն ներով, երբեմն` նաև քնարական զեղումներով. «Արտասվելու չափ գեղեցիկ է Արևմտահայաստանը£ Բաթումից հատելով վրաց¬թուրքական սահմանը` ընկնում ես դրախտային մի միջավայր, որի մի կողմում Սև ծովն է, մյուսում` Պոնտական լեռնաշղթայի բարձրագույն հատվածը հանդիսացող Խաչքար լեռները` իրենց ամենաբարձր` Խաչքար գագաթով£ Համշենահայերով բնակեցված այս շրջանները սրընթաց անցնելուց հետո հայտնվում ես հայոց Տայք գավառում£ Ու առջևդ բացվում է հեքիաթային մի աշխարհ, որտեղ բնությունն, ասես, իր առավելագույն ջանքերն է գործադրել մարդկային երևակայությունը զարմացնելու համար…»: Ցավն ու ափսոսանքը հոգում անթեղած գեղագետ¬ուղեգիրը, այնուամենայնիվ, լուսավոր հավատով սպասում է, որ մի օր տիրոջ իրավուն քով կմտնի իր պապերի հողը. «Այո, հայրենի հողը շարունակում է ապրել` անհամբեր սպասելով իր իսկական տիրոջ վերադարձին»£ Լայն է Լևոն Լաճիկյանի հետաքրքրությունների շրջանակը£ Նա գեղագետի, արվեստի տեսաբանի սուր դիտողականությամբ է ներկայացնում իր ճամփորդությունները£ Դրան ավելացրած նաև մատուցման յուրահատուկ ձևը, պարզ ու մաքուր հայերենը, հիասքանչ գծանկարները, որոնք հեղինակի ձեռքի աշխատանքն են£ Ինչպես նկատում է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը, ժողովածուն, իրոք, հայտնություն է. «Երբ սկսեցի ընթերցել Լևոն Լաճիկյանի արվեստաբանական վերլուծությունները, հիացա և ուրախացա£ Ինձ առաջինը գրավեց հայերենի նրա քաջիմացությունը և, իհարկե, գեղարվեստական գործն ընկալելու ու վերլուծելու նուրբ դիտողականությունը£ Ակնհայտ է, որ լավ գիտի արվեստի պատմություն, ունի գիտելիքների հարուստ պաշար և ամեն անգամ կարողանում է մոտենալ ստեղծագործողի էությանը»£ «Լևոն Լաճիկյանի ճամփորդական պայուսակը թվում է, թե իր ուսին է£ Գնում է իր ժողովրդի տարագնայ հետքերով, գնում է հողի ճանապարհով£ Վերադարձն է սա, որ ապրում է մեզնից իւրաքանչիւրը նախնեաց աշխարհը յայտնատեսելու ներուժով… … Գնում ու վերականգնում է մեր երթը մայր երկրի ճանապարհներին£ Ուսանելի այնքան բան կայ իր պայուսակում` ճակատագիր, կենսափորձ, ազգային յիշողութիւն, պատմութեան դաս, մեր երկրի գոյներն ու բնութիւնը£ Գլխաւորը ճանաչողութեան սահմանն է, որ նա բացում է քո առջև քարտեզի պես»,¬ նշում է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, միաժամանակ համարելով, որ «Խաչվող ճանապարհներ» գիրքը վերածվել է հայ սփյուռքի յուրատեսակ համայնապատկերի£ «Անցյալի ստվերների քաղաքը. Շուշի» (1998թ.) ուղեգրությունում գեղագիտորեն ներկայացնելով երբեմնի անառիկ ամրոցի քարեղեն, անձեռակերտ հուշարձանները, խոր ցավով ասում է. «Քաղաքներն էլ, երևի, մարդկանց նման բախտավոր ու անբախտ են լինում…»£ Սակայն, չնայած դրան, Շուշիի մասին ուղեգրությունը, ինչպես և մնացածները, ավարտվում է լավատեսությամբ. «Այսօր Շուշիում մոտ 2,5-3 հազար մարդ է ապրում, իսկ ամսական 3-5 երեխա է ծնվում… Մշակութային ավանդույթները թեկուզ դանդաղ, բայց վերականգնվում են£ «Շուշին այսօր քնում և արթնանում է նորաբաց Աստծո տաճարի` սբ. Ղազանչեցոց եկեղեցու զանգերի տակ£ Կա եկեղեցին, կա նրա քաջ հովիվը, և բանուկ է դեպի տաճար տանող ճանապարհը£ Ասել է թե` ապահով է քաղաքի վաղվա օրը` ճիշտ և ճիշտ նրան շրջապատող կարծր լեռների պես»£ «Մեր միջնադարյան և նոր ժամանակների ուղեգրական ժանրի լավագույն ավանդույթների շարունակողն է Լևոն Լաճիկյաննը£ Կարծես հետևելով ԺԷ դարի ուղեգիր Սիմեոն Լեհացուն, ըստ որի «ամենայն տեղ հայ կա», նա նույնպես ամենուր ազգային հիշատակներ է փնտրում և սիրով գրում դրանց մասին£ Դառնանում է նաև, որ այդպիսիք չեն հանդիպում հենց մեր պատմական հայրենիքում` Էրգրում, որի «Առավոտներն արդեն 90 տարի անհայ են բացվում»,- գրքի առաջաբանում գրում է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Գրող¬հրապարակախոս Մարգո Ղուկասյանը, գիրքը գնահատելով արժեքավոր, կիսում է հեղինակի մտահոգությունները. «Ժողովածուն միաժամանակ հայաթափվող հայրենիքի հարց է շոշափում… Լևոն Լաճիկյանն այս մասին թեև ճակատային չի խոսում, բայց էջից էջ նրա ներքին անհանգստությունն ավելի է խտանում և փոխանցվում ընթերցողին, ինչպես դա պատահեց ինձ հետ…»£ ¬ Երբ 2004¬ին այցելեցի պատմական Հայաստան, հասկացա, որ այս գիրքը պիտի ծնվի, ու առաջին ուղեգրությունը հենց մեր բնօրրանին է նվիրված£ Մնացյալը այն ճանապարհներն են քարավանների, որոնցով անցնում են հայերը արդեն դարեր շարունակ£ Ես փորձել եմ նոր հայացքով նայել այդ քարավանային ճանապարհին և փորձել եմ, երևի, իմաստավորել իմ ժողովրդի կեցության, կենսափիլիսոփայության խորհուրդը£ Հոգու ճանապարհների մասին է այս գիրքը,¬ ասում է Լևոն Լաճիկյանը£ Ընթերցողի սեղանին է մի գիրք, որն ընթերցելով` կկատարենք երկար ու օգտաշահ մի ուղևորություն ժամանակների ու տարածության միջով` հայտնաբերելով, որ ճանապարհների հետ միասին խաչվում են նաև մարդկանց ու ժողովուրդների ճակատագրերը…

Գալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ