Բարեկարգ քաղաք


Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Հարգելի Տ. Մարգարյան, Դուք ցանկանում էիք իմանալ մեր` շարքային քաղաքացիներիս կարծիքը, թե ինչպես Երևանը դարձնել բարեկարգ քաղաք: Թույլ տվեք հայտնել իմ կարծիքը` այս անգամ ճարտարապետության վերաբերյալ:

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է և պետք է ունենա իր պատմական դեմքը:

Քաղաքի հատակագիծը նախագծվել է մի քանի անգամ: Մեր անվանի ճարտարապետները լավ գիտակցում էին, որ Երևանը պետք է ունենա հնագույն քաղաքին բնորոշ ոճ:

Կառուցվեցին շենքեր, որոնք միայն հիացմունք էին առաջացնում: Այդ շենքերի շարանը զարդարեց քաղաքի հին ու նոր փողոցները: Երբ Կիևյան փողոցի շենքերի շարանը հանձնվեց շահագործ-ման, բնակիչներին զգուշացրեցին, որ շենքերի տեսքը ոչ մի ձևափոխման չենթարկվի, որպեսզի պահպանվի դրանց ճարտարապետական տեսքը:

Վերջին 20` ազատության, ամենաթողության պայմաններում, նախկինում կառուցված շենքերի արտաքին տեսքը փոխվեց. պատշգամբները վերացվեցին, շենքերի կտուրներին ավելացան լրացուցիչ հարկեր և այլն, և այլն: Նախկին Ճարտարապետական լուծումից ոչ մի հետք չի մնացել:

Դրա հետ մեկտեղ, քաղաքի կենտրոնում կառուցվեցին նորաոճ անճոռնի բարձրահարկերը:

Սովետի ժամանակ քաղաքի իշխանությունը մտահոգված էր ոչ միայն մարդկանց բնակեցմամբ, այլ մտածում էր նաև մարդկանց հոգևոր զարգացման մասին: Քաղաքի ամեն թաղամաս ուներ իր կինոթատրոնը. Կոմիտաս փողոցում` «Կոմիտաս», Աջափնյակում` «Արագած», կայարանամերձ հրապարակում` «Սասունցի Դավիթ»:

Ո՞ւր են մշակութային այդ օջախները...

Բազմիցս խոսվել է հռչակավոր «պրոսպեկտի» Փակ շուկայի մասին: Ցավով նշեմ, որ նախկին Փակ շուկայի կառույցից մնացել են միայն արտաքին պատերը: Շուկան վերածվել է սուպերմարկետի: Հիշեցնեմ, որ այսօր ամերիկյան, եվրոպական ոճի սուպերմարկետներ շատ կան, բայց նախկին Փակ շուկան ուներ արևելյան կոլորիտ և հին Երևանին բնորոշ բուրմունք:

Մի արտառոց բանի մասին ևս:

Անցյալ դարի 40-50-ական թվականներին ստեղծվեց Ֆիզիկայի ինստիտուտը: Բաղրամյան փողոցի վրա կառուցվեց ինստիտուտի շենքը: Ալիխանյանը մեծ ներդրում ունեցավ շենքի ճարտարապետության ստեղծման գործում:

Հետագայում, ֆիզիկայի ինստիտուտը տեղափոխվեց Աջափնյակ, իսկ այսօր շենքը ունի նոր սեփականատեր:

2008 թ. նշվում էր Ա. Ալիխանյանի ծննդյան 100-ամյակը: Հոբելյանական ծրագրի կետերից էր նաև Բաղրամյան փողոցի շենքի վրա հուշատախտակ տեղադրել: Սեփականատերը, սակայն, թույլ չտվեց, հուշատախտակը փակցրեցին շենքը շրջապատող պարիսպին…

Դժվար եմ պատկերացնում, կարո՞ղ է արդյոք, քաղաքի ներկայիս իշխանությունը փոխել իրավիճակը կամ` գոնե արգելել նման գործողությունները հետագայում:

Մի քանի խոսք` արձանների մասին:

Քանդակագործը ոչ միայն ստեղծում է արձանը, այլև ընտրում է դրա տեղադրման վայրը: Արձանը պետք է համահունչ լինի շրջապատող կառույցներին, չպետք է խախտի միջավայրի հարմոնիան:

Սկսեմ բոլոր երևանցիների կողմից սիրված Կարա-Բալայի արձանից: Նախկինում այն ուներ իր կայուն տեղը և հանդիսանում էր քաղաքի խորհրդանիշերից մեկը:

Այսօր «Կարա-Բալա»-ն, կարծես ավելի խեղճացած, «կանգնել» է Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի ստվերում: Այստեղ նա օտար է: Շատ հարազատ ծերուկը մնացել է շիվար, փնտրում է իր տեղը…

Կամ, Թումանյան փողոցի մայթեզրին փռված է մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը: Դիմացը դրված դաշնամուրն ավելի շատ գերեզմանաքար է հիշեցնում: Կոմպոզիտորի մարմինը կիսով չափ երևում է այդ ծանր քարե սալիկից, ձեռքը պարզել է երկինք` ասես աղերսում է, որ իրեն ազատեն մերօրյա վայ-գործիչներից:

Կարծում եմ, որ պետք է վերանայել թե´ արձանի գեղարվեստական արժեքը, թե´ արձանի տեղադրման վայրը:

Կարծում եմ, որ Առնո Բաբաջանյանի արձանը պետք է տեղադրել իր անունը կրող համերգային փոքր դահլիճի մուտքի մոտ:

Մի քանի խոսք` դպրոցների բակում տեղադրված արձանների կամ կիսանդրիների մասին:

Արձանը պետք է դիմավորի շենք մտնողին դեմքով` որպես տան տեր, այլ ոչ մեջքով, ոչ էլ` կողքով: Եթե արձանը տեղադրված է մեջքով, նա հաճախորդ է, եթե կողքով` ծառայող է, դռնապահ, ռուսերեն ասած, «շվեյցար»:

Սա նաև էթիկայի խնդիր է, և քաղաքային իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին:

Ի վերջո` քաղաքիս գլխավոր հրապարակի մասին:

«Պերեստրոյկա»-ից հետո ապամոնտաժվեց Լենինի արձանը: Ինձ համար հասկանալի չէ, ինչու ապամոնտաժվեց, ավելի ճիշտ, հողին հավասարեցվեց շատ գեղեցիկ, ճարտարապետական արժեք ներկայացնող պատվանդանը, որը հանդիսությունների ժամանակ լավագույն ամբիոն կարող էր մնալ:

Այսօր շքերթները ընդունվում են փայտից պատրաստված ժամանակավոր տրիբունաներից, որոնք անմիջապես վերանում են տոնակատարությունից հետո:

Հիշենք, Խորհմիության տարիներին ապամոնտաժվել էր նաև Ստալինի արձանը, բայց պատվանդանը չքանդվեց և հողին չհավասարեցվեց:

Հրապարակի այս մասը դատարկ է...

Իմ կարծիքով, լավ կլինի եթե վերականգնվի նախկին պատվանդանը, իսկ թե ինչպիսի արձան կտեղադրվի … պետք է մտածել: Կարծում եմ, արձանը պետք է խորհրդանշի ողջ Հայաստանը` որպես և´ հնագույն, և´ արդիական երկիր:

Հարգելի պարոն Մարգարյան, բարի է Երևանը ավելի բարետես դարձնելու Ձեր ցանկությունը, բայց առանց համապատասխան օրենքների այդ անելը շատ դժվար է:

Չգիտեմ, կա՞ օրենք, որ վաճառվող շենքը պետք է պահպանի ոչ միայն իր արտաքին տեսքը, այլ հիմնական ֆունկցիաները: Օրինակ, շուկան մնա շուկա, ոչ սուպերմարկետ: Կինոթատրոնը մնա կ/թատրոն կամ, գոնե, ակումբ (արվեստի գործիչների, ընտանեկան և այլն):

Շենքի ճարտարապետությունը ունի իր հեղինակը, ում անունը պետք է հիշվի: Սեփականատերերը կփոխվեն, բայց կառույցը կմնա, և բոլորը պետք է հիշեն, թե ում են պարտական այս կամ այն գեղեցիկ շինության համար:

Կրկին հիշեցնեմ, որ նախկինում բոլոր խոշոր կառույցները, արձանները կառուցվում էին մասնագիտական խորհրդի կողմից բազմակողմանի քննարկումներից հետո և այդ կառույցները չի կարելի քանդել կամ հողին հավասարեցնել:

Քաղաքի բարեկարգման աշխատանքները երկարատև են և ծախսատար: Չեմ կասկածում, որ եթե ոչ բոլորը, գոնե մի քանիսը կարելի կլինի իրագործել Ձեր քաղաքապետության ժամկետում:

Ցանկանում եմ բարի ընթացք` մեր հին ու նոր Երևանի դիմագիծը պահպանելու Ձեր ծրագրերին:

Շողիկ ՀԱԿՈԲՅԱՆ

Երևանցի