Դրսից հովանավորվող ԶԼՄ-ներն այլ աղբյուրներ պիտի որոնեն


Լրատվամիջոցներին սաստելը, փաստորեն, օրախնդիր հիմնահարց է Ռուսաստանում: Ինչ խոսք, որևէ երկրի իշխանություն չի կարող քմահաճորեն լռեցնել իրեն անհաճո լրատվամիջոցին և խարազանվել` որպես խոսքի ազատության թշնամի: Բայց ահա ԶԼՄ-ների գոյության նախապայման ֆինանսական հոսքերի ճանապարհը փակելով` կա´մ կվերանան ազատ խոսքի մունետիկները, կա´մ կդառնան խոնարհ ու կառավարելի:

Անցյալ շաբաթ ՌԴ նախագահի վավերացրած նոր օրենքը թերևս խուճապ կարող է առաջացնել արտասահմանյան կապիտալով սնվող լրատվամիջոցներում: Օրենքը սահմանափակում է ռուսաստանյան ԶԼՄ-ների կանոնադրական կապիտալում արտերկրացի բաժնետերերի մասնաբաժինը. այն չի կարող գերազանցել այդ կապիտալի 20 %-ը: Բացի այդ, օրենքն արգելում է արտասահմանցուն դառնալ լրատվական կառույցների հիմնադիր (տեղեկացրել է ՏԱՍՍ-ը):

Օրինագիծը Պետդումայում հավանության է արժանացել սեպտեմբերի վերջին: Օրենքը շրջանցողներին սպառնում է լրատվամիջոցի փակում` դատարանի վճռով:

Բարեբախտաբար, օտարերկրյա աղբյուրներից սնվող ԶԼՄները ավելի քան 2 տարի ժամանակ ունեն` նոր ներդրողներ որոնելու: Օրենքը ուժի մեջ է մտնելու 2016 թ. հունվարի 1-ից, բայց լրատվամիջոցների տերերին ևս 1 տարի 1 ամիս (մինչև 2017 թ. փետրվարի 1-ը) ժամանակ կհատկացվի` կորպորատիվ շղթայում համապատասխան փոփոխություններ կատարել: Իսկ մինչև 2017-ի փետրվարի 15-ը` հիմնադիրների և սեփականատերերի նոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն Ռուսաստանի վերահսկողության կոմիտե:

Օրենսդրական այս նորամուծությունը կարող է անհանգստացնել խոշորագույն մի քանի հրատարակչատների: Արտասահմանյան ընկերությունների են պատկանում նաև հեղինակավոր Forbes պարբերականը, իր ընդդիմադիր հայացքներով «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, ինչպես նաև «Վեդոմոստի» և «Մետրո» թերթերը, CTC, «Դոմաշնիյ» և «Պերեց» հեռուստաալիքները: