ԳԻՏԵՔ ՉԷ՞, ՈՐ ԽԵԼՈՔ ԵՄ


Բրիտանացի նշանավոր քաղաքագետներից մեկը ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների մասին իր աշխատությունում համոզված պնդում է, որ տեղեկատվական դարաշրջանում քաղաքական կուսակցություն ստեղծելու համար պոստինդուստրիալ հասարակության գործիչներն անխուսափելիորեն առաջնորդվում են հետևյալ միակ բանաձևով` նախ գտնում են դրա համար անհրաժեշտ փող, հետո` առաջնորդին, ապա ստեղծում են կուսակցական կառույց ու նոր միայն այդ ամենից հետո որոշում են կուսակցության գաղափարախոսություն կոչվածը: Կարելի է բանավիճել, թե մեր հասարակության ընդհանուր սոցիալհամակարգային կառուցվածքը որքանով է պոստինդուստրիալ, սակայն գոնե հասարակական-քաղաքա կան հարթությունում, անկասկած, մենք հասել ենք տեխնիկական ու տեխնոլոգիական այն մակարդակին, որն այսօր անվանում են «տեղեկատվական հասարակություն»: Սա այն հասարակությունն է, որում ազդեցիկ ու որոշիչ են ոչ թե արտադրահարաբերություններն ու սեփականության ձևերը, այլ հասարակությանը տեղեկատվություններ փոխանցող քաղաքական ու հասարակական գործիչների, գիտնականների, ձեռներեցների, մենեջերների, լրատվամիջոցների ու այլ աղբյուրների ընտրությունը : Հիշենք, օրինակ, Աֆղանստանում ամերիկյան զորախմբի հրամանատարին, ով հայտարարեց, թե. «Մենք չգիտենք` հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, քանի դեռ այդ մասին չեն հայտնել BBC-ն ու CNN-ը»: Հետևելով ներքաղաքական լուսանցքում տեղի ունեցող նախընտրական խառնաշփոթին, տպավորություն է առաջանում, որ շատերն են ցանկանում օգտվել «տեղեկատվական հասարակության» ընձեռած նորահայտ հնարավորությունից ու դառնալ ընտրյալ: Սրանցից բոլոր նրանք, ովքեր դեռ չունեն գոնե սադոյանական ԱԺԴ-ի նման մի կուսակցություն, տառապում են կուսակցապետ դառնալու ցավով: Մի խոսքով. 2007-ին սկիզբ առած կուսակցաշինական վարակախտը արդեն այսօր բռնկվում է նոր թափով և մետաստազները թափանցում են անգամ խորհրդարան: Կուսակցության վերածվելու հեռանկար է փայփայում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիդասը»: Առավել ցայտուն են «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կուսակցաշինական նկրտումները: Այս դեպքը ոչ միայն տիպային է, այլ ծայր առած երևույթը հասկանալու համար նաև վերլուծության հարմար առարկա: «Անկախ» պատգամավորն արդեն երկու տարի է` գաղտնապահության քողի ներքո մտմտում է քաղաքական ուժ դառնալու իր ծրագիրը, սակայն յուրաքանչյուր քայլը ձախողում Է: Հետևող անցանկալի բնույթի հասարակական արձագանքն էլ ոչ մի կերպ PR համարել չի կարելի: Եթե հաշվի առնենք, որ վանաձորյան ճանաչում ունեցող պատգամավորը կուսակցություն ստեղծելով` քաղաքական, հասարակական կամ սոցիալական որևէ պահանջարկ չի բավարարելու, ապա բացահայտ է, որ Դալլաքյանը, ինչպես այս ուղին ընտրած բոլոր մյուսները, հենց բրիտանացի քաղաքագետի բանաձևով էլ առաջնորդվում են: Որպես տիպօրինակ դիտարկվող պատգամավորը, սակայն, առայժմ կարողացել է բավարարել բանաձևի միայն երկրորդ կետի պահանջը` ինքն իրեն նշանակելով առաջնորդ: Մինչդեռ առանց առաջին ու ամենագլխավոր պայմանը` ֆինանսական բավարարությունն ապահովելու, առաջնորդի առկայությունն անիմաստ, իսկ երրորդ ու չորրորդ կետերի իրագործումն անհնարին են դառնում: Իհարկե, Դալլաքյանը բազմիցս է փորձել իր կուսակցության համար փող ձեռք գցել, բայց ամեն անգամ քաղաքական նպատակով ստացած դրամը անձնական նկրտումներին ծառայեցնելուն ոչ մի բան չի խանգարել: Նա նախ փորձ, բայց նաև դրամ ձեռք բերելու համար դեռ 2006-ին մի կուսակցության ծրագիր ու կանոնադրություն գրեց: Հեղինակային իրավունքը, սակայն, չպաշտպանեց, այլ ստացած հոնորարով գնեց իր գծավոր ու մոդայիկ «Zilli» կոստյումը, կնոջը` վաղուց խոստացած մուշտակը, երեխաներին` յոգուրտ, տունը հիմնովին վերանորոգեց ու կուսակցության համար բան չմնաց: Հետո, դարձյալ պատվերով, հեղինակեց Մեղվաբուծության, ապա Տոհմային անասնաբուծության ու էլի ինչ-որ բաների մասին օրինագծեր, մի քանի այլ առիթներով ևս փող խնդրեց ու ստացավ, տղային պսակեց, անընդհատ առաջացող այլ պահանջներ բավարարեց և հասկացավ, որ փողը երբեք այնքան շատ չի լինելու, որ քաղաքական ծրագրերն էլ իրագործի: Չարացավ իր բարերարի վրա, արդյունքում կորցրեց քավորին ու երբևէ կուսակցապետ դառնալու հույսը: Եթե ոմանք դեռ կարծում են, թե Մանուկյանի ԱԺՄ-ն, Գեղամյանի ԱՄԿ-ն, Դեմիրճյանի ՀԺԿ-ն, Արսենյանի ՄԱԿ-ը, ՍԴՀԿ-ն, «Հանրապետությունը», մյուս կուսակցությունները վերանալով քաղաքականությունից, դաշտում վականսիաներ են առաջացնում` չարաչար սխալվում են: Քաղաքական դաշտում խիստ նեղվածք է և մրցակցային օրինաչափութ յունն առաջիկայում ևս լուսանցք, ապա նաև չգոյության է մղելու այսօր բարեհաջող թվացող նույնիսկ խորհրդարանական կուսակցությունների: Հետևաբար, նոր կուսակցութ յունների քաղաքական ու հասարակական պահանջարկ չկա, օլիգարխներն էլ իրենց հաշվին ուրիշի համար կուսակցություն ստեղծելու անիմաստությունն արդեն` գիտակցել են: Դալլաքյանը թեև շատ է սիրում կրկնել` «գիտես չէ՞, որ խելոք եմ» ինքնագովազգը, սակայն մոռացել է ժողովրդական իմաստնությունը, որ խելոք աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: