ՀԻՄԱ ԷԼ` ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԸ


 

Թուրքիայում ժամանակ առ ժամանակ, հավանաբար քաղաքական նկատառումներով հայտարարություններ են անում իրենց ճանաչված գործիչների հայկական ծագման մասին: Եթե այդ գործիչները ողջ են, ապա հուզվում են, դատի տալիս հայտարարողին և երդվում, որ իրենք հայկականության հետ որևէ կապ չունեն: Դրանից հետո լռություն է տիրում, ապա մի նոր բացահայտում է տեղի ունենում: Սակայն ո˜վ կմտածեր, որ հիմա էլ թուրքական թերթերը կգրեն Քեմալ Աթաթուրքի հայկական ծագման մասին:

Մինչև վերջերս մենք գիտեինք, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը սալոնիկցի հրեա է` թուրքական որոշ «երանգավորմամբ»: Բայց ահա հայտարարվում է, թե նա ծնվել է Մալաթիայում, իսկ որպես հայկականության ապացույցներ էլ դիտարկվում են նրա հոգեզավակի բացատրությունները, ինչպես նաև այն, որ Աթաթուրքի առաջին հոգեզավակը մանկատնից ելած հայ աղջիկ է, ով հետագայում դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն:

Հարյուրամյակներ շարունակ իրար կողքի ապրելով, բնականաբար, պիտի լինեին և հայ-թուրքական ամուսնություններ, որոշ թրքացած հայեր պիտի ստանձնեին բարձր պաշտոններ Թուրքական պետության մեջ: Հիշենք արյունարբու Սուլթան Աբդուլ Համիդին, ում մայրը հայուհի էր` Գոհար անունով: Հիշենք նախագահ Թուրգութ Օզալին, ում մայրը նույնպես հայկական ծագում ուներ: Բայց հազիվ թե այսքան տարիներ թուրքական հետախուզությունն ու պատժիչ կառույցները չուսումնասիրեին իրենց երկրի արխիվներն ու չբացահայտեին Աթաթուրքի հայ լինելու հանգամանքը: Ուշագրավն այն է, որ նրան կամ հայ են անվանում, կամ` քուրդ: Ու պարզ է, որ Թուրքիայի ներսում ինչ-որ բան այնպես չէ: Ինչո՞ւ օրինակ մակեդոնացի չեն համարում...

Աթաթուրքն իր կենսագրության մեջ չէր զլանա նշել Մալաթիայում ծնված լինելու հանգամանքը, քանի որ Մալաթիայում նաև օսմանցիներ են ապրել: Բայց նա ամեն ինչ պիտի աներ ծննդավայրը Սալոնիկը նշելու համար, որպեսզի որևէ մեկը չկասկածեր նրա հրեականությունը: Ի վերջո, թող Թուրքիայում հանգիստ նստեն. հայերը որևէ հավակնություն չունեն իրենցը համարելու Աթաթուրքին, ինչպես երբևէ չեն ուզում հիշել, որ Ստալինի ծագումն էլ հայկական է: