ԱՍՏՎԱԾ ԴԱՏԱՎՈՐԴ ԼԻՆԻ


 

Կանդամակցի՞ Հայաստանն այդ նոր ստեղծվող Եվրասիական միությանը, թե ոչ` գերադասելով Եվրամիությանն ասոցացված անդամակցությունը, Հայաստանի ժողովրդի և իշխանություննե րի որոշելիքն է: Այս օրերին էլ այդ հարցը, թերևս, ամենաարդիականն է և քննարկվում է մեր երկրի քաղաքական, ինչպես նաև քաղաքացիական ամենատարբեր շրջանակներում: Պարզապես ազնիվ չէ, երբ կողմերից մեկն իր տեսակետն առաջ տանելու համար դիմում է... շանտաժի:

Այլ կերպ չես կոչի այն, որ թեկուզ սուվերենության կորստի գնով Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելու կողմնակիցներն այս հարցի շուրջ բանավեճում այլ փաստարկ չունենալով, դիմում են իրենց ընդդիմախոսների ներսում Ռուսաստանաֆոբիա սերմանելուն: Շատ ավելի վտանգավոր է, երբ այդ անազնիվ քայլին են դիմում հանրության շրջանակներում քաղաքականության մեջ փորձվածի ճանաչում ունեցողները: Վերջերս այդօրինակ քայլի է դիմել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանը: Պնդելով Եվրասիական միությա նը Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը, նա ասել է, թե հակառակ դեպքում Հայաստանից թաց տեղ կմնա: Այս առնչությամբ, անմիջապես մտաբերեցի 1994-ի սկզբին ծայր առած Աշոտ Մանուչարյան-Վանո Սիրադեղյան հակադրությունը: Այդ օրերին այս երկուսի մամլո ասուլիսները հաջորդում էին միմյանց: Այդ ժամանակ էր, որ Վանո Սիրադեղյանը Ա. Մանուչարյանի վերաբերյալ ասաց` ռուսամետությունն այլ բան է, Հայաստանում Ռուսաստանի քաղաքականություն վարելը` այլ: Այս նախադասությունն այսօր առավել քան արդիական է հնչում:

Ա. Մանուչարյանն իր այս ասածով իմաստազրկում է և´ իր ապրած վերջին քսան տարիները, և´ 88-ին սկիզբ առած` Հայաստանի ու Արցախի, ինչպես նաև ընդհանրապես հայության ազգային ազատագրական պայքարը:

Եթե առաջին իսկ քամուց պետք է երերար ու ոտքով-գլխով Ռուսաստանի գիրկը նետվելու կոչ աներ ու վախեցներ` այլապես Հայաստանից թաց տեղ կմնա, ապա ի՞նչ նպատակ էին հետապնդում 88-ի կրակոտ ելույթները: Իր քսան տարիներն իմաստազրկելն իր գործն է, բայց ազգային ազատագրական պայքարն իմաստազրկելը նրան ոչ ոք չի ների: Վերջապես, պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, երբ ազգը հաղթած է դուրս եկել հզոր թշնամու դեմ պայքարից: Թարմ օրինակը` բազմապատիկ հզոր ԽՍՀՄ-ը 10 տարի անընդմեջ պատերազմելուց հետո ստիպված եղավ գլխիկոր զինուժը դուրս բերել Աֆղանստանից: Այդպես է լինում, երբ հզոր պետությունն ատելություն է գտնում այն ժողովրդի մեջ, որի վզին ցանկանում է իր կամքը փաթաթել:

2015-ին նշվելու է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100 ամյակը: 88-ին արյան գնով հայությանը հաջողվեց վերջապես թոթափել զոհի հոգեբանությունն ու ամենակոր ծան վախը և զենք վերցնել սեփական արժանապատվությունը, ազատ ապրելու աստվածատուր իրավունքը պաշտպանելու համար: Եթե անկեղծ խոսենք, կփաստենք` այդ պայքարում բախվեցինք նաև խորհրդային Ռուսաստանի զինուժին. ցավալի, անդառնալի կորուստներ ունեցանք, ու վերքը ցավում է նաև այսքան տարի հետո ու միշտ է ցավելու: Բայց արդյունքում այնուամենայնիվ մեջքներս ուղղել կարողացանք: Ու հիմա, երբ 2-3 տարի հետո նշվելու է Ցեղասպանության 100 ամյակը, սպառնալ թե` Հայաստանից թաց տեղ կմնա... Իրոք, դժվար, անչափ դժվար է ասվածին որակավորում տալը...

Թող Աստված դատավորդ լինի, Աշոտ Մանուչարյան:

Ա.Դ.