ԿԱՐԵՎՈՐՆ ԱԶԳՈՎԻ ՆՊԱՏԱԿԱԴՐՈՒՄՆ Է


 

Այսօր Մերձավոր Արևելքում, Սիրիայում կատարվող իրադարձությունները մի շարք քաղաքագետների, վերլուծաբանների կարծիքով նպատակաուղղված են նաև տարածաշրջանում Իրանի ազդեցության սահմանափակմանը, ինչը կարող է չհամընկնել նաև մեր ազգային շահերին: Այս իմաստով առանձնապես կարևորվում է հայ-իրանական համագործակցությունը: Իսկ բնապահպա նական ոլորտում այն մեզ համար առավել է կարևորվում, որովհետև այդ համագործակցությունն ընդգրկում է Մեղրիի տարածաշրջանը, որն ավելի շատ է տուժել մեզանում ծավալված գրեթե անվերահսկելի չափերի հասած հանքարդյունաբերությունից: Բնապահպանության ոլորտում հայ-իրանական համագործակցության շուրջ է զրույցը «Հայէկոմոնիտորինգի» փոխտնօրեն Սեյրան ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:

- Արդեն հինգ տարի է` ԻԻՀ հետ համատեղ Արաքս գետի մոնիտորինգ ենք իրականացնում: Հստակ մեխանիզմ կա` պարբերական հանդիպումներ, տեղեկատվության փոխանակում: Այս տարի առաջարկվեց երկու բաղադրիչով ընդլայնել այդ համագործակցությունը. համատեղ արգելոցային համակարգի ստեղծում, հայկական կողմում Շիկահողն ունենք, Արևիկն ունենք, արգելավայր և էլի նման տարածքներ: Նաև իրանական կողմում կան նման տարածքներ` հենց անմիջապես Արաքսի հարավային հատվածը: Եվ իրանական կողմն առաջարկեց, որ դա դառնա միջազգային պարկ-արգելոց:

Կարծեմ 15-20 օր առաջ այդ հարցերով Հայաստանում էր ԻԻՀ բնապահպանության նախարարը :

- Բնապահպանական հարցերով Իրանի փոխնախագահն է զբաղվում: Նա էր այստեղ, և այդ ժամանակ է խոսվել այդ մասին: Սկզբունքորեն հայկական կողմը համաձայնել է, բայց սահմաննե րի և ռեժիմի ճշգրտման խնդիրներ կան, որովհետև այդ տեղանքում գործունեության, բնակավայրերի գոյության որոշակի սահմանափակումներ կարող են առաջանալ: Ինչ վերաբերում է Արաքս գետի համատեղ մոնիտորինգին` դա շարունակվելու է. սեպտեմբերի 10-14-ը Երևանում տեղի կունենա հայ-իրանական հերթական հանդիպումը, կքննարկվի և կհաստատվի եկող մեկ տարվա գործունեության ծրագիրը: Այս պահին մեր աշխատողները, նախօրոք հաստատված ծրագրի համաձայն, Արաքսից ջուր են վերցնում` էկոլոգիական վիճակը ստուգելու համար: Դա արվում է յուրաքանչյուր ամիս և´ իրանական, և´ հայկական կողմից: Երեք ամիսը մեկ նման` միասնական ստուգումներ են կատարվում: Իրանցի մասնագետներն անցնում են հայկական, հայ մասնագետներն` իրանական ափը և սահմանի ողջ երկայնքով գետի ջրի էկոլոգիական վիճակի համատեղ ստուգումներ ենք անցկացնում: Նրանք առաջարկում են անմիջապես գետի ափին ստեղծել բնապահպա նական կենտրոններ`լաբորատոր կենտրոն բաղադրիչով: Այս առաջարկն ունի նաև բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու նպատակ:

Արաքսի ջուրը իրանական կողմին հետաքրքրում է ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու նպատակով: Բայց հայկակակ կողմը, որքան գիտեմ, խմելու ջրի պակաս չպետք է ունենա:

- Չեք սխալվում: Մեզ Արաքսի ջուրը հետաքրքրում է Մեղրիի տարածաշրջանի հատվածը ոռոգելու համար: Նաև` որպես բնապահպանական համակարգ: Եվ այս առումով` հայ-իրանական հաջող համագործակցությունն իրականություն է:

- Որքան տեղյակ եմ, այսօր հայ-իրանական սահմանին, Արցախի հատվածում գտնվող տարածքն սկսել են օգտագործել: Այդ նպատակով նաև բանավան են կառուցում:

- Բանավանի մասին տեղեկություն չունեմ, բայց Արաքս գետի վրա մեծ ջրամբար են կառուցել և համատեղ օգտագործում են այնտեղ կուտակված ջուրը: Իսկ բնապահպանական կենտրոնի` իրանական առաջարկի մասին ասեմ, որ իրենց ափում այդպիսի կենտրոն արդեն կառուցվել է և բացումն էլ եղել է: Մեր կողմում ստեղծելու առաջարկությունն այժմ քննարկման փուլում է: Ես, որպես մասնագետ, դեմ եմ մեր կողմում այդպիսի լաբորատորիա ստեղծելուն: Նախ` դա կարժենա 2-4 մլն դոլար: Բացի այդ. ես քիչ եմ հավատում, թե հնարավոր է Հայաստանում գտնել 20-30 լավագույն մասնագետներ և այնպիսի վարձատրություն տալ, որ նրանք համաձայնեն Մեղրիում ապրել և աշխատել: Իրանական կողմը խոստանում է օգնել: Բայց իրենք տեխնոլոգիական և մասնագիտական մակարդակով մեզանից հետ են: Կա նաև Իրանի կողմից Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություն: Ըստ էության, գրեթե բոլոր համաձայնությունները կայացված են: Սահմանին ՀԷԿ-ի կառուցումը շատ լուրջ խնդիր է: Իսկ այս ամենի հիմքն այն է, որ հատկապես Իրանում ջրի մեծ պահանջարկ կա: Ուրմիա լիճն այսօր ցամաքում է, այն մի քանի մետր իջել է. ափերն աղի հաստ շերտով են պատվել: Իրենք խնդիր ունեն ջուր տանել լցնել Ուրմիա լիճ, ունեն Ադրբեջանին սահմանակից տարածքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիր, որովհետև այսօր այնտեղ Արաքսի ջուրն են ֆիլտրում և խմում: Այս պատճառով Իրանի համար կարևոր է Մեղրիի տարածաշրջանի էկոլոգիական լավ վիճակի պահպանումը, ջրերի մաքրությունը: Չի բացառվում, որ տարիներ հետո կարող է այդտեղ գտնվող աղբյուրներից խմելու ջուր գնա Իրանի բնակչությանը: Ինչո՞ւ չէ, այսօր այդ ջուրը լցվում է Արաքսը, թող գնա Իրան`մարդիկ խմեն:

Թուրքիան այսօր օգտագործում է Արևմտյան Հայաստանի ջրային պաշարները և այդպիսով առաջնային դիրք է գրավում տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ: Գիտենք նաև, որ քաղցրահամ ջրի պաշարներով Հայաստանը լավ դիրքերում է, բայց նաև գիտենք, որ ջրի կորուստները փոքր չեն:

- Ջրի պաշարների հավաքման ու պահպանման ամենահարմար տարբերակն իհարկե ջրամբարաշինությունն է: Հայաստանում կա մոտ 70 ջրամբարի նախագիծ: Դա ազգային լուրջ ծրագիր է, որ պետք է իրականացվի: Մենք ունենք այդ հարստությունը և կարող ենք այն շատացնել: Քաղցրահամ ջրի պաշարով մենք համարվում ենք միջին ապահովվածության երկիր: Մեր վերականգն վող ջրի պաշարները հաշվվում են տարեկան մոտ 8 միլիարդ խորանարդ մետր: 1 միլիարդ խորանարդ մետրը տվյալ տարածքի վրա կարող է պահել մինչև 1 մլն մարդ: Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման դեպքում մենք ի վիճակի ենք պահել 2-3 անգամ շատ բնակչություն: Միայն ազգային նորմալ ծրագիր է պետք ունենալ: Ճապոնացիները որոշել են, որ 2050թ. հետո ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողը պետք է դառնա Ճապոնիայի ռոբոտների հավաքականը:

- Կարծում եմ` կարող են:

- Կարող են, որովհետև այդպիսի խնդիր են դրել: Ամերիկացիները խնդիր էին դրել Լուսին թռնել, այսօր խնդիր են դրել Մարս գնալ: Այսինքն, կարևորը ազգովի նպատակ դնելն է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ