Ո՞Վ Է ՀԱԼԱԾՎԱԾԸ


 

Տարատեսակ աղանդների տարածվածության, օրավուր ահագնացող դրանց ծավալների, քայքայիչ ազդեցության ու դառնագին հետևանքների մասին խոսում ենք ամեն օր, ամեն ժամ: Իսկ մոլորյալներին ջանասիրաբար իրենց ծուղակը գցող հոգեորսներին հանդիպում ենք ամեն խաչմերուկում:

Իրավիճակն իսկապես աղետալի է. ըստ որոշ շրջանառվող տեղեկությունների` այսօր մեր երկրում աղանդների հետևորդների թիվը հասնում է 350 հազարի: Իսկ երբ կողք-կողքի ենք դնում մեր այս ցավալի իրականությունն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի` վերջերս արված հայտարարությունը, «զավեշտալի» պատկեր ենք ստանում: Կրոնական ազատությունների մասին` 2011-ի ամփոփիչ զեկույցում Պետդեպն անդրադարձել է նաև Հայաստանին: Ու պարզվում է` «Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ ներկայությունը գուցե կարող է վիրավորել որոշ կրոնական փոքրամասնութ յունների ինքնասիրությունը»:

- Սա բավական ծիծաղելի փաստ է` հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու ավանդական ներկայությունը հայ հասարակության մեջ: 2-րդ չափազանց «հետաքրքիր» փաստը. Հայաստանին մեղադրում են 58 Եհովայի վկաներին հալածելու մեջ այն պատճառով, որ ազատազրկվել են` զինվորական ծառայությունից` այդ թվում նաև այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Հարց է ծագում` ո՞վ է այս պարագայում հալածվածը: Ազգը՞, որի երիտասարդը խուսափում է իր երկիրը պաշտպանել, թե՞ Եհովայի վկաները, որ ստացել են այդ կարգավիճակը և իրենց խցիկներում իրենց ազատությունն են վայելում: Ես դա չեմ համարում ազատազրկում: Իրենք ոչ մի արտոնություն չունեն և ոչ մեկից լավը չեն,- անդրադառնալով խնդրին` ասում է Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆԸ` հավելելով.

- Մենք շատ ենք ընկրկում եվրոպարտավորությունների առաջ: Չպիտի տառապենք գերազանցիկ աշակերտի բարդույթով և ընդունենք ամեն ինչ: Ազգային դիմագիծը խարխլելու վտանգի առաջ ենք կանգնած:

- Ազգին ու ժողովրդին ծառայելուց հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն: Ես որևէ մեկի կրոնական պատկանելության դեմ ոչինչ չունեմ: Եթե Եհովայի վկա է կամ բուդդիստ` Աստված իր հետ: Սակայն երբ գործունեություն են ծավալում` մեր երկրին ու ժողովրդին ոչ հարիր, դա է վտանգավոր, դրա դեմ պետք է պայքարել: Իմ երկրի օրենքով 18 տարին լրացած պատանին պիտի գնա ծառայության, հակառակ դեպքում` նա օրինազանց է: Իսկ եվրոպաները պաշտպանում են նրանց` չգիտես ումից: Եթե այսպես շարունակվի, ի՞նչ կլինի մեր երկրի վիճակը: Պիտի քննարկումներ լինեն ժողովրդի մեջ, ճիշտ օրենքներ լինեն, որոնք թույլ կտան չվիրավորելով որևէ մեկի կրոնական պատկանելությունը` երկիրը պաշտպանել ոտնձգություններից: Այս նույն խնդրին ենք բախվում սեռական փոքրամասնությունների դեպքում: Եթե խոսում են նրանց պաշտպանելու մասին, լավ, պաշտպանենք, ձմռանը վերարկու հագցնենք... Բայց եթե ես չեմ ուզում որ իմ որդին համասեռամոլ լինի, ո՞վ պիտի պաշտպանի իմ իրավունքը,- իր մտահոգությունն է կիսում նաև ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

- Պիտի բոլորս ընդունենք, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ համաշխարհային ցանցն է, որը հային հայ է պահում: Ես անուններ չեմ տալիս, բայց բազում թշնամիներ ունենք, ովքեր ձգտում են կործանել մեզ: Թշնամին միայն նա չէ, ում հետ հրաձգության մեջ ենք: Իսկ ազգը կործանելու ամենաուղիղ ճանապարհն այդ ցանցը քանդելն է: Ցանց, որի վրա հիմնված է ամբողջ ազգը: Դա միայն մեզ է հատուկ, այդ պատճառով մեզ հետ են այդպես վարվում,- համոզված է Զ. Դիլանյանը:

Այսօր բոլորը գիտեն քայքայիչ աղանդների մասին: Եվ հազիվ թե գտնվի մեկը, ով դեռ չի հասցրել հանդիպել դրանց հետևորդներին: Սակայն բոլորը խոսում են Հիսուս Քրիստոսի անունից, իրենց խոսքը համեմում Կտակարանից մեջբերումներով: Այս պարագայում ինչպե՞ս դասդասել, ո՞րն է քայքայիչ աղանդ, ինչպե՞ս ճանաչել և զգուշանալ նրանցից: Մեր խնդրանքով հարցին անդրադարձավ Տեր Կորյուն քահանա Կարապետյանը.

- Բոլորը խոսում եմ Ավետարանով, անշուշտ, և հենց դրա մասին էլ ժամանակին խոսում էր Հիսուս Քրիստոսը: Եվ ասում էր` կգան ժամանակներ, կգան սուտ Քրիստոսներ, սուտ մարգարեներ... Ինչպե՞ս տարբերակել: Ինչպե՞ս են տարբերակում մարդիկ իրենց հոր տունը` հարևանի տնից: Պարզապես չպիտի հեռանան Հոր տնից` ասել է թե` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս` քայքայիչ աղանդներին չի կարելի թողնել որևէ գործունեության ասպարեզ: Չթողնել տուն, փողոցում չխոսել-չհարաբերվել չարի որևէ գործակցի հետ: Աստվածաշունչը գիտություն է: Պետք է թեքվենք ի լույս Աստված-գիտության: Իսկ խնդիրների դեպքում պետք է պարզապես գնալ Հոր տուն` եկեղեցի և հարցնել հոգևորականին` թե Աստվածաշնչում այսպես է գրված, ի՞նչ է սա նշանակում: Որպեսզի յուրաքանչյուրը հստակ գիտելիքներով զինվի և կկարողանա պայքարել: Միանշանակորեն բոլոր աղանդները, որոնք շեղված են Հայ Առաքելական եկեղեցուց` քայքայիչ են:

Իսկ ըստ Զ. Դիլանյանի.

- Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ օրենքով ունենայինք սահմանազատում, թե ո՞րն է քայքայիչ, որը` ոչ: Շատ աղանդներ ասում են` մենք ուղղադավան ենք, մենք աղանդ չենք, մենք պաշտում ենք Սուրբ երրորդությանը, բայց մերժում են եկեղեցական ավանդույթը: Վարդապետություն ստեղծելիս պիտի հավատարիմ մնալ առաքելադավան ավանդույթին: Մենք ինչու ենք համարվում Առաքելական, քանի որ առաքելահիմն ենք, իսկ իրենք պնդում են, թե իրենք էլ են առաքելական: Այդ ո՞ր առաքյալը ձեզ հիմնեց: Նշանակում է անջատվեցիք եկեղեցուց, ընդդիմացաք, ստեղծեցիք ձեր կեղծ վարդապետությունը: Ես, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, գտնում եմ, որ բոլորն են քայքայիչ, ովքեր ներխուժում են Եկեղեցի և հեռացնում հավատացյալին: