ԻՇԽԱՆԱԴՈՒՍՏՐ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ


 

Չնայած ամռան շոգին և մարդկանց արձակուրդային տրամադրություններին, Հայաստանում այս օրերին բոլորից շատ քննարկվող թեմաներից մեկն էլ երգչուհի Լուսինայի` Լուսինե Անդրանիկի Մանուկյանի ամուսնության հարցն է: Պարզվում է, որ Հայաստանի ծպտյալ օլիգարխներից մեկի (ով հիմա Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և Լիազոր դեսպանի պաշտոնն է վարում` բառացիորեն անգործության մատնելով դեսպանատունը) դուստրը ոչ միայն որոշել է ամուսնանալ, այլև փեսացու է ընտրել իրենից տարիքով բավական փոքր մի տղայի, ով աշխատում է ՀՀ նախագահի աշխատակազմում:

Կարելի է ենթադրել, որ նա նույնպես ունևոր ընտանիքի զավակ է: Մոտ տասը տարվա տարիքային տարբերությունն այնքան էլ չի անհանգստացրել ապագա փեսային, քանի որ նա դառնալու է «իշխանադստեր» ամուսին, օգտվելու է այն բոլոր «բարիքներից», որոնք ստեղծել է ժամանակին «սերվիզի Անդո» անվամբ օլիգարխը: Վերջինիս երջանկության անիվը սկսեց արագորեն պտտվել հատկապես այն պահից հետո, երբ վիրավորվեց խորհրդարանում ահաբեկիչների կրակոցներից: Ապագա փեսան առավել երջանկացել է` իմանալով, որ քավորի և քավորկնոջ պարտականությունները ստանձնել են ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն: Սա նշանակում է, որ շատ ճոխ հարսանիք է լինելու: Ինչպես մի տեղում հայտարարել է Անդրանիկ Մանուկյանը` նա մոտ մեկ միլիոն դոլար է ծախսելու դստեր հարսանիքի համար: Եթե այս մեկ միլիոնը բաժանենք ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում աշխատողների վրա, ապա կստացվի, որ դեսպան-օլիգարխը դստեր հարսանիքի համար ծախսելու է Ազգային ակադեմիայի չորս ամսվա աշխատավարձը… Կարծես թե վատ չենք ապրում, պարոնայք: Միայն հարց է, թե ով և ում փողերով է լավ ապրում…