«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՕՐՀԱՍԸ


 

Ինչպես արդեն նկատում ենք, օրավուր փլուզվում ու անէանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որն իր առաջին քայլերով լուրջ հայտ էր ներկայացրել, հույս ներշնչել, թե դառնալու է այլընտրանքային ընդդիմություն` Հայաստան բերելով նոր ժողովրդավարական արժեքներ:

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ այս կուսակցությունը լոկ ստեղծվել էր, որպեսզի միանալով «Ժառանգությանը»` տեղեր զբաղեցներ ԱԺ-ում: Այս նպատակի ճանապարհին խորհրդարանից դուրս մնացին «Ժառանգության» այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, իսկ սա մեծ կորուստ էր մեր խորհրդարանի համար: Հիմա արդեն Խաչատուր Քոքոբելյանի կուսակցությունը կանգնած է մեծ փլուզման եզրին, իսկ շատ անդամների հեռանալու փաստը վկայում է, որ գործ ունենք չկայացած և ընդամենը «դրսից» թելադրող ուժերի վատ նախագծի հետ: Մեր այն հարցին, թե ինչպես է գնահատում «Ազատ դեմոկրատների» շարքերում ձևավորված իրավիճակը, ՀԱԿ անդամ, «Ժողովր դական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանն ասաց.

- Ընդամենը կասեմ, որ ես ցավում եմ ու կասեմ, որ նման քայլի գնալուց առաջ պետք է խորը վերլուծեին, որպեսզի նման անհաջողության չմատնվեին: Ես դա համարում եմ էլի ափսոսանք և ցավ, որ նման ուժն անգամ չկարողացավ մեկ տարի գոյատևել: Առանց այդ էլ այդ միավորման շարքերը նոսր էին, և այսօր է´լ ավելի նոսրացավ: Եվ գոնե ինձ համար մի անցանկալի երևույթ տեղի ունեցավ: Ես չէի ուզենա` դա ինչ-որ մեկի հասցեին ուղղվեր, դա շատերի մոտ է ստացվում, երբ փորձում են ինչ-որ առանձին միավորումով երկրում քաղաքականություն վարել:

Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ