Որպեսզի ձեր բանկային քարտերը չդատարկվեն


 

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին տարիներին, բանկոմատների և բանկային հաշվեհամարների ի հայտ գալուն և լայն տարածում գտնելուն զուգընթաց, աշխուժացել են նաև այսպես կոչված, բանկոմատային խարդավանքները: Այդօրինակ հանցագործությունների դրսևորումները բազմազան են, և մեր թերթը կշարունակի ժամանակ առ ժամանակ անդրադառնալ դրանց: Այսօր ներկայացնում ենք հերթական թարմ օրինակը, որը նաև ամենապարզունակներից է բանկոմատային հանցագործությունների շղթայում:

Երևանի բնակիչ, 25-ամյա Ռաֆայել Ա.-ն վերջերս պետք է գնումներ կատարեր և սովորականի պես քայլերն ուղղել էր Սարյան փողոցում գտնվող մոտակա բանկոմատը` «Կոնվերսբանկ»-ի իր «Առկա» քարտից գումար հանելու: Հաշվից հանել էր անհրաժեշտ 100.000 դրամը, կատարել գնումներն ու վերադարձել տուն: Մոտ մեկ շաբաթ անց երիտասարդը վերստին փողի կարիք էր զգացել, սակայն քարտը ոչ մի կերպ չէր կարողացել գտնել: Տնտղել էր գրպանները, փնտրել տան հնարավոր անկյուններում, բայց քարտը չկար ու չկար. ասես անհետացել էր տնից: Ստիպված վերցրել էր անձնագիրն ու գնացել բանկ: Սակայն մեծ էր եղել զարմանքը, երբ բանկում տեղեկացրել էին, որ հաշվեհամարը դատարկ է: Գումարի ամբողջ մնացորդը` մոտ 50.000 դրամ, անհայտ անձն օգտագործելով իր քարտը` հանել էր բանկոմատից:

Մի ամբողջ օր զուր փնտրտուքներից հետո երիտասարդը քայլերն ուղղել էր ոստիկանություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզել են, որ քարտը տնից գողացել է երիտասարդի խորթ քույրը` 24-ամյա Գայանե Գ.-ն:

Աղջիկը ոստիկանությունում խոստովանել էր, որ եղբոր թղթերի մեջ փնտրել ու գտել էր նաև քարտի գաղտնաբառն ու հենց նույն օրն էլ բանկոմատներից մեկից հանգիստ խղճով հանելով ամբողջ գումարը` ծախսել էր անձնական կարիքների համար:

Կարծում ենք ընթերցողն անհրաժեշտ հետևություններ կանի այս և առաջիկայում ներկայացվելիք համանման պատմություններից: Իսկ ամենապարզ խորհուրդը, որ ուզում ենք տալ` ձեզնից ամենևին էլ մեծ ջանքեր չի պահանջվում. քարտը պահեք հուսալի տեղերում, այն ոչ մեկի, թեկուզ կարճ ժամկետով, մի վստահեք, և աշխատեք առանց հուշաթղթեր պահելու անգիր հիշել քարտի քառանիշ գաղտնաբառը: