Ինտերնետային նամակագրության ծուղակում


 

Ի՞նչ են անում այսօր համացանցում, ժամանակակից տերմինով ասած, օգտատերերը. տեկատվություն են որոնում, երաժշտություն լսում, ֆիլմ դիտում, նամակագրությամբ զբաղվում, այցելում են ժամանցային կայքեր, ապրանքներ պատվիրում և այլն: Օր-օրի ինտերնետը դառնում է մեր առօրյայի անբաժան մասը, և դրան զուգահեռ` ավելանում է նաև վիրտուալ խարդախների բանակը: Իսկ վիրտուալ իրականության մեջ քողարկումն ավելի բարձր մակարդակի է:

Նրանք ժամանակի հետ կատարելագործում են խայծերը և սկսում ահռելի գումարների հոսք ապահովել իրենց անձնական հաշիվների վրա: Ի տարբերություն իրական կյանքի, վիրտուալ խարդախներն իրենց առավել ապահով են զգում, քանի որ զոհի հետ անմիջական շփում չկա: Իսկ ինտերնետի հետ նոր-նոր շփվողները հաճախ մոռանում են, որ էլեկտրոնային համացանցում գործում են իրական կյանքի նույն կանոնները:

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ներկայացել մի քաղաքացի` ատամնաբուժական ֆիրմայի տնօրեն Դ.-ն: 42-ամյա տղամարդն արդեն տևական ժամանակ էր, ինչ համագործակցում էր չինական մի ընկերության հետ, ումից պարբերաբար սարքավորումներ և իր գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ էր ստանում: Միմյանց հետ հիմնականում հաղորդակցվում էին էլեկտրոնային նամակագրությամբ, իսկ ապրանքները հայաստանյան կողմը ձեռք էր բերում բանկային փոխանցումներով:

Եվ ահա Դ.-ն վերջերս չինական կազմակերպությունից բժշկական սարքավորումների հերթական խմբաքանակը ձեռք բերելու համար իր էլեկտրոնային փոստին ստացել է 9.946 ԱՄՆ դոլարի հաշիվ-ապրանքագիր, բայց այս անգամ մեկ այլ հաշվեհամարով և անծանոթ անձի` ոմն Լու Ջին Լինգի անունով:

Դ.-ն էլեկտրոնային փոստով հարցում է արել, թե ինչո՞ւ են փոխվել բանկային տվյալները, սակայն չինական կողմը հաստատել է, որ ամեն ինչ ճիշտ է, և Դ.-ն փոխանցել է նշված 9.946 ԱՄՆ դոլարն այդ հաշվին: Մեկ շաբաթ սպասելուց հետո Դ.-ն զանգահարել է իր չինական գործընկերոջը և... պարզվել է, որ վերջիններս փոխանցումը չեն ստացել:

Դրանից հետո Դ.-ն և չինական կազմակերպության աշխատակիցն ուսումնասիրելով իրենց էլեկտրոնային նամակագրությունը պարզել են, որ անհայտ անձը հատուկ ծրագրերի միջոցով որսացել է նրանց նամակագրությունը, փոփոխություններ և կեղծումներ կատարել դրանցում: Ապա ստեղծելով վերջիններիս էլեկտրոնային հասցեների նմանակները (մեկ աննշան կետի կամ աչքի չընկնող տառի տարբերությամբ)` թյուրիմացության մեջ է գցել գործընկերներին և խաբեությամբ հափշտակել Դ.-ի 9.964 ԱՄՆ դոլարը:

Ինտերնետային խաբեբային հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանները ներկայումս միջացառումներ են իրականացնում: