Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ԵՐԿՆՔՈՒՄԳԵՐՎԱԾՆԵՐԸ


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-59-ում)

ՍԵՆԻԿ _ «…Գառնուկին իմ, Տե´ր, մարդիկ ուզում են զոհել քեզ համար: Ուզում են այդպես քո սիրտը շահել…»:

ՍԵԴԱ _ «Խնդրում եմ, Աստվա´ծ, փոխիր դրվածքը դաժան այս կյանքի»:

ՏԻԳՐԱՆ _ «Դու ինչո՞ւ, Աստվա´ծ, այնպես չես արել, որ ո´չ գայլերը քաղցած թափառեն, և ո´չ էլ զոհվեն նապաստակները»:

ՇՈՂԵՐ _ «Ինչո՞ւ պիտ նրանց` կենդանիների կյանքը ավարտվի միշտ ողբերգությամբ` երախների մեջ և կամ մորթվելով»:

ՍԵՆԻԿ _ Հապա խոսքերը դուք լսեք մաքիի. «Չեմ խնդրում ես քեզ` ձագիս խնայել: Եթե քո սիրտն էլ արյուն է ուզում, զոհ է պահանջում, թող փառավորվի` տեսնելով ձագիս արյունը անմեղ…»:

ՇՈՂԵՐ _ «Եվ ինչո՞ւ պիտի կենդանիները ապրելու համար հոշոտեն իրար»:

ՍԵԴԱ _ «…և այնպես արա, որ կարողանամ ես ապրել առանց որևէ զոհի…»: Եվ սա ասում է գայլը: Տեր Աստված…

ՇՈՂԵՐ _ Իսկ եթե այդպես Աստված պատժում է մարդկանց չարադատ, այդ դեպքում ո՞րն է կենդանիների մեղքն ու հանցանքը: (Կրկին տիրում է լռություն):

ՏԻԳՐԱՆ _ Ամեն բան կարծես գրված է տեղին:

ՍԵՆԻԿ _ Ինչպես հեքիաթում:

ՇՈՂԵՐ _ Ես միանում եմ նրանց բողոքին:

ՍԵԴԱ _ Մենք էլ: Եվ հետո՞… Կարծում ես, թե մեզ հիմա լսեցի՞ն:

ՏԻԳՐԱՆ _ Է˜, կենդանիներ: Խե´ղճ կենդանիներ: Աստված դեռևս ոչ մի նամակով, ոչ մի բողոքով ոչինչ չի փոխել… Խորհուրդն իմ այս է. «Ինչ որ սխալ է կյանքում ի հիմն, դուք այն փոխելու հույս մի´ ունեցեք: Դաժան է Տիրոջ` Աստծո օրենքը»: (Պատի մյուս կողմից նորից լսվում է զվարթ ծիծաղի ձայն):

ՇՈՂԵՐ _ Իսկ այնտեղ` դրախտում, զվարճանում են: (Ծիծաղի ձայնը շարունակում է հնչել):

ՏԻԳՐԱՆ _ Իսկ այնտեղ` ներքևում, կյանքի դրվածքը ի սկզբանե այնպիսին է, որ ոչ ոք երբեք գոհ լինել չի կարող: Եվ հատկապես` մարդը: Ինչ էլ լինի, ինչ էլ չլինի, տարիների հետ նա պիտի կորցնի հարազատներին… Ու պիտի գա ցավը, կարոտը, տխրությունը… Ու դժբախտ դեպքերն էլ աշխարհից ամբողջովին հո չե՞ն վերանա:

ՍԵԴԱ _ Սե´ն, դու հավատում ես, որ մահից հետո կարո՞ղ է հոգին հաջորդ կյանքն ապրել կենդանիների մարմինների մեջ, թե՞ այսպես այստեղ մեզ ստուգում են: Գուցե մեզ այստեղ հենց Տե՞րն է փորձում: Չէ՞ որ նա մարդկանց փորձում է հաճախ: Մանավանդ որ այս նամակները մեզ գրել են նախկին կենդանիները:

ՍԵՆԻԿ _ Չգիտեմ: Այդպիսի կարծիքներ կան:

ՍԵԴԱ _ Իսկ այս նամակները քեզ ոչինչ չե՞ն ասում: Գուցե մեզ այսպես նախապատրաստո՞ւմ են:

ՏԻԳՐԱՆ _ Ու ես հաջորդ կյանքում կարող եմ լինել սպիտակ շլդի՞կ:

ՍԵՆԻԿ _ Ես մի օր ճերմակ գառնուկ եմ մորթել…

ՇՈՂԵՐ _ Եվ ինչո՞ւ ենք մենք` բոլորս ծնվում այսպես արնախում: Ու դուրս է գալիս` ինքներս մեզ ենք հաճախ հոշոտում… Ինձ գրիչ տվեք. այս նամակի տակ ուզում եմ ես էլ ստորագրել…

ՍԵԴԱ _ Հետաքրքիր է. ո՞վ եմ եղել ես իմ նախորդ կյանքում:

ՇՈՂԵՐ _ Թե եղել ես գայլ, ուրեմն մեղքդ չնչին է հաստատ:

ՍԵՆԻԿ _ Ասում են, որ իմ ծնվելուց առաջ մեր գյուղում մարդ է եղել մի թշվառ: Նրա շիրիմի մոտով անցնելիս ինձ թվացել է, թե ես եմ այդ սև քարի տակ թաղված: Պատկերացնո՞ւմ եք. նա միշտ եղել է կյանքում հալածված, ամենքից լքված ու չհասկացված: Նրան հալածել, ստորացրել է իմ հայրը նաև: Ու ինձ թվում է, հիմա թվում է` դա… եղել եմ ես: (Մի կարճ պահ տիրում է լռություն: Կրկին լսվում է երկնային էակի ձայնը, որն այս անգամ բավական խիստ է):

ՁԱՅՆ _ Իսկ դո՞ւ ինչու չես խոսում: Ի՞նչ է, քեզ ոչինչ չի՞ թվում:

ՍԵԴԱ _ (Վախեցած) Եե՞ս…

ՁԱՅՆ _ Ո´չ: Այն մյուսը:

ՏԻԳՐԱՆ _ Ե՞ս:

ՁԱՅՆ _ Դո´ւ: Ինչպե՞ս է մեռել քո հայրը, գիտե՞ս:

ՏԻԳՐԱՆ_ Մայրս պատմում էր, որ երբ եղել է ինձանով հղի, մեր տուն է մտել հարբած մի չարչի: Կռիվ է արել նա հենց մեր տան մեջ: Մորս հայհոյել, նրա աչքի դեմ սպանել է հորս:

ՁԱՅՆ _ Եվ գիտե՞ս` ով է մարդասպանն այդ պիղծ:

ՏԻԳՐԱՆ _ Անունը նրա եղել է Վարդան:

ՁԱՅՆ _ Անունը նրա եղել է Վարդան, և այդ Վարդանը… ի´նքդ ես հիմա…

Երկինքը որոտում է: Տիգրանին կարծես զարկում է կայծակ: Գլուխը բռնում է, ծնկները ծալվում են:

ՇՈՂԵՐ _ (Իր նախկին ասածը գրեթե կրկնում է): Մենք ինչո՞ւ ենք, Տեր, այսպես արնախում: Ինչո՞ւ ենք մենք մեզ այսպես հոշոտում: (Պատի մյուս կողմից կրկին լսվում է ծիծաղի ձայն):

ՍԵՆԻԿ _ Իսկ այնտեղ` դրախտում, զվարճանում են:

ՇՈՂԵՐ _ Իսկ ձեզ այս ամենն իսկապես կասկածելի չի՞ թվում: Մի տեսակ զուգադիպությունները շատ են: Կարծես ինչ-որ մեկն այս ամենը բեմադրում է: Մենք` բոլորս արվեստագետ` երկու դերասան, երկու նկարիչ, ընկել ենք նույն սենյակի մեջ: Բոլորս ունենք նույն հիվանդությունը. տեսնում ենք տեսիլքներ:

ՍԵՆԻԿ _ Ու եթե նկատի ունենանք, որ դեղերի, հիպնոսի միջոցով կարելի է մարդկանց գցել տեսիլքների մեջ… Կարելի է իսկապես խենթացնել…

ՇՈՂԵՐ _ Եվ գուցե սա էլ հերթական տեսի՞լքն է: Եթե մենք պարզապես հիպնոսի մե՞ջ ենք…

ՍԵՆԻԿ _ Այդ դեպքում ինչո՞ւ բոլորս նույն տեսիլքն ենք տեսնում:

ՇՈՂԵՐ _ Իսկ եթե սա´ է իրական կյանքը, և տեսիլքն այն էր` արդեն անցա՞ծը: Գուցե ցնորքը երկրայի՞ն կյանքն էր:

ՏԻԳՐԱՆ _ Իրական են միայն ակնթարթը, պահը, իսկ անցյալը և ապագան սոսկ երազ են, տեսիլք:

ՍԵԴԱ _ Ես արդեն չգիտեմ` ինչն է իրական և ինչը տեսիլք: Ես պարզապես հիմա կարոտում եմ: Անսահման կարոտում: Թոռնիկիս եմ ուզում: Իմ պստլիկին, ճստլիկին: Դրախտը ախր հենց նա է: Եվ էլ ի˜նչ դրախտ, որտեղ նա չկա… Նա ո˜նց է ինձ նման: Միայն թե տեսնեք: (Ինչ-որ բան հիշելով) Նկարը… Հիմա նկարը ցույց կտամ: (Պահարանում փնտրում է): Հիմա ցույց կտամ… Ահա,(Շողերին) տե´ս… Տե´ս` ինչ բալիկ է: (Ցույց է տալիս երկու նկար): Սա ես եմ, սա` նա… Նույն տարիքում ենք: Տեսնո՞ւմ ես` որքան ենք նման: Ոնց որ` զույգեր…

ՇՈՂԵՐ - (Նկարներին նայելով) Սա դու ես, սա` նա՞…

ՍԵԴԱ _ Այո´: Սա ես եմ, սա` նա: Տեսնո՞ւմ ես. նույն աչքերն են, նույն շուրթերը, նույն թուշիկները:

ՇՈՂԵՐ - (Ինչ-որ հայտնագործություն արածի նման) Ուրեմն, սա դու ես, սա` նա՞…

ՍԵԴԱ _ Դե` հա: Սա ես եմ, սա` նա:

ՇՈՂԵՐ - Ա˜…

ՏԻԳՐԱՆ _ Ի՞նչ պատահեց:

ՇՈՂԵՐ _ Ա˜… (Չկարողանալով տեղում կանգնել` այս ու այն կողմ է գնում): Ինչպե՞ս չեք կռահում: Եթե սա դու ես, սա` նա, ուրեմն… Նշանակում է, որ… (Ուրախությունից չգիտի ինչ անել):Մենք մահացած չենք: (Սենիկը ձեռքով ցույց է տալիս, թե Շողերը խելքը գցեց): Նշանակում է, որ իրականում մահ չկա… Ի՞նչ եք ապշել: (Սեդային) Տե´ս: Սա դու ես, սա` նա` թոռնիկդ: Ճի՞շտ է: Նույն աչքերն են, նույն շուրթերը, նույն թուշիկները:

Եթե դու մեռել ես, ո՞վ է հապա (ցույց է տալիս թոռնիկի նկարը) սա… Մի՞թե այս երկու բալիկները նույնը չեն: Իսկ եթե նույնն են, նշանակում է, որ (նկարներից մեկը վերցնելով) այս մարդ էակը ոչ թե մահացել, այլ նոր կյանք է առել, վերածնվե´լ: (Վազում է դռան կողմը և խփում դռանը): Լսո՞ւմ եք, բացե´ք դուռը: Ես պիտի այս մասին հայտնեմ բոլորին… Լսո՞ւմ եք: (Դռանը կրկին մի քանի անգամ խփում է, ապա հետ դառնում): Ի՞նչ եք նայում: Դուք սրանց նայեք` նկարներին… (Բոլորն ուշադիր նայում են):

ՍԵՆԻԿ _ Իսկապես: Սրանք կարծես նույն երեխայի նկարները լինեն:

ՇՈՂԵՐ - Բա´: Ասում եմ, չէ՞: Եվ, ուրեմն, ինչպե՞ս կարող ես ասել, թե այս բալիկը (ցույց է տալիս նկարներից մեկը) հիմա չկա: Գիտական ինչպիսի ուսումնասիրության կուզեն, թող ենթարկեն: Համոզված եմ, հաստատ կպարզվի, որ սրանք ունեն արյան նույն կարգը, նույն գեները, նույն բջիջները, նույն… Մի խոսքով` ամեն ինչը:

ՏԻԳՐԱՆ _ (Խորհելով) Եվ սա ինչ-որ բացառիկ դեպք չէ: Ո՞վ պապիկի, ասենք թե, խալը չի տեսել որդու կամ թոռնիկի ծնոտին:

ՇՈՂԵՐ _ Ո՞վ մոր ժպիտը չի տեսել դստեր շուրթերին:

ՍԵՆԻԿ _ Այո˜… Փաստորեն վերածնվում է մարդու ամեն բջիջը: Եվ նա կարող է նաև, այսպես ասած, մաս-մաս, առանձին-առանձին հատվածներով վերապրել իր սերունդների մեջ…

ՏԻԳՐԱՆ _ Եվ միայն հիշողությունն է, որ չի փոխանցվում:

ՇՈՂԵՐ _ Բայց հիմա ի՞նչ մի անհնար բան է փոխանցել նաև հիշողությունը: Կարևորն այն է, որ մահ չկա: Մահը աշխարհից վերացած է, իսկ մենք չգիտենք: Իսկ հիշողությունը… Սրա (ցույց է տալիս իր գլուխը) պարունակությունը պարզապես արտագրում ես, ասենք, չիպի մեջ և, խնդրեմ, տեղադրիր ում գլխում կուզես:

ՍԵՆԻԿ _ Այո´: Բայց ո՞վ կուզի կյանքն սկսել ինչ-որ հիշողություններով ծանրաբեռ:

ՇՈՂԵՐ - Դե, ուրեմն, լավ է, որ չի փոխանցվում: Բնությունը գտել է կատարյալ ելքը: Նա մեզ, ահա (Կրկին ցույց է տալիս նկարները), տեսե´ք, ախր վերածնում է: Եթե այս մասին ես չհայտնեմ մարդկանց, կխելագարվեմ: (Դռանը նորից խփում է): Բացե´ք դուռը… Լսո՞ւմ եք… (Կրկին հետ է գալիս, վերցնում նկարները): Ուրեմն, սա դու ես, սա` թոռնիկդ… Սա (Ցույց է տալիս մյուս նկարը)` սա է: (Ցույց է տալիս հակառակ հերթականությամբ): Սա` սա: Սա սա է, սա` սա: (Ձայնի տոնը հանկարծ սկսում է իջնել): Իսկ… ո՞վ է (մատնացույց է անում Սեդային) նա՞…

ՍԵՆԻԿ _ Իրոք: (Սեդային) Այդ դեպքում ո՞վ ես դու: (Նայում է նկարին): Սա, որ նախկինում եղել ես դու, հիմա ամենևին քեզ նման չէ:

ՏԻԳՐԱՆ _ Դուրս է գալիս, որ քո թոռնիկն ամբողջությամբ նման է քեզ, այսինքն դու ես, իսկ դու դու չես: Ուրեմն, ո՞վ ես դու: (Մի պահ տիրում է լռություն):

ՍԵԴԱ _ Ես… Գիտե՞ք, ինձ զգում եմ (ցույց է տալիս նկարներից մեկը) սա, որը ես եմ: Ինչքան էլ ես սրան նման չլինեմ, մեկ է, զգում եմ, որ… ես եմ: Իսկ այս բալիկը (վերցնում է մյուս նկարը), ճիշտ է` զգում եմ, որ իմ միս ու արյունն է, բայց… ես չեմ… Նշանակում է, որ նմանությունից, նյութից բացի` կա նաև այլ մի բան, որը և իրական անձն է: Եվ դա կապ չունի նմանության հետ: Չէ՞ որ երկվորյակներն էլ իրար նման են, բայց որպես անձ` տարբեր: Ուրեմն` ա´նձը այդ ոչ նյութն է, ոչ նյութականը… Մի ուրիշ բան…

ՇՈՂԵՐ - (Թևաթափ) Եվ դուրս է գալիս, որ մենք հիմա իրոք մեռած ենք…

Բեմը նորից պատվում է գունավոր մշուշով: Ամեն բան կարծես այնպես է, ինչպես լինում է հանդերձյալ աշխարհում:

Վարագույրը դանդաղ փակվում է:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմում նույն պատկերն է: Բոլորը նույն ձևով կանգնած են նույն տեղում:

ՍԵՆԻԿ_ Այո´, և դուրս է գալիս, որ մենք բոլորս հիմա մեռած ենք:

ՏԻԳՐԱՆ_ Եվ օրակարգում մի հարց է միայն` դժո՞խք, թե դրախտ:

ՍԵԴԱ_ Ես դժոխքի մեջ արդեն եղել եմ, և ինձ համար դրախտ չի կարող լինել…

ՇՈՂԵՐ_ Հետաքրքիր է, ի՞նչ կասես, Աստված, օրերից մի օր մեր վիճակի մեջ եթե դու լինես:

ՍԵՆԻԿ _ Դու որքան դիպուկ ասացիր, Սեդա´: Դժոխքում եղած մարդու համար ի´նչ դրախտ կարող է այլևս լինել:

ՏԻԳՐԱՆ _ Գիտե՞ք` ինչ անցավ մտքովս: Իսկ ի՞նչ կլիներ, եթե բոլորն անխտիր հավատային Աստծուն: Նվիրվեին անմնացորդ: Ողջ էությամբ, հոգով, մարմնով ծառայեին նրան:

(շարունակելի)