Երկրորդ «ՖՐԵՍԿՈՅԻ» ավարտական ղողանջները


Հառիճավանքի «ժամանակավոր կինոթատրոնից» դեպի Մայր Աթոռ...

Արդեն ավանդական դարձած իր վրանային կինոճամբարը 2-րդ «Ֆրեսկոն» կազմակերպել էր Շիրակի մարզում: Հոգևոր հովիվ տեր Աբգարի հյուրընկալ առաջնոր դությամբ, Հառիճավանքի հինավուրց վանական համալիրի հարակից տարածքը, երեք օր վերափոխվել էր բացօթյա արտասովոր մտերմիկ ներուժ պարփակած բացօթյա կինոթատրոնի: Հյուրեկ մասնակիցներն իրենց զգում էին վանական համալիրի մշտաբնակներ:

...Վրաններ, եկեղեցու դիմահայաց պատին հարմարեցված մեծ էկրան, գետնատարած կինոդիտումներին նպաստավոր, հարմարավետ «Ֆրեսկո» բարձեր, հիմնականում անծանոթ հարյուրավոր «ճամբարականների» անբարդույթ փոխշփումների փառահեղ մթնոլորտ… Երևանից ժամանած խմբերն ու տեղացիները բացօթյա կինոդիտումների, համերգների ու քննարկումների ակտիվ մասնակիցը դարձան: Բարու և Սիրո ամենահուսալի «ամպհովանու» ներքո ինքնակամ պատսպարված շուրջ 160 «ճամբարականներե ամենայն երկյուղածությամբ ներգրավվեցին նաև Հայաստանի ժողովրդական վարպետ, ասեղնագործության միջազգային փառատոների դափնեկիր, ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդության և Աշոտ Երկաթի Խաչի դրոշի հեղինակ, Հայ առաքելական եկեղեցուն իր ասեղնագործ նրբահյուս նվիրատվություններով քառորդ դար յուրովի ծառայող Անահիտ Կարապետյանի վարպետության դասին:

Հառիճավանքի «ժամանակավոր կինոթատրոնում» երկու կինոերեկոների ընթացքում ցուցադրվեցին շուրջ երկու տասնյակ ֆիլմեր, որոնց մի մասի ռեժիսորներն ու պրոդյուսերները մասնակցում էին կինոճամբարին: Իտալական «Մոհամեդն ու ձկնորսը» ֆիլմի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը, բելառուսական «Մայիս 1945» ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սիսակյանը, ռուսական «Մեդեմե ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նաումովը և ուրիշներ: Իսկ իսրայելցի նշանավոր լրագրող-լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի «Երուսաղեմի աղոթք» ֆիլմը և Սանկտ Պետերբուրգի «Քամի» թատրոն-ստուդիայի հիմնադիր, ավազանկարչուհի Դարյա Կոտյուխի անիմացիան ցուցադրվեցին հենց վանական համալիրի ներսում, Անահիտ Կարապետյանի «Տեր ողորմեա»-ի ինքնաբուխ երգեցողությամբ:

Երևանյան բացօթյա և դահլիճային կինոդիտումներով, վարպետության տարաբնույթ դասերով, համերգներով, հանդիպումներով, մարզային վրանային կինոճամբարով և, իհարկե, գիշերային խարույկով աննկատ մոտեցավ ավարտին 2-րդ «Ֆրեսկոն»: Փառք ու պատիվ նվիրյալ կամավորների ողջակեզին Բարու այս կինոհամաժողովի խորանին. հենց նրանց առույգ ջանասիրությամբ հնարավոր եղավ հաղթահարել շատ ու շատ խութեր: Եվ փառատոնի անվարան կայացման հավատընծա նախանշան դարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում կազմակերպված փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ