«Ազատություն»` պատվերի շրջանակներում


Արդեն 20 տարուց ավելի է Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում Երևանի մամուլի ակումբը, որն իր զգալի ներդրումն ունի ոչ միայն հայաստանյան մամուլի, այլև լրագրողների մասնագիտական ունակությունների զարգացման գործում: Խորհրդային տարիների համեմատ, այսօր կարծես թե մամուլը ձերբազատված է սահմանափակումներից, սակայն ազատությունը նաև պատասխանատվություն է ենթադրում: Ինչպիսի՞ն է այսօր հայաստանյան մամուլը, և արդյո՞ք երբեմն այն իր ազատության հետևանքով չի դառնում տարբեր խարդավանքների զոհ: Այս և այլ հարցերի մասին է զրույցը ԵՄԱ նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

- Խոսքի ազատությունը կարծես կայացել է, բայց իրականում կարո՞ղ ենք ասել, որ ունենք իսկապես ազատ և անկաշկանդ մամուլ:

- Ես չէի ասի, որ ամեն ինչ ունենք` ազատ մամուլի կայացման համար: Առաջին հերթին մենք չունենք այն շուկան, որը կկարողանար նպաստել երկրում ազատ մամուլի գոյությանը: Լրատվամիջոցների տարածումը և ֆինանսական հաջողությունները կախված են լսարանի չափից: Եթե այն փոքր է և սահմանափակվում է երկրի տարածքով, միջազգային ասպարեզում մեր լեզվի տարածվածությամբ, ապա այդ առումով հայաստանյան մամուլը շատ սահմանափակ շրջանակներում է զարգանում:

Հանգամանք, որը բնականաբար լուրջ խոչընդոտ է` ազատ լինելու համար: Կարծում եմ երրորդ խոչընդոտն էլ այն է, որ նաև տնտեսապես այնքան էլ զարգացած երկիր չենք, ինչպես օրինակ` Նորվեգիան: Նորվեգիան նույնպես փոքր երկիր է, և լեզուն էլ շատ տարածված չէ աշխարհում, բայց այնտեղ տնտեսական զարգացվածության աստիճանը փոքր տպաքանակ ունեցող թերթերին և լրատվամիջոցներին հնարավորություն է տալիս գոյատևել և բավական հաջողակ լինել: Ինչ վերաբերում է ազատ մամուլ ունենալուն, ապա մենք միայն ֆորմալ հնարավորություններն ունենք դրա համար: Կարելի է նշել նաև, որ պետությունը երբևէ չի նպաստել լրատվամիջոցների զարգացման համար և ամեն ինչ թողնված է այն անձանց վրա, ովքեր զբաղվում են մամուլով:

Այսօր ԶԼՄ-ները կարծես գոյատևում են «ինչպես կարող ես, այնպես էլ ապրիր» սկզբունքով, և շատերը նույնիսկ երջանիկ են, որ պատվեր են կատարում, քանի որ եթե պատվեր ունեն, ուրեմն ֆինանսական հոսքեր կան: Այս առումով դաշտում կան չկողմնորոշված լրատվամիջոցներ, հստակ կողմնորոշում ունեցող ներ և կիսակողմնորոշվածներ: Այսօր նաև դատարաններում քիչ չեն լրատվամիջոցների դեմ հայցերը: Արդյո՞ք այս ամենը չի ստիպում, որ լրատվամիջոցը ինչ-որ տեղ հրաժարվի իր սկզբունքներից և փորձի հարմարվել այս կամ այն պատվիրատուի քմահաճույքին: Եվ փաստորեն, ունենալով բոլոր ֆորմալ հնարավո րությունները, մամուլն իրականում կաշկանդված է, բայց ելք էլ չունի: Ի՞նչ անել:

- Հայաստանի Հանրապետությունում նյութական և իրավական ռեսուրսը շատ է մոնոպոլիզացված, ու այն մարդիկ, ովքեր տիրապետում են այդ ռեսուրսներին, նրանք էլ որոշում են, թե ինչպիսի զարգացում կարող են ունենալ լրատվամիջոցները և ում աջակցեն: Լրատվամիջոցներն էլ ստիպված են հենց այդ մարդկանց հետ կապել իրենց բոլոր հույսերը: Միշտ չէ, որ ԶԼՄ-ներին աջակցելու հնարավորություն ունեցողները հասկանում են, թե ինչ են ակնկալում լրատվամիջոցներից. սա ևս լրացուցիչ խնդիր է: Եթե մենք մի կողմից ունենայինք մամուլին աջակցողներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում լրատվամիջոցներից, իսկ մյուս կողմից ունենայինք պրոֆեսիոնալ մամուլի ներկայացուցիչներ և պրոֆեսիոնալ մեդիա-մենեջերներ, գուցե ավելի մասնագիտական և լուրջ կլիներ: Այդ երկխոսության շնորհիվ գուցե կգտնվեին մամուլի զարգացման այն ուղիները, որոնք կնպաստեին ազատ խոսքի զարգացմանը: Այսօր լրատվամիջոցների մի մասը կաշկանդված է ոչ թե ուղղակի պատվերներով, այլ անիմաստ պատվերներով, որը հետաքրքիր չէ, լուրջ չէ: Ու հենց այդ` վատ ձևակերպված ու մշակված պատվերի պայմաններում ունենում ենք այն, ինչ ունենք, որը ինչ-որ տեղ նաև հրաշք է:

Ձեր կարծիքով այսօր մամուլը տարբեր մանիպուլացիաների չի՞ ենթարկվում, որը նաև վտանգավոր է հենց ազատ մամուլ ունենալու հեռանկարի համար:

- Մամուլի մանիպուլյացիաները տարիներ առաջ կապված էին PR-ի հետ. մտածելով կամ հստակ գիտենալով, որ լրատվամիջոցի անդրադարձը կարող է նպաստել իրենց բիզնեսին, քաղաքականության կամ մշակութային այս կամ այն նպատակներին, որոնք սկսում են «գնել» լրատվամիջոցը կամ լրագրողին, որպեսզի կարողանան ստանալ այն, ինչ բխում է տվյալ պատվիրատուի ցանկությունից, այլ ոչ թե այն, ինչը պահանջում է պրոֆեսիոնալ պարտականությունները: Քանի որ այդ երևույթը բավական տարածված է նաև Հայաստանում, մենք փաստորեն երկու տարբեր և իրար հակասող պարտականությունների միջև ենք հայտնվում: Այսօր մենք ապրում ենք բավական վտանգավոր և սուր աշխարհաքաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում: Հաշվի առնելով այն, որ այդ դաշտում կան շատ հզոր ուժեր, ապա նրանց ազդեցությունը լրատվամիջոցների վրա կարող է ահավոր լինել: Եթե նրանք սկսում են մանիպուլյացիայի ենթարկել լրատվամիջոցները և լրագրողներին, ապա դա այսօրվա աշխարհում ոչ պակաս վտանգավոր է, քան նույնիսկ զանգվածային ոչնչացման զենքը: Սա այն թեման է, որի մասին պետք է շատ լուրջ մտածել` պաշտպանելու համար մամուլը:

- Ստացվում է, որ կրկին իրար են բախվում «խոսքի ազատություն» և «պատվեր ու լրագրողի մասնագիտական պարտականություն» հասկացությունները:

- Նման դեպքերում, եթե ես գործ ունեմ արժեստավարժ լրատվամիջոցի կամ լրագրողի հետ, ապա անկախ նրանից, այն իմ կողմից համակրելի է, թե ոչ, ես կհամաձայնեմ հարցազրույց տալ: Բայց եթե ես գործ ունեմ քարոզչություն իրականացնող «կառույցի» կամ մարդու հետ, ապա ոչ միայն իմ, այլև հասարակության համար ոչ մի օգուտ չտեսնելով` չեմ հարաբերվի նրանց հետ: Որովհետև ի սկզբանե ես գիտեմ, որ այն ամենն, ինչ ասելու եմ, և´ հաստատ աղավաղվելու է, և´ հասարակությանն ու մարդկանց չի հասնելու: Իրականում անսխալ լրատվամիջոցներ չկան և չեն էլ կարող լինել, բայց, եթե լրատվամիջոցն ի սկզբանե ոչ թե իմ խոսքը տարածելու, այլ` խոսքն աղավաղելու և իր ինչ-որ նպատակին ծառայեցնելու խնդիր ունի` ես հրաժարվում եմ նրանց հետ զրուցել: Եվ այն դեպքում, եթե դա գիտակցաբար է արվում, ապա այն չի կարող ոչ ընդունելի լինել, ոչ էլ ներելի` տվյալ լրատվամիջոցի համար:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ