Տանտիրոջ սրտացավությամբ


Կարևոր է, երբ ծննդավայրդ քեզ համար հարազատ օջախ է, ու դու էլ այդ օջախի շենացմամբ մտահոգ անհատ ես` համակված պատասխանատվության զգացումով: Այդ պատասխանատվության բեռը կամովի արդեն ստանձնել է Վահագն ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` Աբովյանի քաղաքապետի ընտրություններում անվերապահ հաղթանակ գրանցելով: Ասել է թե` խոսք-խոստումները կյանքի կոչելու ժամանակն է, ինչին և ձեռնամուխ է եղել նորընտիր քաղաքապետը:

- Նորընտիր պաշտոնյայի պարագայում, թերևս, տեղին է հնչում հավերժական դարձած հարցը` ինչի՞ց սկսել: Որոշակի ավանդույթներով ճանաչված քաղաք է Աբովյանը, և Դուք լավագույնս ծանոթ եք թե´ առավելություններին, թե´ հիմնախնդիրներին: Ձեր նախընտրական ծրագիրը ևս հուշում էր, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվելով` Դուք արդեն իսկ ունեիք Ձեր տեսլականը: Հիմա արդեն այդ պատկերացումները կյանքի կոչելու ժամանակն է: Ինչի՞ց սկսել:

- Եթե նկատի ունեք, թե ո՞ր խնդիրն եմ ավելի կարևորում, նախապես ասեմ, որ քաղաքապետի համար անկարևոր ոչինչ չկա: Բոլոր խնդիրներն էլ առաջնային են: Բավական լուրջ խնդիրներ կան մեր քաղաքում` սկսած բնակֆոնդի պահպանությունից: Կամ, մոտ 2000 երեխա կա հերթագրված, ովքեր ցանկանում են մանկապարտեզ հաճախել, սակայն գործող նախակրթարաններում շենքային պայմանները չեն բավարարում: Հիմա քննարկում ենք եղած պայմաններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու հնարավորությունը, որպեսզի կարողանանք նոր խմբեր բացել: Երևի նկատեցիք, որ իմ սեղանին է Աբովյանի խորհրդանիշերից մեկի` Տրդատի արձանի ու դրան հարող պուրակի հիմնանորոգման-վերականգնման նախագիծը:

Մինչև տարեվերջ մենք կունենանք նոր պուրակ: Իհարկե` ոչ համայնքի բյուջեի միջոցների հաշվին: Հանդիպում եմ ունեցել միջազգային ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների հետ` Աբովյան քաղաքում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով:

Համագործակցում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ, որպեսզի գիշերային լուսավորությունը ապահովենք լուսադիոդային լուսատու համակարգով (LED), որը բավականին լուրջ գումարներ է տնտեսում` մոտ 70 տոկոս: Առաջիկայում գործնական այլ հանդիպումներ կան: Փորձում ենք իրականացնել երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիր: Դժվար է հիմա Աբովյանում վարձով բնակարան գտնել: Դա պայմանավորված է նրանով, որ այն երևանամերձ քաղաք է, կանաչապատ է, գեղեցիկ է: Հիշո՞ւմ եք, սկզբում շատերն էին թերահավատորեն վերաբերվում «բնակարան` երիտասարդներին» ծրագրին. չէին հավատում, որ երկարաժամկետ հիպոթեքով այն կարող է իրականություն դառնալ: Ես համոզված եմ, որ համագործակցելով կառավարության հետ, այդ ծրագիրը կյանքի կկոչենք նաև Աբովյան քաղաքում:

Կան մշակութային խնդիրներ, կան բազմաբնակարանային շենքերի բնակֆոնդի պահպանության խնդիրներ: Ես արդեն ունեցել եմ քաղաքացիների 2 մեծ ընդունելութ յուններ, որոնց ընթացքում առարկայորեն ծանոթանում ենք նրանց անհանգստացնող խնդիրներին: Իհարկե, ընդունելություններից զատ ևս քաղաքացիներն այստեղ են գալիս: Ինքներդ էլ համոզվեցիք. այսօր ընդունելության օր չէ, բայց քանի հոգի սպասում է ընդունարանում: Վերջին հաշվով, որքան էլ քաղաքը բարետես լինի, դրանով քաղաքացուն չես սփոփի` եթե իր տանիքից անձրևաջուրը կաթում է: Նախագիծ ունենք, որը կարճ ժամանակում պետք է իրականացնենք` առավել արդյունավետ դարձնել համատիրությունների աշխատանքը: Աբովյանում կա մոտ 33 համատիրություն, ինչը չափազանց շատ է մեր համայնքի համար: Ստացվում է, որ դրանց միջոցով հավաքագր վող գումարներով իրենք իրենց աշխատավարձ են տալիս, ու դրանով ամեն ինչ ավարտվում է: Ամենավատը, ամենաանհանգստացնողը, սակայն, բնակչի անվստահությունն է համատիրության նկատմամբ: Մենք, որպես քաղաքային իշխանություն, պետք է բնակչի հավատը վերականգնենք, որպեսզի նորմալ գումարներ հավաքագրվեն, ու համատիրություններն, իրոք, աշխատեն: Համոզված եմ, որ կարճ ժամանակում` ազգաբնակչության հետ հանդիպումների արդյունքում, մեզ կհաջողվի ունենալ իրոք աշխատող 6 համատիրություն, որոնց հիմնական աշխատանքը բնակֆոնդի պահպանությունը կլինի: Տանիքների վերանորոգում, կոյուղիների նորոգում, մուտքերի բարեկարգում… խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում:

- Դուք շատ կարևոր մի խնդիր արծարծեցիք` քաղաքացիների հավատի վերականգնումը, որը միայն համատիրությունների պարագայում չէ, որ հրատապ է: Մեր սեփական փորձով գիտենք, որ բոլոր գործերը հաջող ընթացք ու ցանկալի արդյունք են ունենում, եթե կա այդ հավատը: Աբովյանցին սիրում է իր քաղաքը, բայց հավատո՞ւմ է իր և քաղաքի վաղվա օրվան: Այստեղ գալուց ես հաճույքով էի անցնում ծառաշատ փողոցներով: Նկատեցի, որ մարդիկ խաղաղ առօրյայով են ապրում, զովանում պուրակներում: Այսինքն, բարի մի մթնոլորտ` հարազատ տան, օջախի ջերմություն զգացի: Բայց, երևի, այդ արտաքին խաղաղության խորքում կան կենցաղային բազմազան խնդիրներ, որոնք պարզապես խաթարում են բնակչության անդորրը: Ոչ միայն աբովյանցին, բոլոր հայաստանաբնակներն են այսօր դժգոհ ամեն ինչից: Ու դրա պատճառը հավատի պակասն է: Մարդիկ չեն հավատում, որ իրենց հոգսերով մտահոգվող կա:

- Բավականին բարդ աշխատանք է: Ես կփորձեմ, որ առաջիկա իմ ծրագրերում, տարբեր աշխատանքներում ներգրավված լինի հենց քաղաքացին: Շատ են օրինակները, համոզվել եմ, որ այն դեպքում, երբ բնակչի ձեռքով է ինչ-որ բան արվում, նա սկսում է սրտացավորեն վերաբերվել: Ու անպայման գոհ է մնում իր արածի արդյունքից: Օրերս քայլում էի բազմաբնակարան շենքերի բակում. ինձ մոտեցան բնակիչներ և մատնացույց արեցին տանիքից կախված ինչ-որ ձող. անհանգստանում էին, որ կարող է ընկնել ինչ-որ մեկի գլխին: 2 մուտքով 12 հարկանի շենք էր: Հարցնում եմ` մի՞թե շենքում զոդող մասնագետ չկա: Պարզվեց, որ կա, բայց չէին մտածել նրան դիմել: Խնդիրը հենց տեղում լուծվեց: Բնակիչներն էլ հասկացան, որ որոշ խնդիրներ ինքնուրույն էլ կարելի է լուծել: Իհարկե, խոսքս պատկան օղակներին չդիմելու մասին չէ, բայց բնակիչներն էլ պետք է սրտացավ լինեն: Իսկ մենք պետք է ջանանք` հնարավորինս թեթևացնել նրանց հոգսերը: Դիցուք, մեկ տեղեկանքի համար մի քանի անգամ քաղաքապետարան գալու փոխարեն, քաղաքացին պետք է իմանա, որ ինքը դիմում է, 10 օր հետո պետք է գա դրա պատասխանը ստանա: Իսկ մերժումը պետք է այնքան հիմնավոր լինի, որ որևէ ասեկոսեների առիթ չտա:

- Մի կարծրատիպ էլ կա, որից մարդիկ չեն ձերբազատվում. բոլորը ձգտում են անձամբ առաջին դեմքին դիմել: Այս պարագայում` քաղաքապետին, ում ընտրել են, ու կարծում են, թե բոլոր խնդիրներով անձամբ նա պիտի զբաղվի: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքապետ-քաղաքապետարան-ազգաբնակչութ յուն կապը: Միջոցառումներ միշտ են եղել, տոնական օրեր են նշվել: Բայց դա ոնց որ թե չի ծառայել իր բուն նպատակին` հավատն ամրապնդելու առումով:

- Ամեն երեկո աշխատանքի ավարտից հետո գնում եմ քաղաքապետարանի դիմացի պուրակ, որը միշտ մարդաշատ է:

- Այսինքն, աբովյանցիներն արդեն գիտեն, որ միշտ հասանելի եք:

- Եվ պատկերացրեք, որ նկատելիորեն նվազել է քաղաքացիների հոսքը քաղաքապետարան: Մոտենում են, զրուցում ենք: Ոչ միայն հետաքրքիր, այլև բավական ուսանելի են այդ հանդիպումները: Մարդիկ այնքան լավ առաջարկներ են անում, որոնց իրագործման համար գումարներ պետք չեն, այլ` զուտ սրտացավություն: Հաճախ հենց տեղում նշումներ եմ կատարում, երբեմն` նույն պահին կարգավորում հարցը: Դրանից քաղաքացին էլ իրեն լավ է զգում: Աբովյանի նման փոքր համայնքներում քաղաքացի-իշխանություն կապը պետք է անմիջական լինի:

- Ասել է թե` դուք եկել եք քաղաքացիներին ծառայելու, այլ ոչ թե ղեկավարելու: Գնահատելի աշխատաոճ է:

Ոչ միայն Աբովյանում, այլ բոլոր համայնքներում վատ տրամադրվածության բուն պատճառը սոցիալական պատուհաներն են և աշխատատեղերի պակասը: Բնականաբար, քաղաքապետարանը չի կարող այդ խնդիրը լուծել, բայց որոշակի չափով պետք է փորձի մեղմել: Կա՞ն այդ ուղղությամբ ծրագրեր:

- Աշխատատեղ ստեղծելը մեծ հաշվով քաղաքային իշխանությունների խնդիր չէ, բայց, որպես քաղաքապետ, ես պատրաստ եմ աջակցել, խթանել ձեռներեցության զարգացմանը: Կան կազմակերպություններ, որոնց ես կարող եմ աջակցել մեծ սիրով: Քաղաքապետարանը ոչ մի դեպքում խոչընդոտ չի հանդիսանա, ընդհակառակը, կաջակցի բոլոր տնտեսվարողներին` հաշվի առնելով սոցիալ-տնտեսական խնդիրներ, որ կուտակված են ոչ միայն մեր համայնքում, այլ, ընդհանրապես, ողջ հանրապետութ յունում:

- Իսկ ընդունելության օրերին գերազանցապես ի՞նչ հարցերով են դիմում. ո՞ր խնդիրներն են ամենից շատ մտահոգում մեր քաղաքացիներին:

- Օրինակ` երեկ հերթագրվել էր մոտ 25 քաղաքացի, և բոլորն էլ` տարբեր հարցերով: Մեկը մանկապարտեզում երեխա տեղավորելու խնդիր ուներ, մյուսը շինարարություն էր ուզում անել… Բավական հետաքրքիր հարցադրումներով են գալիս: Շատ դեպքերում դժվար է մարդուն մերժել, բայց, ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ, դիցուք, կանաչապատ գոտում շինություն կառուցի: Դա մեր քաղաքի շահերին է դեմ: Եվ բոլորին եմ ասում, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանաչապատ գոտում նոր շինություն չի լինի:

- Պետք է խնդրեմ` թույլ չտաք, որ կանաչ այս քաղաքը նմանվի Երևանին, ուր ճնշում են ասֆալտը, բետոնն ու քարը: Ինչպիսի՞ն եք տեսնում Աբովյանն ու աբովյանցուն` 3-4 տարիների ընթացքում:

- Ես համոզված եմ, որ աբովյանցիները սիրում են իրենց քաղաքը և սիրով կմասնակցեն դրա շենացմանը: Նույն` Տրդատի արձանին հարող պուրակի հիմնանորոգման ծրագիրը բոլորին է ոգևորել: Իսկ ինձ ոգևորեց ու հաճելիորեն զարմացրեց այն, որ շատերն իրենց օգնությունն առաջարկեցին` ասելով, որ դա մեր այգին է, և մեզ էլ նկատի առեք, պատրաստ ենք օգնել` ինչով կարող ենք: Մինչև տարեվերջ պուրակը պատրաստ կլինի և, ինչպես ասացի` այն ընդհանրապես համայնքի միջոցների վրա չի ծանրանա: Ի դեպ, արդեն կազմակերպել ենք մի քանի լավ միջոցառումներ: «Ազգագրական պարերի օր» միջոցառմանը մոտ հազար աբովյանցի էր մասնակցում: Երբ ինքս միացա երեխաներին ու սկսեցի պարել նրանց հետ, ներկաների կեսից ավելին նույնպես պարահրապարակ մտավ:

- Մի խոսքով` պարզ, մարդկային վերաբերմունքի կարոտ կա:

- Կարծրատիպը կոտրվեց: Ամեն մեկը փորձում էր ավելի մոտ լինել: Կան միջոցառումներ, որ քիչ գումարով մեծ արդյունք կունենան:

- Խնդիր, որը դուք կարևորում եք, բայց որին չանդրադարձանք:

- Խնդիրները բազմազան են, հաճախ` դժվարալուծելի: Սակայն ես համոզված եմ, որ անիրագործելի խնդիրներ չկան: Առավել ևս` երբ դրանք քո մեծ տանը, քո համաքաղաքացիներին են վերաբերում:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ