Նացիստական ողջույն` Եվրախորհրդարանում


Հակաուկրաինական իր դիրքորոշմամբ ճանաչված լեհ եվրապատգամավորը, ով կողմ էր Ղրիմի բռնակցմանը, Ստրասբուրգում հիտլերյան ողջույն է տվել (գրել է BigΗir.net-ը):

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յանուշ Կորվին-Միկկեի այդ արարքն անբացատրելի է մնացել շատերի համար: Խորհրդարանում բանավեճերով ուղեկցվող քննարկում էր ծավալվել` ներդնել այնպիսի համակարգ, որը թույլ կտա Եվրամիության տարածքում միասնական մեկ տոմսով երթևեկել տարբեր տեսակի փոխադրամիջոցներով: Ու հանկարծ լեհաստանցի Կորվին-Միկկեն նացիստների ողջույնի ոճով բարձրացրել է ձեռքը և ասել` «Մեկ ռեյխ, մեկ ժողովուրդ, մեկ տոմս»: Այդ կերպ նա ընդվզել է իրեն դուր չեկող այն իրողության դեմ, որ չնայած Եվրախորհրդարանն անվերջ կոչ է անում ընդունել տարակարծությունները, սակայն քվեարկության ժամանակ միասնական դիրքորոշում է արտահայտում:

Դիվանագիտության մեջ դա, երևի, էթիկայի խախտում է, և Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան իր պետության անունից ներողություն է խնդրել Եվրոպայից, Եվրախորհրդից և ընտրողներից` իրենց ներկայացուցիչ պատգամավորի այդ արարքի համար: