Հանձնաժողովների համատեղ նիստ


Ստեփանակերտում տեղի ունեցած գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստը համանախագահում էին ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն:

Քննարկվել են անհայտ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետ փոխհամագործակցելու հարցերին նպաստելու անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովի գործունեությունը և համագործակցությունը իրենց կառույցի հետ:

Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիստի մասնակիցներն այցելել են նաև ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին: