ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ


Ավելի քան քսան տարվա տարեգրություն ունի Հայոց բանակը, որն ստեղծվեց արցախյան ազատամարտի դժվարին ժամանակներում և այսօր տարածաշրջանում լավագույներից մեկն է` պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները հակառակորդի ցանկացած ոտնձգություններից:

ԼՂՀ N-րդ զորամասերից մեկում անմիջական էր զրույցը զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արա ՔԱՄԱԼՅԱՆԻ հետ:

Հարկ է նշել, որ բարեխիղճ և հոգատար հրամանատարական կազմի և զինվորների ջանքերով զորամասը երկու տարի շարունակ լավագույնն է ճանաչվել: Զինվորների միջև հարաբերությունները կանոնադրական են, ամեն ինչ կատարվում է ժամանակին: Մի խոսքով` առողջ մթնոլորտ, ինչը շատ կարևոր է զինվորի համար:

Զորամասում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը առհավատչյան է այն իրողության, որ զինվորներն անցյալը հիշելով, ավելի աչալուրջ են պահում-պաշտպանում հայրենյաց սահմանները:

- Ի՞նչ կցանկանայիք մաղթել Ձեր ծնողներին և հարազատներին,- հարցնում եմ զինվորներին:

Դավիթ, Վիգեն և Իսրայել ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐ . Թող մեր ծնողները հանգիստ լինեն: Մեր հայրենիքը ապահով ձեռքերում է: Մենք ծառայում ենք Հայրենիքին:

Դավիթ ՊՈՂՈՍՅԱՆ. Ծառայությունը անցնում է գերազանց, բոլոր զինծառայողները վայելում են հրամանատարների հարգանքը:

Համբարձում ԱՎԱԼՅԱՆ. Ցանկանում ենք խաղաղություն Հայաստանին: Մեր առօրյան անցնում է լավ, գիտակցում ենք հայրենիքին ծառայելու մեր պարտքը և պատասխանատվություն ենք զգում, որ մեր սահմաններն անսասան լինեն:

Արթուր ՈՍԿԱՆՅԱՆ (սերժանտ). Ցանկանում եմ, որպեսզի հաճախ կազմակերպվեն ԼՂՀ զորամասերում երաժշտական և կրկեսային միջոցառումներ:

Անհրաժեշտ է նշել, որ այս զորամասի հրամանատարների և զինվորների ամենօրյա ծառայության արդյունքում անառիկ է մնում մեր հայրենիքը: Ամենակարևորն ու գնահատելին այն է, որ բարձր է զինվորների տրամադրությունը, մարտական ոգին: Նրանք գիտակցում են, որ պաշտպանում են իրենց երկիրը:

Հրաժեշտից առաջ բոլոր զինվորներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, անամպ երկինք, տոկունություն իրենց դժվարին, բայց հայրենանվեր գործում: Եվ, իհարկե` բարի վերադարձ:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի նախագահ, Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ