Կիզիչ ամռան երաժշտական շատրվանները


Մեզանում նախադեպը չունեցած այս երաժշտահանդեսի հիմնարկեքով «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը փառատոնից փառատոն գունեղացրին մայրաքաղաքի մշակութային կյանքը բարձր արվեստի հանապազօր ներարկումներով: Նաև հոգևոր անհրաժեշտություն դարձրեցին այցելությունների հաճախացումը մեր գլխավոր կերպարվեստապահոց: Եվ աննկատ ներդաշնակվեցին գույնն ու հնչյունը, հարամնա դասականության երկմիասնությամբ վերստին կարևորվեցին տարբեր ժամանակների ու ազգերի մշակութային անխամրելի գոհարները` քանդակները, բազմաոճ գեղանկարներն ու կիրառական արվեստի բազմատեսակ նմուշները, մեծակտավ ու փոքրածավալ երաժշտական ստեղծագործությունները: Հանրային լսարանի հնարամիտ ընդարձակմամբ պարարտ հող նախապատրաստվեց դասական երաժշտության և առհասարակ արվեստի վերադարձի համար` ճշմարիտ արժեքների խեղված, ռաբիսախեղդ հոգևոր-մշա կութային առօրյա: Եվ «Ազգային պատկերասրահը» ոչ միայն վաստակեց պետության կայուն աջակցության իրավունք, այլև էապես խթանեց բարեկիրթ հասարակություն ձևավորելուն միտված մշակութային մարտավարությունը: Երաժշտագետ կազմակերպիչների համախոհությամբ կյանքի կոչվեց աշխարհասփյուռ հայազգի երաժիշտների տունդարձի ճամփին փարոս դարձած «Վերադարձի» փառատոնը, Արամ Թալալյանի գործուն մասնակցությամբ ճգնաժամային դեգերումներից ձերբազատվեց մարզային հնչողություն ձեռք բերած Ալտի և թավջութակի փառատոնը: Միջազգային կապերի ընդլայնմամբ ու ամրապնդմամբ` մայրուղի դառնալու կենսունակություն ի հայտ բերեց տաղանդավոր երաժիշտներին դեպի արտերկրի հեղինակավոր համերգասրահներ տանող նորահայտ կածանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ