ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՄՈՒՆԵՏԻԿԸ


Ազգային երգարվեստի մասին է զրույցը «Հայրեններ» համույթի հիմնադիր ղեկավար

Վարդգես ԱՂԱՍՅԱՆԻ հետ:

- Ինչու՞ «Հայրեններ». ինչպե՞ս կբացատրեք համույթի անվանումը:

- Հայրենը հայ հին ժողովրդական քնարերգության մեջ տարածված երգատեսակ է: Հայրեն անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենների չափը ռիթմիկ երաժշտականության պատճառով դեռևս 10-րդ դարի ժողովրդական բանահյուսությունից թափանցել է միջնադարյան բանաստեղծություն: Գրիգոր Նարեկացու, հետագայում նաև Ներսես Շնորհալու հայրենների չափով գրված բնության և աստվածային սիրո տաղերն անուղղակի վկայում են, որ հնում այդ չափով հորինվել են բազմաթիվ սիրո երգեր: Հայրենների հատուկենտ նմուշները, որ սկսում են երևան գալ 13-րդ դարի ձեռագրերում, մեծ մասամբ սիրո, ուրախության և խրատական երգեր են: Բոլորիս հայտնի մոտ 500 հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերում, հիմնականում արևմտահայ քաղաքային միջավայրում: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ դարում Վանի Խառակոնիս գյուղում ծնված և ապրած Նահապետ Քուչակը:

Հայրենները հին տաղարաններում հաճախ կոչվում են տաղ: Երաժշտական առումով հայրենները կազմել են միջնադարյան հայ քնարական երգերի հիմնական տեսակը, որ կառուցվածքային հատկանիշներով միջին տեղ է գրավում տաղերի և բուն ժողովրդական ծորուն երգերի միջև` ավելի մոտիկ լինելով ժողովրդականին: Հայրենները երաժշտական ձևով ու բովանդակությամբ բնիկ ազգային երգեր են:

Ու քանի որ հայ ազգային ու ժողովրդական երգը ծնունդ է առել հայրենից, որոշեցինք «ՀԱՅՐԵՆՆԵՐ» կնքել մեր համույթի անունը, որտեղ հավաքված են ազգային երգը ներկայացնելու, պահպանելու և տարածելու տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ տաղանդաշատ երգիչներ, երգչուհիներ, երաժիշտներ և մասնագետներ:

Ազգագրական երգերը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու և սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը մեզ մղեց ստեղծել «Հայրեններ»-ը` հենվելով պրոֆեսիոնալ և տաղանդաշատ Կարինե Կոստանյանի (խմբավար) և կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանի (երաժշտական մասի ղեկավար) ներուժին:

- Տարիների հեռվից գնահատելով համույթի անդամների անցած ճանապարհը` մի քանի խոսքով կպատմե՞ք ձեր մասին. ինչպե՞ս ստեղծվեց «Հայրեններ» -ը:

- Երգը իր մեջ կրող մարդը տարբերվում է: Ազգայինը սիրող մարդը տարբերվում է: Երբ ունես այդ սերը քո սրտում, որ կոչվում է երգ, հեշտությամբ ես այն հղկում արվեստի դարբնոցում` հասցնելով պրոֆեսիոնալ մակարդակի և ազատորեն տանում ես բեմ ու նվիրում քո հանդիսատեսին: «Հայրեններ»-ում երգիչների, երգչուհիների, երաժիշտների հենց այդ սերուցքն է համախմբված, ովքեր արդեն մի քանի տասնամյակ զբաղված են ազգային երգն ու պարը բարձր մակարդակով Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերից հանդիսատեսին ներկայացնելով:

- Ինչպե՞ս կներկայացնեք այս օրը, որտեղի՞ց ո՞ւր ենք հասել:

- Շատ հակասական ժամանակներում ենք ապրում. թվում է` ամեն ինչ լավ է, իրականում այդպես չէ. և հակառակը:

Անկախություն ենք ձեռք բերել, պատերազմ ենք հաղթել… Չափազանց կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել մեր պետության համար, բայց, ցավոք, այնքան հարցերում ենք հետընթաց ապրել. դժվար է ասել, թե ուր ենք հասել: Միգուցե դեռ վաղ է գնահատական տալ:

- Ինչի՞ վրա է բևեռված մեր հասարակությունը:

- Գոյատևման: Հանապազօրյա հացի: Կենցաղային տարրական հարցերի լուծման: Վաղվա օրվա... Այսպես դեռ երկար կարելի է թվել:

- Որքանո՞վ է նոր սերունդը ճանաչում մեր ազգային երգերն ու ի՞նչ աշխատանք եք տանում դրանց պահպանման ուղղությամբ:

- Ուրախությամբ կարող եմ փաստել, որ ազգային երգը մեր օրերում մեծ տարածում ունի: Այն ամենուր է: Այսօր մեր երկրում գրեթե չկան միջոցառումներ, որոնք անմասն են մնում ազգա-գրական երգից: Սա ոգևորիչ է:

«Հայրեններ»-ը կոչված է պահպանելու ազգային երգը և, որպես նորաստեղծ համույթ, մի քանի ամիսների ընթացքում արդեն հասցրել է ցույց տալ այդ աշխատանքը: Մեր բանաձևը այդ երգերն անաղարտ պահելն է և փրկելը անհարկի մշակումներից:

- Ո՞րն է ազգային երգերի նշանակությունն ու տեղը մեր հասարակության մեջ:

- Ազգային երգը մեր անցյալն է, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Այն պետք է սրբությամբ պահել և ի պահ տալ սերունդներին, այլապես ո՞վ ենք մենք և ու՞ր կարող ենք գնալ առանց մեր պատմության: Այդ երգերով պետք է կրթվի հայը և այդ հոգևոր պաշարով աշխարհին ներկայացնի մեր հայրենիքը:

- Իմ կարծիքով մեր ազգային երգերն այսօր բաժանված են երկու խմբի. անաղարտ պահպանված և խեղաթյուրված, բազմապիսի էլեկտրոնային գործիքների նվագակցությամբ մատուցվող, անբացատրելի փոփոխությունների և «մշակումների» ենթարկված: Ցավոք, երկրորդ խմբին պատկանող դեպքերն ավելի հաճախ են հանդիպում` զուրկ ազգային պատկերից ու ելևէջներից, հայկականությունից, երգեցողության տարրական գիտելիքներից:

Նմանատիպ պատճառներով հեռուստացույց գրեթե չեմ դիտում:

- Ինչպե՞ս եք ընտրում ձեր երգացանկը. համագործակցո՞ւմ եք ազգա-գրագետների հետ:

- «Հայրեններ»-ի համերգային ծրագիրը ստեղծվեց իմ երկարատև ուսումնասիրությունների արդյունքում, երբ միտք առաջացավ ստեղծել համերգային ծրագիր, որն անմիջականորեն կապ ունենա և նվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երկու ամիս շարունակ ես ուսումնասիրեցի 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հրատարակված ավելի քան 100 երգարան, որպեսզի գտնեմ և վեր հանեմ երգեր, որոնք երգվել են Արևմտյան Հայաստանում մինչև 1915-ի ողբերգական օրերը: Իմ աշխատանքը պսակվեց հաջողությամբ: Կարինե Կոստանյանի անգնահատելի նվիրումի ու եռանդի շնորհիվ 2015-ի մայիսի 8-ին «Հայրեններ»-ն առաջին անգամ ներկայացրեց իր բացառիկ համերգային ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:

Իմ ուսումնասիրությունների ընթացքում իրենց արժեքավոր խորհուրդներով շատ օգնեցին ազգագրագետներ Զավեն Թագակչյանը և Արուսյակ Սահակյանը, ինչի համար երախտապարտ եմ:

- Ձեր հորդորը` երիտասարդ երգահաններին…

- Որպես հայ մարդ` ինձ համար գեղեցիկ երազանք է տեսնել ամեն բնագավառում հայանպաստ գործունեություն ծավալող երիտասարդների և երգահանների, ում արարած մեղեդին ու երգը գոնե մոտ է հայրեններին …

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ