ՀԱՐՑԱԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՈՎ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»


Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պաստառին հիմնավորապես հաստատված հարցական և բացականչական նշանների ներթաքույց իմաստով «Ծիրանային» տասնյակ կինոսրահներով ձևավորված մարաթոնում տարերայնորեն ներգրավվածներից քչերը հետաքրքրվեցին: Գուցե կիզիչ ամռան արևահարութ յանը պարզապես գումարվել էր փառատոնն իրենց գեղեցիկ ներկայությամբ զարդարող Օռնելա Մուտիի և Նաստասյա Կինսկիի աստղային հմայքի զգլխիչ գայթակղութ յո՞ւնը ... Դժվար է ասել: Մինչդեռ այդպիսով տարանջատվել էին 2015-ի գլխավոր ասելիքին հարիր 2 խոշոր ծրագրեր` բացականչականը Հայոց ցեղասպանությունն ու դրա հետևանքների միջազգային ճանաչման պահանջն էր` ներկայացնող «Մենք կանք» ֆիլմաշարով, իսկ հարցական նշանը և ուրիշ ազգերի ցեղասպանությունները չկրկնվելու կասկածը` «Այլևս երբեք» ֆիլմաշարերով:

Հաջի Օրմանի «HoΗo Θoliticus»-ը` 1915-ի դեպքերը բարձրաձայնող առաջին թուրք կինոռեժիսորի կարճամետրաժ ֆիլմը, հոլանդացի ռեժիսոր Քեյս Սխաապի «Արյունակից եղբայրներ» բազմասերիանոց հեռուստաֆիլմը, ամերիկացի ռեժիսոր Ջոշուա Օփենհայմերի «Սպանության գործողությունը» և «Լռության հայացքը», մի քանի տասնյակ տարաժանր կինոպատումներով ձևավորված 2 ծրագրերի առաջատարները հենց այդ մասին են վկայում:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում 10 տարի անընդմեջ անցկացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի հայ-թուրքական կինոպլատֆորմի հետևողական ամրապնդումն էապես խթանեց հայ-թուրքական միջմշակութային երկխոսության հավանականությունը: Հնարմատ հակամարտության սառցալեռը կոտրելու խաղաղասեր մարդկության նկրտումներին ի նպաստ` էկրանային կյանքի ուղեգիր ստացան 2 տասնյակ ֆիլմեր: 12-րդում ներկայացվածներից իր գեղարվեստական արժանավորությամբ և խորազնին մեկնաբանությամբ առանձնացավ Ադրինե Գրիգորյանի խնամքով նախապատրաստված շրջագայությունը Ավետյաց երկրում` «Վերադարձը դեպի Գյուրուն»: Կրկնակի մրցանակի շնորհիվ, վերջին 10 նախագծերից ամենաարժանավոր երկուսը` Սենեմ Գոկչեի «Քարը» և Մարինե ու Սոնա Քոչարյանների «Մուրատը» հնարավոր է, որ շուտով համալրեն այդ շարքը: Հին վերքերի նորահայաց բժշկության, հայ և թուրք ժողովուրդների ներկա սերունդների քաղաքակիրթ փոխըմբռնման դիտանկյունից էր Մեծ Եղեռնի ահասարսուռ իրողության ճանաչման անհրաժեշտությունը մեկնաբանում խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ռոբեր Գեդիգյանի(Կետիկյանի) «Խենթ պատմությունը»: Երկիր մոլորակը ծվատող ազգամիջյան հակամարտությունների հենքով հյուսված բազմաթիվ կինոպատումներ հեռարձակվեցին փառատոնային էկրաններին: Ցավ ու արգահատանք հարուցեցին, մտորելու, տագնապելու տեղիք տվեցին ամազոնյան կորսվող մշակույթի չգունազարդված էկրանավորումը («Օձի գրկում». Սիռո Գեռա), գվատեմալական սուրճի պլանտացիաներում, Իշկանուլ գործող հրաբուխի ամենակուլ երախում 17-ամյա Մարիայի անձնական արտառոց դրաման («Իշկանուլ». Խայրո Բուստամանտե), անցյալ դարի 60-ականներին մարդկային անթիվ ողբերգությունների հանգեցրած «Կարմիր բանակի ֆրակցիա» ահաբեկչախմբի վավերապատումը («Գերմանական երիտասարդություն», Ժան-Գաբրիել Պերիո):

Կինոսեր հանրությանը մեծապես հուզեց Անդրեյ Կոնչալովսկու 1985-ին հեղինակած «Մարիայի սիրեցյալները» գեղարվեստական կենսապատումը: Իսկ խաղարկային ժյուրիի անդամ, Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Զազա Ուրուշաձեի «Մանդարինները» պարզապես իր հավասարը չունեցավ: Զերծ մնալով անհարկի քաղաքականացումից, կենսահաստատ հումորով էր վրացի ռեժիսորը հոգեբանորեն համոզիչ միջավայր ստեղծել երդվյալ թշնամիներ Ահմեդի ու Նիկայի ազգայնամոլության թոթափման համար: Միայնակ մնացած հյուսն Իվոյի իմաստուն բարեսրտությամբ փրկվելով անխուսափելի մահվան ճիրաններից` նրանք էստոնացի ծերունու հյուրընկալ խորագիտությամբ հաղթահարում են հոգեբանական բարդույթը` իրենց ներսում բույն դրած դևին սպանելով:

Վարակիչ անկեղծությամբ հուզում էին հատկապես մանկապատանեկան գլխավոր դերակատարությամբ էկրանավորված տարաժանր ֆիլմերը: Հանուն մատաղ սերնդի երջանիկ, անարյուն, բարեկեցիկ մանկության իրավունքի պաշտպանության, փառատոնային սրտառուչ կինոզրույց էին վարում Գեորգի Օվաշվիլին ու Քաան Մյուժդեջին, Անդրեաս Դրեզենն ու Ալեքսանդր Նանաուն, Մարկ Բրումունդն ու, որքան էլ տարօրինակ հնչի` Ջաֆար Փանահին: Վերջինս ոչ մի կերպ չի համակերպվում իրեն հանիրավի պարտադրված ստեղծագործական 20-ամյա անազատությանը: Հաջողում է տնային կալանքի պայմաններում ճշմարտության համարձակ բացահայտումներով դիմակազերծել իրանական իրարամերժ իրականությունը, աներկյուղ շարունակել մերժելի գաղափարախոսությանն ու սնահավատ ու սնամեջ ներկա կենսակերպը դատապարտող պարզ մարդկային իր ֆիլմերը նկարել: Նաև մաքսանենգ ճանապարհով դրանք ներկայացնում է միջազգային կինոփառատոների: Այս առումով հատկանշական էր Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացած նրա վերջին` «Տաքսի» կինոժապավենն` իր իսկ գլխավոր դերակատարությամբ: Այս «Տաքսու» երևանյան պրեմիերան փայլուն դաս էր` հայրենասիրության, տաղանդավոր արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման:

Իրանցի կինոռեժիսորի հանդեպ բռնապետության իրագործած անմարդկային քաղաքականության դեմ միջազգային երևելի կինոգործիչների անզիջում ընդվզմամբ հնարավոր եղավ բեկանել նրա մահապատժի վճիռը: Այսպիսով նաև հավատընծա դարձավ անվանի արվեստագետների համախոհության մարտունակությունը:

Հարցական-բացականչական նշաններն իրենց ուղիղ իմաստով գերիշխող դարձան 12-րդ «Ոսկե ծիրանի» էպիկենտրոն դարձած «Մոսկվա» կինոթատրոնի 3 սրահներում` փառատոնի ավարտական ակորդներին համընթաց: Այդուհանդերձ, չխաթարվեց «Ծիրանամարաթոնում» բռնկված կինոհրավառության տոնական տրամադրությունը: Մրցութային տարբեր հանձնախմբերի հյուրեկ անդամները միաձայն հաստատեցին հայկական դասական կինոարվեստի 90-ամյա առաջնեկի` Համո Բեկնազարյանի «Նամուսի» թվայնացված տարբերակի գեղարվեստական բացառիկ գրավչությունը: Շոյելով ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչներիս ազգային արժանապատ վությունը` հյուրերը պատրաստակամություն հայտնեցին լինելու հայկական կինոյի դեսպաններն իրենց երկրներում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ