«Ալ-Քաիդան» սպառնում է անդրշիրիմյան վրեժով


Սպառնալիքի հասցեատերն այս անգամ Իսլամական պետությունն է:

Վերջերս Թունիսի հյուրանոցներից մեկի վրա արյունալի հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն: Եվ «Ալ-Քաիդան» դատապարտել է իր մրցակցին` մահմեդականների նկատմամբ դաժանության համար ու սպառնացել է, որ գրոհայինները հատուցելու են հանդերձյալ աշխարհում:

Հանդերձյալը հոգիների աշխարհն է, որտեղ լույսը ժառանգելու համար այս աշխարհում պետք է մաքուր ապրել ու արյուն չհեղել: Տեսնես ահաբեկիչները իրենց արյունոտ ձեռքե՞րը չեն տեսնում, թե՞ իրենց կրոնը դա հանցանք չի համարում:

«Ալ-Քաիդան» իր տարածած հայտարարությամբ դատապարտել է մասնավորապես Իրաքի և Սիրիայի մահմեդականների հանդեպ դաժանությունները: Դե, իսկ քրիստոնյաներին խոշտանգնելը նրանց համար պատվի գործ է:

Ինչպես նշել է ալքաիդական ադամ Ղադանը` ցանկացած ճնշում սխալ է, և մեղավորին սպասում է խավարը` Դատաստանի օրը:

- Մահմեդական համայնքի ջիհադը (զինված պայքար հանուն Ալլահի-խմբ.) տեսախաղ չէ. դա իրական հետևանքներով իրական կյանք է` այս և հանդերձյալ աշխարհում,- Ղադանի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տարբեր հաշվարկներով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ընդգրկված է 50-200 հազար մարդ: Երեք տարվա ընթացքում այս ահաբեկիչներին հաջողվել է նշանակալի տարածքներ զավթել Իրաքից ու Սիրիայից: Սրանք ձգտում են իրենց ազդեցությունը տարածել նաև Հյուսիսային Աֆրիկայի երկրներում. մասնավորաբար` Լիբիայում: