Որքա՞ն քնել


Ինչպես որոշել, թե քնի որքան տևողությունն է բարենպաստ առողջության համար: Հաճախ է հնչում այն կարծիքը, որ օգտակար է քնել օրական 8 ժամ: HeΖlthinfo.uΖ-ն, սակայն հրապարակել է մասնագետների այլ տեսակետներ: Պնդումներ կան, որ առողջարար քնի տևողությունը անհատական է, բայց ավելի նախընտրելի է 7 ժամը:

Վերջերս կատարած հետազոտությունների արդյունքները վկայակոչելով` գիտնականները պնդում են, որ կենսաուժերը վերականգնելու համար լիովին բավարար է քնել 7 ժամ: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է զգա, թե քանի ժամ քնելուց հետո է ինքն արթնանում առույգ և լավ ինքնազգացողությամբ: Ի դեպ, ոչ միայն չափազանց քիչ, այլև չափից ավելի շատ քնելը նույնպես բացասաբար է անդրադառնում առողջության վրա:

Տարբեր ժամանակներում և տարբեր մարդկանց մասնակցությամբ կատարված երեք հետազոտությունները փաստել են, որ ավելի երկարակյաց են օրական 7 ժամ քնողները: Իրենց կյանքի տևողությամբ նրանց փոքր-ինչ զիջում են 8 ժամ քնողները: Բայց այդ ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է 6 ժամից պակաս և 10 ժամից ավել քնողների մոտ:

Այլ խնդիր է, որ ֆիզիկապես կամ հոգեբանորեն սովորականից ավելի ծանրաբեռնված օրերին մարդու օրգանիզմը կարող է ունենալ լրացուցիչ քնի պահանջ: Դա` առանձին օրերին, բայց ոչ` մշտապես (SegodnyΖ.uΖ):