ԼՂՀ¬ն կդառնա միջազգայնորեն ճանաչված պետություն`


ՄԱԿ-ում իր տեղն ունենալով,- համոզված է քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ Կազանյան եռակողմին հաջորդած այս կարճ ժամանակահատվածում իրադարձությունների առատությունը, թերևս, կարող է վկայել, որ միջազգային հանրությունն իսկապես շահագրգռված է, կամ գոնե շահագրգռվածություն է ցուցաբերում հակամարտության արագ լուծման խնդրում, և առաջիկայում խաղաղ կարգավորման հարցում հետաքրքիր զարգացումների ականատեսն ու մասնակիցը կարող ենք լինել: Իսկ թե ինչպիսի՞ն կարող են լինել այդ զարգացումները, ի՞նչ գործոններ կարող են դերակատարություն ունենալ դրանցում, ի՞նչ կարող է առաջարկած լինել Դ. Մեդվեդևը, և Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող բազում հարցերի շուրջ է զրույցը քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ: - Հարկավոր է տարանջատել հարցերը: Նախ` չգիտենք, թե կոնկրետ ինչ առաջարկությունների մասին է խոսքը: Ես կարծիք եմ հայտնել, որ Դ. Մեդվեդևը Ս. Սարգսյանին և Ի. Ալիևին միմյանցից տարբեր բովանդակությամբ ուղերձներ է հղել: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարծես թե համաձայն էին Կազանում որևէ մի փաստաթուղթ ստորագրել, սակայն չստորագրեցին: Մի՞թե պարզ չի, որ նախագահներից յուրաքանչյուրը փաստաթուղթը չստորագրելու իր պատճառներն ուներ: Հենց դրա հիման վրա էլ ես ենթադրում եմ, որ Մեդվեդևի ուղերձների բովանդակությունները տարբեր են եղել: Այստեղից էլ` դժվար է կռահել, թե ինչին է դրական պատասխան տվել Ալիևը: Բացառում եմ, որ Ադրբեջանը Կազանում համաձայնած լինի Ղարաբաղի իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին Հայաստանի առաջարկությանը: Ուզում եմ հավատալ, որ Կազանում որևէ փաստաթուղթ ադրբեջանական կողմի չստորագրելու գլխավոր պատճառը հենց այդ էր: Նկատենք, որ Կազանի հանդիպման նախօրեին և դրանից հետո էլ Ղարաբաղի իշխանությունները բազմիցս են հայտարարություններով հանդես եկել, թե առանց ԼՂՀ մասնակցության հնարավոր չէ հակամարտության որևէ լուծում գտնել: ՄԽ ֆրանսիացի համանախագահն էլ հայտարարել էր, որ բոլորը գիտակցում են` առանց Ղարաբաղի ստորագրության հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ ուժ չի կարող ունենալ: Այս ամենից հարց է ծագում` մի՞թե ադրբեջանական կողմը բանակցություններին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ դրական պատասխան է տվել: Հիշենք նաև վերջերս հնչած հայտարարությունները` ստատուս քվո + իրավիճակ պետք է գրանցվի: Այսինքն, ինչպես մեկնաբանել է Էդուարդ Նալբանդյա նը, պետք է գրանցվի գոյություն ունեցող կարգավիճակը և դրա միջազգային ճանաչումն ու երաշխավորումը: Այն է` այն իրողության միջազգայնորեն ընդունումն ու ճանաչումը, որ Ղարաբաղն ինքնիշխան պետություն է: Հարավային Սուդանն արդեն ՄԱԿ-ի անդամ է դարձել, ընդ որում` ՄԱԿ-ում բոլորը կողմ են քվեարկել: Սա նշանակում է, որ աշխարհում այլևս որևէ մեկը չի կարող ասել, թե Հարավային Սուդանի անկախացումը չի կարող Ղարաբաղյան հակամարտության լուծման համար նախադեպ համարվել: Սա ունիվերսալ նախադեպ է: - Այսինքն, ի դեմս Հարավային Սուդանի, միջազգային հանրությունը ձեռք է բերել հակամարտությունների լուծման, աշխարհում տեղի ունեցող անհրաժեշտ փոփոխությունների` բոլորի համար ընդունելի գործիք: - Այո: Համաձայնենք, որ 20-րդ դարի սկիզբն ու 21-րդ դարի սկիզբը էականորեն տարբեր են` և´ քաղաքական, և´ քաղաքակրթության առումով: Տարբեր են նաև հումանիտար ընկալումները: Բոլոր դեպքերում, աշխարհում զարգացումները միշտ պայմանավորվում են տերությունների շահերով: Նշեմ նաև վերջերս տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն, որը, պատկերավոր ասած, ջարդում է ողջ միջազգային քաղաքականությունը մեր հարևան Իրանի նկատմամբ: Խոսքը Չինաստան - Իրան բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթերի ստորագրման մասին է, ինչը գործնականում ջախջախում է Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաների բացասական ազդեցությունը: Հիշյալ փաստաթղթերի ստորագրումը աշխարհաքաղաքական առումով իրավիճակը կտրուկ փոխում է: Փաստորեն, որպես խոշոր խաղացող` մեր տարածաշրջան է մտնում Չինաստանը: Իսկ Չինաստանն ու Իրանը տարանջատվում են ամբողջ համաշխարհային հանրությունից, ընդորում, դժվարին կացության մեջ գցելով մեդվեդևյան Ռուսաստանին. վերջինս խաղից դուրս է մնում: Այն բոլոր ճեղքերը, որ բացել է Ռուսաստանն իր անզգույշ քայլով` միանալով Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին, համալրում է Չինաստանը: Արդյունքում տանուլ են տվել Ռուսաստանը, Միացյալ Նահանգները… Իսրայելում և ԱՄՆ-ում գիտակցում են, որ այն, ինչը Իրանը չստացավ Ռուսաստանից, շուտով կստանա Չինաստանից, ընդ որում` շատ ավելի արագ: - Իրանի ամրացումը շահեկան է նաև Հայաստանի համար` նկատի ունենալով այդ երկրի դիրքորոշումները մեզ համար կարևոր հարցերում: - Մեզ համար շահեկան է Իրանի դիրքորոշումն այն առումով, որ նա բացառում է որևէ օտարերկրյա զորքերի տեղակայումը հակամարտության գոտում: Պատահական չէ, որ ես խոսքս Ղարաբաղյան խնդրից սկսելով, անցել եմ իրանյան հարցին, որովհետև այդ հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի համար մեծագույն խոչընդոտը հաղթահարված չի: Առանց Իրանի հետ համաձայնեցնելու, առանց Իրանի անվտանգության շահերը հաշվի առնելու ոչ մի Ամերիկա, ոչ էլ միջազգային հանրությունը ոչինչ չեն կարող հաստատել մեր տարածաշրջանում: Իզուր չէ, որ ընթացիկ տարում իրանական կողմն այդ մասին արդեն հինգ անգամ զգուշացրել է Ադրբեջանին և Հայաստանին: - Այնուամենայնիվ, ՄԽ համանախագահ երկրները վերջին ժամանակահատվածում մի քանի անգամ շեշտել են, որ մինչև այս տարեվերջ կարգավորման շրջանակներում ինչ-որ մի փաստաթուղթ պետք է ստորագրվի, առաջընթաց արձանագրվի: - Ինձ թվում է` նրանք ցանկալին փորձում են ներկայացնել որպես իրականություն: Համոզված եմ, որ միջազգային զորքերի վերաբերյալ Իրանից համաձայնություն չկա: Այս առումով, հակամարտության կարգավորման մասին Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած որևէ փաստաթղթի տակ պետք է լինի նաև Իրանի ստորագրությունը: Երկրորդը. ո՞ւր է ԼՂՀ համաձայնությունը: 94թ. Բուդապեշտում կայացած` ԵԱՀԿ գագաթնաժողովում արձանագրվել է, որ հակամարտությունը երեք կողմ ունի: Ս. Սարգսյանը Կազանում հայտարարել է, որ մյուս բոլոր փաստաթղթերը պետք է լինեն արդեն Ղարաբաղի մասնակցությամբ: Կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը խոստանալով շուտով պատասխանել Մեդվեդևի առաջարկներին, այժմ սպասում է, որ Լավրովը տեղեկացնի, թե Ադրբեջանը ո՞ր հարցերին է այո ասել: - Այս ամենից կարելի է կռահել, որ կարծես ինքնըստինքյան վերանում է, այսպես կոչված, գրավյալ շրջանները վերադարձնելու հարցը: - Կարծում եմ` այո: Սա է պատճառը, որ Ադրբեջանն ամենաառանցքային հարցերը թողած` առաջարկում է խաղաղության համաձայնագիր կնքել: Բայց հարց է առաջանում` ո՞ւմ հետ, եթե նա շարունակելու է անտեսել երրորդ կողմին: Բայց «Գրավյալ տարածքներ» արտահայտությունը, այո, կվերանա, որովհետև դրանք ոչ թե գրավյալ, այլ Արցախի հանրապետության սահմանադրական տարածքներ են: Երևի թե մինչև օգոստոսի վերջը, այնուամենայնիվ, կակնարկվի, թե ինչ ուղղությամբ կընթանան միջազգային հանրութ յան ջանքերը: Ինձ թվում է` դրանք Հարավային Սուդանի տարբերակը կնախընտրեն: Չեմ կարող ասել` դա կլինի եկող տարվա վերջին, թե՞ քիչ ավելի ուշ, սակայն համոզված եմ, որ դա անխուսափելի է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ