Այսօր խաղաղ են մեր լեռները


Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանին` կանաչ անտառների ու լեռների գրկում թառած հինավուրց Շամշադինն է` արևի երկիրը, ուր լեռներն անգամ արև են ըմպում: Հպարտ ու անառիկ է Շամշադինն իր սարերի պես, ամուր ու հաստատակամ է իր հող ու ջրի արթուն պահապան, սրտաբաց ու շիտակ շամշադինցին: Այստեղ էլ արշալույսները խաղաղ էին բացվում` գեղջուկի պարզ ու զուլալ հորովելով, որ քար ու ժայռին կպած մի բուռ հողից հաց էր քամում ու օջախը շենացնում: Մի օր էլ շանթը որոտաց, սարերը կուչ եկան գնդակների մահաշունչ որոտից, հորովելը լռեց: Խաղաղ ու շեն սահմանամերձ գյուղերում եռուն կյանքը մեկեն կանգ առավ: Ժամ առ ժամ սրվում էին սահմանային խժդժությունները, ադրբեջանական ոհմակները քայլ առ քայլ առաջ էին շարժվում` տրորելով հայկական հողերը: Օրեցօր թեժանում էին հարձակումները: Արժանի հակահարված էր պետք` հողը հառաչում էր... Ու ոտքի ելան հերոսները, մեր լեռների պես ամուր պատվար դարձան: Ուս-ուսի տված` պահեցին սահմանը` ոչ մի կտոր հող չզիջելով ելուզակներին: Դաժան մարտերում շատերը նահատակվեցին` իրենց անունները հավերժ դրոշմելով երախտագետ շամշադինցիների հոգիներում: Շատերն էլ դարձան կենդանի լեգենդ, հերոս: Հրաչյա Աթոյանն (Չարլի) առաջիններից մեկը զինվորագրվեց հող հայրենիի պաշտպանության սուրբ գործին: Քաջարի մարտիկն ու հմուտ հրամանատարը միշտ ամենաթեժ կետերում էր հայտնվում: Հրամանատարական ձիրքի շնորհիվ կարողանում էր համախմբել բոլորին: Իսկ նրա ղեկավարած ռազմագործողությունները գրեթե միշտ գերազանց արդյունք էին ունենում, հակառակորդի ոհմակները խուճապահար փախչում էին: Երբ Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում վիճակը ծայրահեղ սրվել էր, ստեղծվեց Երկրապահ կամավորականների ջոկատների կենտրոնական շտաբը, ապա և ռազմական խորհուրդը` Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ: Այդ նույն ժամանակահատվածում ստեղծվեց նաև Շամշադինի պաշտպանության շտաբը, որի հրամանատար նշանակվեց Հրաչյա Աթոյանը, շտաբի պետ` Մուշեղ Ասրյանը: Նրանք անմիջապես ձեռնամուխ եղան սահմանամերձ գյուղերի պաշտպանության կազմակերպմանը: 1990-ի սեպտեմբերին ստեղծվեց Հատուկ գնդի Տավուշի վաշտը` դարձյալ Հ. Աթոյանի հրամանատարությամբ: Այստեղ ընդգրկվեցին ՀԱԲ-ի ջոկատի (հրամանատար` Ա. Ջուլհակյան) և տարբեր գյուղերից 57 մարտիկներ, ովքեր պատվով պաշտպանեցին հայրենի սահմանները: 1991-ին լայնածավալ հարձակումներ սկսվեցին Մովսես գյուղի վրա, սակայն ճիշտ հաշվարկած գործողությունների արդյունքում հնարավոր եղավ պահել կարևոր նշանակություն ունեցող բարձունքը և հակառակորդին փախուստի մատնել: Ապա թշնամու թիրախը դարձավ Այգեպար գյուղը. այստեղ ևս ծանր ու դժվարին պայքարից հետո մեր մարտիկները խուճապի մատնեցին հակառակորդին: Ահա այսպես, ամուր կամքի, հայրենասիրության շնորհիվ շամշադինցին մնաց իր հողի տերը; 1994- ին Վազգեն Սարգսյանի հրամանով ստեղծված Տավուշի առաջին գումարտակի հրամանատար նշանակվեց Հ. Աթոյանը: Սակայն հիվանդության պատճառով նրան փոխարինեց Վազգեն Ղավալյանը: Անձնազոհ ծառայության, նվիրվածության համար Հ. Աթոյանն արժանացել է բազմաթիվ պարգևների` ՀՀ նախագահի, ԼՂՀ նախագահի «Մարտական ծառայություն», ՊՆ «Ծովակալ Իսակով», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներ, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ, «Սևքարեցի Սաքո», «Մարտական գործողություն ների մասնակից» կրծքանշաններ ու բազմաթիվ պատվոգրեր, որոնք նրա ամուր կամքի, հայրենասիրության վավերագրերն են: Հրաչյա Աթոյանի հետ հանդիպեցինք Բերդ քաղաքի Տավուշի պատմության և կենցաղի թանգարանում: Արդեն քանի տարի փոխգնդապետը թանգարանի տնօրենն է: Նրա ջանքերով այստեղ բացվել է հերոսացած շամշադինցիների հիշատակը վառ պահող հուշանկյուն: Ահա տարբեր նկարներից նայում են անմահները` աչքերում կրակ: Հ. Աթոյանը հիշում է նրանց մեկ առ մեկ` կարոտով, ցավով, հպարտությամբ: Ու սկիզբ է առնում հերոսապատումը. - Այս տղաները չորսն էլ այգեձորցի են: Հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Չինարի գյուղին, խուճապ էր առաջացել: Նրանց ջոկատներն ահագին առաջ էին եկել իրենց դիրքերից: Մի վիրավոր ադրբեջանցի զինվոր, որն աննկատ էր մնացել մեր տղաների կողմից, քարի հետևից կրակ է բացում, չորսն էլ զոհվում են: Նրանց բոլորն են հիշում` Այգեձորի Բարիս Ղարսայանին, Լևոն Ճաղարյանին, Աշոտ Հենրիկի Ղարսայանին և Աշոտ Վոլոդյայի Ղարսայանին: 1992-ի դեկտեմբերի 29-ի դաժան մարտերի ժամանակ տղաները խրամատից դուրս էին եկել և առաջ էին շարժվում դեպի հակառակորդի դիրքերը: Առջևից կրտսեր Աշոտն էր: Նա առաջինն ընկավ: Ավագ Աշոտը, նկատելով դավադիր հակառակորդին, առաջ սլացավ` ընկերոջը փրկելու, սակայն մահաբեր գնդակն այս քաջին էլ խոցեց: Ապա Լևոնն առաջ նետվեց` դառնալով ոսոխի զոհը: Քաջարի հրամանատարը` Բարիսը, անվարան նետվեց ընկերների մարմինները կրակից հանելու: Սակայն… նրան էլ վիճակված էր հերոսի նման ընկնել: Հրամանատարը դարձավ չորրորդ զոհը: - Սա էլ արծվաբերդցի Գագոն է: Մեն-մենակ էր մնացել հակառակորդի դեմ. հասկացել է, որ գերի է ընկնելու, ինքն իրեն կրակել է: Շատերի սիրտն է կծկվել Գագիկ Մխիթարյանի մասին պատմությունը լսելով: Հակառակորդի` մինչև ատամները զինված բանակի դեմ նա միայնակ էր մնացել, բայց կռվում էր: Գիտեր` կգան տղաները: Փամփուշտները քիչ էին, իսկ հակառակորդն արդեն Չինարի էր մտնում: Գագոն վիրավոր էր, վերքից արյուն էր կաթում: Երկու փամփուշտ ուներ. երկու կրակոց… Վերջինը` սեփական կրծքին: Այսպես անվերջ ձգվում է պատմությունը… Փառք ձեզ, քաջարի հերոսներ: Այսօր խաղաղ են մեր լեռները` հպարտ, հաղթանակած: Թեպետ սահմանամերձ գյուղի բնակիչն ապրում է ինչ-որ տեղ վախն ու անհանգստությունը սրտում, բայց գիտի, որ անառիկ են մեր սահմանները: Այսօր այնտեղ հայ զինվորն է կանգնած…

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ