ՀԱԿՈԲ ԿՈՒՏՍՈՒԶՅԱՆ. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԿԱՐԵՎՈՐԵԼ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ»


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին այս տարի մասնակցում էր նաև կանադահայ ռեժիսոր, պրոդյուսեր Հակոբ ԿՈՒՏՍՈՒԶՅԱՆԸ: Փառատոնային ազդագրում տեղ էր գտել անվանի բեմադրիչի «Հայ տարագիրը» ֆիլմը, որն արդեն ճանաչում է բերել հեղինակին, առիթ տվել մասնագիտական խոսակցությունների: «Ի՞նչ ստեղծագործական և բովանդակային խնդիր է դրել բեմադրիչն իր առջև» հարցին նա պատասխանեց. - Իմ ստեղծած այս ֆիլմով, որն իմ նկարահանած վեց վավերագրական ժապավեններից մեկն է, ես փորձում եմ պարզել հայի կերպարը: Իսկ հայերը ցրված են ողջ աշխարհում: Ինձ հետաքրքրեց ցիրուցան հավաքականությունը, որը զարմանալի ու բացառիկ երևույթ է: Նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում` հաճախ իրարից հեռու ու զատված, սակայն մեկ ամբողջական կերպար ունեն` հայի կերպար: Ես ուզում էի բոլոր հայերի մեջ գտնել ինձ հետաքրքրող հարցի պատասխանը: Ո՞վ է հայը, ի՞նչ նկարագիր ունի աշխարհի ժողովուրդների խառնարանի մեջ: Ի վերջո, մեկ պատասխան գտա: Միայն մեկ պատասխան կա «ո՞վ է հայը» հարցին. նա, ով կզգա իր հայ լինելը: - Դուք ասացիք, որ նկարահանել եք վեց վավերագրական ֆիլմ, որոնց մի մասը նվիրված է հային և հայկականությանը: Արդյոք դյուրի՞ն է այսօր Սփյուռքում ապրեցնել վավերագրական կինոն, երբ անգամ խաղարկային կինոյի հանդեպ չկա շատ մեծ հետաքրքրություն: - Ես իմ աշխատանքի մեջ եմ զգացել այն աջակից վերաբերմունքը, որը ցուցաբերում են հայաստանյան իշխանությունները որոշ մշակութային ծրագրերի իրականացման ընթացքի մեջ: Մասնավորաբար պիտի նշեմ կինոն, որովհետև հազիվ թե հնարավոր լիներ նկարահանել իմ ֆիլմերը, եթե Հայաստանի կինոկենտրոնն իր սատարումը չունենար: Շնորհակալ եմ: Սակայն խնդիրն այն է, որ ոչ թե գանք այստեղ, որպեսզի Հայաստանն իր կարեցածի չափով մեզ օգնի, այլ ստեղծվի կայուն համագործակցություն` երկուստեք ներդրումներով: Մենք արդեն Սփյուռքի նախարարի հետ քննարկել ենք այն հարցը, որ Հայաստանում համատեղ կինոծրագրերը շատ լինեն, Մշակույթի նախարարությունն էլ դառնա ոչ միայն գումարներ տրամադրող, այլև գործընկեր: Այս դեպքում միայն մեր ձեռնարկները հաջողություն կունենան: Սփյուռքի մեջ, ցավոք, վավերագրական կինոյի համար ոչ ոք գումարներ ներդնելու պատրաստակամություն չունի: Պետք է այս խնդրով բոլորս զբաղվենք: Եթե միասնական մեկ գործակցություն լինի, կարծում եմ, որ որոշ գործարարներ այնտեղ շահ կտեսնեն և կգան ներդրումներ կատարելու: - Ի՞նչ տպավորություն ստացաք «Ոսկե ծիրան» փառատոնից: Արդյոք այն արդարացրե՞ց Ձեր բոլոր սպասումները: - «Ոսկե ծիրան» կինոփառատոնն աշխարհում միակ կինոհանդեսն է, որի շրջանակներում գործում է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը: Սա չափազանց կարևոր իրողություն է, որովհետև այստեղ առիթ ունենք ճանաչելու միմյանց, դիտելու հայ բեմադրիչների նկարահանած ժապավենները: Նաև` խոսելու իրար հետ, քննարկելու մեր խնդիրները: Միայն այս մեկ ծրագիրը բավական կարող էր լինել` կինոհանդեսի հաջողությունն ապահովելու համար: Սփյուռքի նախարարությունում իրագործվող ծրագրերն ինձ հույս ներշնչեցին, որ կինոն ևս կդառնա սևեռումի առարկա: Նախարար Հ. Հակոբյանի` համահայկական ֆիլմադարան ստեղծելու նախաձեռնությունն ինձ այնքան ոգևորեց, որ որոշեցի անմիջապես այդ ֆիլմադարանին նվիրաբերել իմ նկարահանած երկու վավերագրական ֆիլմերը: Կհուսամ, որ գալիք տարի այդ ֆիլմադարանն արդեն հարյուրա վոր կինոնկարներով պիտի համալրված լինի: - Հուսանք նաև, որ գալիք տարի Հայաստան այցելելիս Դուք նոր ֆիլմեր կբերեք Ձեզ հետ: - Իհարկե, կբերեմ, որովհետև շատ մեծ տպավորություններով պիտի հեռանամ մեր երկրից` Կանադայում գործուն աշխատանք ունենալու համար: Երջանիկ եմ, որ մեկ անգամ ևս եկա Հայաստան, որ մեկ անգամ ևս վայելեցի երկիրս: