Մերոնք նորից կեղեքում են, նորից` օգտվելով առիթից


Երևանից Բեյրութ օդային տարածությունը «Արմավիա»¬ի օդանավերը հաղթահարում են մեկուկես ժամում: «Արմավիա»-ի թռիչքացուցակում Երևան¬Բեյրութը ամենակարճ թռիչքներից է, սակայն այս օրերին` նաև ամենաթանկերից մեկը: Այսօրվա դրությամբ, եթե որևէ մեկը պատրաստվում է ճանապարհորդել դեպի Լիբանան, ապա պետք է Երևան-Բեյրութ-Երևան հետադարձ թռիչքի համար վճարի 266 հազար դրամ (720 ամերիկյան դոլար)` «էկոնոմ» կարգի համար: Պարզ է, որ «բիզնես» կարգը շատ ավելի թանկ է: Որպեսզի հասկանալի լինի, թե 266 հազար դրամն ինչ գին է, պետք է համեմատել այլ ուղղությունների հետ: Այսպես, Երևան-Մոսկվա-Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքի տոմսը 25 ժամ տևողությամբ կարելի է գնել մոտավորապես 266 հազար դրամով: Օդանավի տոմսեր վաճառող մայրաքաղաքի մի քանի կետերում շրջայցից պարզվում է, որ ողջ ամառվա ընթացքում անհնար է Բեյրութ թռչել (հետադարձով) գոնե 200 հազար դրամով (540 ամերիկյան դոլար), որը համարվում է տվյալ ուղղության մեկնարկային գինը: Նկատենք, որ անգամ 200 հազար դրամն է չափից բարձր գին, եթե հաշվի ենք առնում, որ ժամանակին Երևան-Բեյրութ-Երևան տոմսն արժեցել է մինչև 140 հազար դրամ: Օդային փոխադրումներ իրականացնելը, հասկանալի է` բիզնես է, բայց բիզնեսն էլ պիտի տրամաբանական լինի: Սեփական երկրի քաղաքացիներին կեղեքելու չափը նույնպես պետք է տրամաբանական լինի: Հայաստանի համար Բեյրութը միայն քաղաք չէ: Այնտեղ է գտնվում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Հայ Կաթողիկե եկեղեցու նստավայրը: Բեյրութում է գտնվում Հայաստանից դուրս միակ հայկական համալսարանը` Հայկազյանը: Ինչ-որ իմաստով այսօրվա սփյուռքահայ գաղութների մեծ մասը Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Եվրոպայում ձևավորվել են հենց Բեյրութից հեռացած հայության հաշվին: Անգամ այսօրվա պայմաններում` այն ավելին է, քան լոկ 80 հազարանոց հայկական գաղթօջախ: Դժբախտաբար, «Արմավիա»-ն օգտագործելով հայաստանյան շուկայում իր մենաշնորհային դիրքը, գներ է պարտադրում Հայաստանի և Սփյուռքի հայությանը: Ժամանակին, երբ Երևանից Բեյրութ չկար ուղիղ թռիչք, հայերն օգտվում էին Հալեպի օդանավակայանից: Հալեպից մինչև Բեյրութ ցամաքային ճանապարհը չորս ժամ է: Բայց պարզվում է, որ «Արմավիա»-ն այս հարցում էլ է «հոգ» տարել և բավական բարձրացրել գները: Այսօր Երևան-Հալեպ-Երևան ուղղությունը 166 հազար դրամ է` նախկին 120 հազարի փոխարեն: Այդուհանդերձ, եթե պատրաստվում եք մեկնել Բեյրութ առաջիկա շաբաթներին և չեք ուզում մնալ «սպասողների» ցուցակում և կամ` ինքնակամ կեղեքվել 1.125 ամերիկյան դոլարով կամ 416 հազար դրամով (այս պահին ազատ տոմս կա հենց այդ գնով), ապա համեմատաբար էժան տարբերակ կարող է լինել, չզարմանանք` «թուրքական ավիաուղիներից» օգտվելը: Ճիշտ է, ստիպված կլինեք ավելի շատ ժամանակ ծախսել և արժանանալ որոշ հայրենասերների պարսավանքին` թե ինչպես կարելի է օգտվել թշնամու երկրի օդային փոխադրողից, բայց այլընտրանք չկա: Այլընտրանքն ինքնակամ կեղեքվելն է:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ