ՀԱՐԱԶԱՏ ԹՈՌՆԵՐԻՆ ԵՆ ՎՌՆԴՈՒՄ


Արդյո՞ք հնարավոր է փողոց նետել հարազատ թոռներին: Պարզվում է` այո. այն էլ` այնքա˜ն հեշտությամբ: Մանկավարժ Արմենուհի Հովհաննիսյանը 1994-ին փաստացի ամուսնացել է Գագիկ Գևորգյանի հետ և բնակվել սկզբում Երևան քաղաքի Չարենց փողոցի 66 շենքի 11 բնակարանում: Ավագ որդու` Ռուբենի ծնվելուց հետո, 1995-ին ամուսնու ծնողների` Սարգիս Գևորգյանի ու Նեյլա Խաչատրյանի հետ տեղափոխվել և բնակվել են Չարենցի 2-րդ նրբանցք, 17 հասցեում գտնվող ինքնակամ շինությունում (նույն բակում գտնվող Գագիկի հոր և ազգականների սեփական տան) հարևանությամբ: Դեռ չէր ծնվել երկրորդ որդին` Ավետիքը, 1996-ին Գագիկը լքել է ընտանիքը` հեռանալով ՌԴ: 1997-ից ամուսնու ծնողները տեղափոխվել են նորից նախկին բնակարան: Արմենուհին իր երկու զավակների` Ռուբեն և Ավետիք Գևորգյանների հետ 12 տարի շարունակ ապրելով հիշյալ հասցեում (ընդամենը` 40 քմ)` բարեկարգել է, վերանորոգել ջրագծի, կոյուղու խողովակաշա րերը, գազաֆիկացրել և կատարել կոմունալ վարձավճարներ: Ինքնակամ շինությունների անհատույց սեփականաշնորհման գործընթացի մասին օրենքի ընդունումից հետո ամուսնու ծնողները, տարբեր կեղծիքների դիմելով, փորձել են Արմենուհուց ու թոռներից խլել մեկսենյականոց տունը: Սկեսայրը` Սարգիս Գևորգյանը, Արմենուհուց խաբեությամբ ձեռք է բերել կոմունալ վճարումների անդորրագրերը, որոնք եղել են իր անունով, իսկ վճարումները կատարել է Արմենուհին: 2008 թ. ապրիլին հիշյալ հասցեից նրանց վտարելու պահանջով դիմել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է հայցը` Արմենուհուն և անչափահաս երեխաներին վտարել վերոնշյալ տնից` մերժելով հակընդդեմ հայցը: Պետք է նշել, որ դատարանը հիմք է համարել դեռևս 1995 թ. Մյասնիկյանի (նախկին) դատարանի վճիռը. տվյալ հասցեում գտնվող օրինական մակերեսները սեփականության իրավունքով բաժանվել են Արմենուհու ամուսնու ծնողներին և հորեղբոր ընտանիքի անդամներին, իսկ ինքնակամները թողնվել են Սարգիս Գևորգյանի ու նրա ընտանիքի տնօրինմանը, որտեղ էլ Արմենուհին ապրել է` 95-ից, իսկ տվյալ հասցեում փաստացի հաշվառվել է 2008-ին: Ինքնակամ կառույցները սեփականացնելու իրավունք ստանում են, եթե ներկայացնում են անհրաժեշտ փաստաթղթեր և ապացույցներ` տվյալ տարածքը 10 տարի անընդմեջ և բարեխղճորեն տիրապետելու դեպքում: Անակնկալի եկած Արմենուհին, անչափահաս երեխաների հետ փողոցում չհայտնվելու համար, փորձել է պաշտպանել իրենց շահերը: Դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան, նա պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը տվյալ ինքնակամ կառույցի նկատմամբ: Սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է Արմենուհու բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: - Ի դեպ, դրանից հետո նաև մեզ մեր տանից վտարելու կատարողական վարույթ հարուցվեց` Վերաքննիչ դատարանի կողմից: Թեպետ շարունակեցի բողոքարկումը, բայց դեռևս բողոքարկվող վճռով մեզ բռնի ուժով վտարեցին մեր տնից: 2009-ի ապրիլի 7-ից հայտնվելով փողոցում` երեխաներիս հետ ապաստանում էինք բարեկամների, հարևանների տներում: Ծանր է հիշել այդ օրերի ապրումները, որոնք համարյա թե մինչև այսօր ձգվում են` շարունակաբար կրելով նախկին ամուսնուս ծնողների անվայել, անմարդկա յին հարվածները: Փորձում էի ուժ գտնել` նրանց ոտնձգությունները կանխելու, հարվածներին դիմանալու և երեխաներին գոտեպնդելու համար: Վերջինն ավելի դժվար էր, որովհետև ինքս էլ չգիտեի` դեռ որքա՞ն էր ձգվելու այս պատմությունը և արդյո՞ք գտնելու էի արդար լուծում: Այդ օրերին մեր կողքին կանգնեցին բարի մարդիկ: Շնորհիվ նրանց` վերականգվեց մեր հավատը վաղվա օրվա հանդեպ: Ի վերջո 2009 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ինքնակամ կառույցի վերաբերյալ Արմենուհի Հովհաննիսյանի բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2009 թ. որոշման դեմ` հանգամանորեն պարզաբանելով ու հիմնավորելով խնդիրները: Նախ` նշվել է, որ վեճի առարկա դարձած ինքնակամ կառույցը չունի սեփականատեր, ապա` Երևանի Կենտրոն թաղային համայնքի տեղեկանքի համաձայն` 1995 թ-ից Արմենուհի Հովհաննիսյանն իր երկու անչափահաս որդիների հետ բնակվել է հիշյալ հասցեում գտնվող ինքնակամ կառույցում և վարել առանձին տնտեսություն, իսկ 1997-ից Սարգիս Գևորգյանը (Արմենուհու սկեսայրը) չի բնակվել նշված հասցեում: Վճռաբեկը հակընդդեմ հայցը մերժել է: Երկար ու ձիգ դատական գործընթացներից հետո խնդիրը բավարար լուծում է ստացել: Այնուհետև, Արմենուհին դիմել է դատարան` վճռի կատարման շրջադարձի պահանջով, որպեսզի իրենց վերաբնակեցնեն վերոնշյալ հասցեում գտնվող իրենց կողմից նախկինում զբաղեցրած առանձնացված բնակելի տարածքում: Ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.10.2009 թ. բավարարվել է նրա պահանջը: Անշուշտ մյուս կողմը չէր կարող հանգիստ ընդունել փաստը: Ինչպե՞ս կարող են հարսն ու թոռները վերաբնակվել, երբ իրենք ջանք չէին խնայել` նրանց դուրս շպրտելու համար: Կարճ ժամանակ անց չի ուշացել վճռի կատարման շրջադարձի պահանջի մասին Սարգիս Գևորգյանի վերաքննիչ բողոքը, որը մերժվել է: Նույն բախտին է արժանացել նրա` Վճռաբեկ դատարան բերած բողոքը: Դատական գործընթացը դեռ շարունակվելու էր, ինչն էլ ձգձգելու էր տուժող կողմի վերաբնակեցումը: 2010-ին հայցվոր Սարգիս Գևորգյանի ներկայացուցիչ Հ. Ճարոյանը դիմել է դատարան` վիճելի հասցեում Արմենուհի Հովհաննիսյանի ու զավակների` Ռուբեն, Ավետիք Գևորգյանների բնակելի տարածքում օգտագործման իրավունքը դադարեցնելու պահանջով: Թեպետ օրինական ուժ ստացած նախորդ վճիռներում նրանց առաջ քաշած հարցերին տրվել էին հստակ ու սպառիչ պատասխաններ, այնուամենայնիվ նրանք կրկին հայցապահանջ են ներկայացրել, որտեղ հայցի առարկան ու հիմքը նույնն էին: Դատարանը վերոնշյալ հասցեի բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու պահանջի մասին հայցը մերժել է: Հայցվոր կողմի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին մերժվել է` ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Իսկ 2011թ. նրանց վճռաբեկ բողոքը ետ է վերադարձվել: Նույն թվականի մարտի 23-ին ԴԱՀԿ-ի կողմից ի վերջո դառը ապրումներից հետո Արմենուհին ու Ռուբեն, Ավետիք զավակները վերաբնակեցվել են իրենց փոքրիկ տանը: Թվում էր` այդքանով պիտի ավարտվեր Արմենուհու ընտանիքի ոդիսականը: Սակայն… - Այդ հատվածը սեփականաշնորհելու խնդրանքով դիմել եմ քաղաքապետարան, սակայն պատասխանել են, որ կարող ենք սեփականացնել հիշյալ հասցեում գտնվող բոլոր օգտագործողների հետ միասին միայն: Բոլորովին վերջերս պատահաբար իմացա, որ նրանք դիմել են Քաղաքապետարան, ապա Վարչական դատարան` ճանաչելու իբրև թե իր «տիրապետման» տակ գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իր իրավունքը: Դիմել էին` չհիշատակելով դատական ատյանների` հօգուտ ինձ եղած նախորդ վճիռները: Դրան զուգահեռ նորից դիմել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` կրկին վիճելի հասցեում վերաբնակվելու հայցադիմումով: Նրանց երկու հայցապահանջները հակասում են միմյանց: Ցավոք, նույն քաշքշուքն է կրկնվում: Որևէ իրավապաշտպան կազմակեր պություն արդյոք չի՞ կարող պաշտպանել անչափահաս երեխաներիս ու իմ իրավունքը և վերջ դնել այս խեղկատակությանը…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ