Ինչպես էր զվարճանում Եվան, երբ Ադոլֆը բացակայում էր


Պատմության արահետներում հետք թողած անհատների կենսագրական մանրամասները, որպես կանոն, ի հայտ են բերվում տասնամյակներ հետո: Դժվար է ասել` նրանց կյանքից ու գործից սերունդներն օգտակար դասեր քաղո՞ւմ են, թե՞ ոչ, բայց անձնական կյանքերի դրվագները հիմնականում հետաքրքրում են ոչ միայն նրանց ժամանակակից ներին: Օրինակ, ոչ բոլորը գիտեին, որ Եվա Բրաունը Հիտլերի սիրուհին է եղել, և նրանք ամուսնացել են իրենց եղերական ինքնասպանությունից ընդամենը… 36 ժամ առաջ: Բրիտանական The Times¬ի հրապարակումներից մեկը վերջերս պատմել է, թե ինչպես էր իր ժամանցը կազմակերպում Եվան, երբ Հիտլերն իր կողքին չէր լինում: Ադոլֆին դա հաստատ դուր չէր գա: Դիմակահանդես կազմակերպելով, նրա սիրուհի Եվա Բրաունը հանցանք էր գործում, ինչի համար ցանկացած հասարակ գերմանացու անդարձ ճաղավանդակը կնետեին: Նա հագնվում էր ամերիկացի երգիչ, ծնունդով լիտվացի հրեա Էլ Ջոլսոնի նման. դեմքը պատում էր սև շպարով ու նույնիսկ լուսանկարվում էր այդ տեսքով: Իրականում անհայտ այդ լուսանկարներում (որոնք պահվում են ԱՄՆ¬ի Ազգային արխիվում) Բրաունը մեր առջև հայտնվում է թեթևսոլիկ տրամադրությամբ: Լուսանկարներից մեկում նա կեցվածք է ընդունել բացված հովանոցով և լողազգեստով մարմնամարզություն է անում բավարական Քենիգզե լճի ափին: Ուրիշներում` ներքաշում է ծխախոտի ծուխը: Դատելով ամեն ինչից` այդ լուսանկարներից ոչ մեկը Հիտլերը չի տեսել: Ֆյուրերին հատկապես կգազազացներ Եվան` Ջոլսոնի դերում: Այդ լուսանկարն արված է 1937 թ., երբ, փաստորեն մեկուսացած` նա ապրում էր Հիտլերի լեռնային նստավայրում: Եվան ձանձրանում էր, և քրոջ հետ նրանք զվարճանում էին` դիմակահանդեսներ կազմակերպե լով: Սակայն հենց նույն տարում նոր թափ էր հավաքում նացիստական հակահրեական արշավանքը, իսկ գերմանական քաղաքներում հյուրախաղերով հանդես էր գալիս ռասիստական «Աֆրիկա շոու»¬ն, որտեղ սևամորթներին ներկայացնում էին որպես մարդ չդարձած արարածներ: Ջոլսոնը (ծննդյան անունը` Ասա Կոելոն) ծնվել էր Լիտվայում, հրեական ընտանիքում: Ամերիկայում և Եվրոպայում մեծ ճանաչում էր վայելում նրա այդ համարը. սև շպարով պատելով դեմքը, Ջոլսոնն էստրադային երգեր էր կատարում` նեգրական ոճով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմաճակատ էր մեկնում` ամերիկյան զինվորների համար համերգներ տալու: Բայց մինչև հակամարտությունների սկիզբը նացիստական առաջնորդները, մասնավորապես Յոզեֆ Գեբելսը, միանշանակ որոշում էին կայացրել. գերմանական փոփ¬արվեստում Ջոլսոնը տեղ չունի: Հնարավոր է` Բրաունը պարզապես տեղյակ չէր այդ մասին: Բայց հնարավոր է` նա գտնում էր, որ նացիստական արգելանքն իր համար հրաման չէ: Որոշ լուսանկարներ ժամանակի ընթացքում ճանաչում են գտել: Սակայն Ջոլսոնի նմանակումը նույնիսկ շատ պատմաբանների համար այնքան անսպասելի էր, որ մղեց հետաքրքրվել, թե ուրիշ ինչով է զբաղվել Եվան, երբ Հիտլերը շրջագայել է` իր պատերազմները ծրագրելով: *** Մի քանի փաստեր` Եվա Բրաունի մասին. - Ծնվել է 1912 թ.: 1929 թ., երբ աշխատում էր ֆյուրերի անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանի ֆոտոարվեստանոցում, ծանոթացել է Հիտլերի հետ (հոդվածում նշված լուսանկարների հեղինակն էլ Հոֆմանն է եղել): - Հիտլերի հեռավոր ազգականուհի և սիրուհի Հելի Ռաուբալի ինքնասպանությունից հետո, Բրաունը դարձել է նրա սիրուհին: Հիտլերը նրա համար ոչ մեծ մի տուն է գնել Մյունխենում, իսկ 1936 թ. նրան տեղափոխել է Բերգհովի շքեղ առանձնատուն` Բավարական Ալպերի իր նստավայր: - Թեև Բրաունը սիրում էր Հիտլերին, սակայն վերջինս հազվադեպ էր նրա հետ հասարակության աչքին երևում կամ նրան բարձրաստիճան հյուրերին ներկայացնում: Եվան իր ժամանակն անցկացնում էր լողալով, խանութներ այցելելով և իր արտաքինի մասին հոգ տանելով: - Երբ արևմտյան դաշնակիցները մոտենում էին Բավարիային, Բրաունը տեղափոխվել է Հիտլերի բեռլինյան թաքստոց: 1945 թ. ապրիլի 29¬ի գիշերը նրանք ամուսնացել են: Հանպատրաստի ամուսնական արարողության ժամանակ որպես վկաներ են հանդես եկել Յոզեֆ Գեբելսը և Մարտին Բորմանը: - Դրանից 36 ժամ հետո, երբ խորհրդային զորքերն արդեն ընդամենը մի քանի հարյուր մետր էին հեռու Ռեյխի գրասենյակից, նորապսակներն ինքնասպան են եղել. Եվան թույն է ընդունել, իսկ Ադոլֆը հրազենով վերջ է տվել իր կյանքին: Գերմանացի զինվորները նրանց մարմիններն այրել են թաքստոցի կողքի այգում: ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Այնուամենայնիվ` նրանց դիակները ոչ մեկը չի տեսել: Հենց այս փաստն էլ հավատընծա է դարձնում շրջանառվող այն կարծիքները, թե նրանք աննկատ հեռացել են Գերմանիայից և ուրիշ անուններով ծպտվել արտասահմանում :