Տարիքի հետ փորձ էլ ուներ


Անչափահաս հանցագործը սխալ հաշվարկ էր կատարել: Պայուսակը հափշտակելու նպատակով հարձակվելով 63-ամյա բրիտանուհու վրա, ջահելը չէր պատկերացրել, որ կարող էր ծեծ ուտել տարեց կնոջից: Չարագործը զգուշորեն մոտենալով Էլիզաբեթ Բոնսոնին և երկու հարված հասցնելով նրա դեմքին, փորձել էր խլել պայուսակը: Կինը սակայն, ոչ միայն աչալուրջ, այլև ուժեղ է դուրս եկել: Նախկինում գիշերային բարում աշխատելով որպես կարգազանցներին վռնդող դռնապան, նա լավագույնս տիրապետել է խուլիգաններին կարգի հրավիրելու «մարտավարությանը»: Բրիտանուհին ոչ միայն պաշտպանել է իր ունեցվածքը, այլ նաև մի քանի հարված է հասցրել գողին և հետապնդել է նրան` երբ սա սկսել է փախչել: - Ես, իհարկե, անպաշտպան, թույլ կին եմ, բայց ոչ մեկին թույլ չեմ տա` ձեռք գցել իմ պայուսակը, ասել է Էլիզաբեթը: Իր մարզվածության շնորհիվ տատիկը հերոսաբար փրկել էր մոտը եղած 80 դոլարի չեկը և ընտանեկան լուսանկարները: Համաքաղաքացիները հպարտանում են նրանով: Իսկ ոստիկանությունը շարունակում է որոնել հանցագործին: