ԱՐՑԱԽԻ անկախության «գինը»


Մոսկովյան «Պրեզիդենտ» հոթելում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման պաշտոնական տեղեկատվությունը չափազանց զուսպ էր. «Երկու նախագահները հանձնարարել են իրենց արտգործնախարարներին` ձեռնամուխ լինելու հաջորդ, արդեն աշնանային հանդիպման նախապատրաստությանը»: Այլ արդյունքների բացակայության դեպքում սա նույնպես արդյունք է: Քանզի վկայում է, որ կողմերից որևէ մեկը ցանկություն չունի բանակցային գործընթացից դուրս գալու: Երկու նախագահներն էլ գիտակցում են, որ «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցությունները շարունակելն այլընտրանք չունի: Այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը: Իսկ դա դարձյալ աներևակայելի տառապանքներ ու նորանոր կորուստներ կպատճառի կողմերից յուրաքանչյուրին, ընդսմին` առանց որևէ մեկին վճռական հաղթանակ պարգևելու նվազագույն երաշխիքի: Ով-ով, մենք պատերազմ սանձազերծող չենք, որովհետև արցախյան գոյամարտի արդյունքներից դժգոհելու շատ հիմքեր չունենք: Պատերազմը կարող է վերսկսել միայն Ադրբեջանը, քանի որ չի հաշտվում Ղարաբաղի ինքնորոշման փաստի հետ: Հետևաբար, նոր ագրեսիայի դեպքում այս աշխարհի հզորների պատժիչ գործողություններին ենթարկվելը, որը միջազգային եզրաբանությամբ անվանվում է «հարկադրել խաղաղության», մե°զ չէ, Ադրբեջանի°ն է սպառնում: Ուստի Ադրբեջանն այլ ելք չունի, պետք է շարունակի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու փնտրտուքը: Իսկ փնտրելու շատ բան չկա էլ: ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների մշակած «Հիմնարար սկզբունքները», որոնք մասնակիորեն քողազերծվեցին Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների` Ակվիլայում հուլիսի 10-ին արած համատեղ հայտարարության մեջ, հստակորեն մատնանշում են բանակցային գործընթացի հետագա ուղղությունները: Իսկ դրանք` առայժմ, կարծես` ավելի շատ ադրբեջանաշահ են: Դրանցից հիմնականներն են Լեռնային Ղարաբաղի մերձակա ադրբեջանական շրջանների աստիճանական վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը, իրենց նախկին բնակավայրեր փախստականների վերադարձի ապահովումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի համար «պարտադիր կատարման ենթակա» արդյունքներով նոր հանրաքվեի անցկացումը և այլն, և այլն: Մեզանում ոմանք այս սկզբունքները ընդունեցին իբրև թե արդեն անվերապահ և համարյա անհապաղ կատարման ենթակա համաձայնագրի կետեր: Հասկանալով հանդերձ այս անհանգստությունը, նկատենք նաև, որ սկզբունքների համաձայնեցումից մինչև վերջնական խաղաղության համաձայնագիր` դեռ շատ ու շատ երկար ճանապարհ կա: Օրինակ, փախստականների վերադարձի կետը ընդամենը սկզբունք է, որը սահմանում է, թե «պատերազմական գործողությունների հետևանքով բռնի կամ հարկադրաբար տեղահանված, փախստական դարձած ու հայրենազրկված խաղաղ քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը»: Ի՞նչ կերպ պետք է վերադառնան, ի՞նչ համամասնություններով, ե՞րբ, ու՞մ թույլտվությամբ, ու՞մ կողմից տրված անվտանգության երաշխիքներով` դա արդեն պետք է ամրագրվի հաշտության համաձայնագրով: Սկզբունքը սահմանում է միջազգային իրավունքը, իսկ կիրառում են հակամարտ կողմերն իրենք: Ընդսմին, կիրառում են երկու կողմերի փախստականների կամ տեղահանվածների համար էլ: Մեզանում տուրևառումների առիթ է տվել նաև «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու» սկզբունքը: Թե ե՞րբ և ո՞ր տարածքները պետք է վերադարձվեն, ի՞նչ կարգով, ինչպե՞ս և ու՞մ կողմից պետք է ապահովվի վերադարձված տարածքները չվերառազմականացնելու վերահսկողությունը, որպեսզի Ադրբեջանն այդ տարածքները կրկին չվերածի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա նոր հարձակում սկսելու հենակետերի` դարձյալ հաշտության համաձայնագրում ամրագրելու խնդիր է: Մեզանում մտավախություն կա նաև, թե տարածքների վերադարձից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված ռազմական հավասարակշռությունը կխախտվի հօգուտ Ադրբեջանի, և նա այլևս շահագրգռություն չի ունենա մեզ հետ խաղաղություն պահպանել, հաշտության ապագա համաձայնագրի իր համար անցանկալի կետերը կատարել: Խոսքն առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին է: Օբամայի, Սարկոզիի ու Մեդվեդևի գաղտնազերծած սկզբունքները որոշ առումով կարելի է նաև «վերծանել», թե այս աշխարհի հզորները Լեռնային Ղարաբաղը դիտարկում են ոչ թե որպես Ադրբեջանի անքակտելի մաս, Ադրբեջանի «սեփականություն», այլ որպես մի տարածք, որի վրա ապրող բնիկ ժողովուրդը կարող է միջազգային իրավունքի շրջանակներում անցկացվելիք հանրաքվեի արդյունքներով իր հող ու ջրով դուրս գալ Ադրբեջանի կազմից: Ամենևին պատահական չէ, որ Բաքվում վայնասուն է բարձրացել, թե «Մադրիդյան սկզբունքների» այդ կետը այլ բան չէ, եթե ոչ «իրավաբանորեն Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղը աստիճանաբար դուրս բերելու ծրագիր»: Բա ի՞նչ էին ուզում: Համ պատերազմն իրենք սկսեն, համ ջախջախվեն ու նույնիսկ ռազմատուգանք չվճարեն, և դրանից հետո անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողությու՞նը չկորցնեն: Եռանախագահները հասկացել են, մնում է Բաքուն էլ հասկանա, որ մենք կարող ենք համաձայնել Լեռնային Ղարաբաղի մերձակա ադրբեջանական շրջանների վերադարձին միայն և միմիայն այն պարագայում, եթե իրենք համաձայնեն հրաժարվել բուն Լեռնային Ղարաբաղին վերատիրանալու զառանցանքից: Եթե բուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խնդիրը լուծվի, արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը հարգվի «աշխարհի հարցերը լուծող» գերտերությունների կողմից, ուրեմն լուծվում է ղարաբաղյան հակամարտություն կոչված թնջուկը, ինչն արդեն հիմնավոր երաշխիք է` խաղաղությունը պահպանելու:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ